ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՅԱԶԳԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ՀԲԸՄ Փափազյան գրադարանում բացվեց Ռիչարդ Հովհաննիսյանի անունը կրող տաղավար և ցուցանակ: Ռիչարդ Հովհաննիսյանը, 1338 գրքերից բաղկացած իր անձնական հավաքածուն, նվիրել է ՀԱՀ ՀԲԸՄ Փափազյան գրադարանին: Հավաքածուն ներառում է Հայաստանի, Ռուսաստանի և Խորհրդային Միության, Մերձավոր և Միջին Արևելքի, Հնագույն և Միջնադարյան, Բյուզանդական և Ժամանակակից Եվրոպական պատմության և մշակույթի մասին պատմող բազմաթիվ գրքեր: ՀԱՀ Նախագահ Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը ողջունեց Ռիչարդ Հովհաննիսյանին, որն անձամբ կտրեց կարմիր ժապավենը: Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի և Մերձավոր արևելքի պատմության պրոֆեսոր է, Հայկական կրթական հիմնադրամի ժամանակակից Հայաստանի պատմության ամբիոնի առաջին վարիչը Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), ինչպես նաև դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: Չորս օր անց, հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը հյուրընկալեց կրթության ոլորտի երկու հայազգի երախտավորների` ՀԱՀ հիմնադիր և պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանին և Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանին: Կրթության ոլորտի այս երկու հսկաների հետ հանդիպումն անցավ լեփ լեցուն դահլիճում: Շատերը դահլիճում կանգնած լսեցին նրանց կյանքի ու անցած ուղու պատմությունը, վերջիններս էլ կիսվեցին իրենց հաջողությունների, ձախողումների և օտար ափերում հայ մարդու հաջողության գրավականների մասին իրենց փորձառությամբ: Նույն օրը, ՀԱՀ ՀԲԸՄ Փափազյան գրադարանում բացվեց Վարդան Գրիգորյանի անունը կրող ցուցանակը և մի ամբողջ բաժին, որտեղ ցուցադրված կլինի ՀԱՀ-ին նվիրած նրա գրքերի ողջ հավաքածուն: Վարդան Գրիգորյանն իր անձնական գրադարանից գրքեր է նվիրաբերել Փափազյան գրադարանին 2010թ. ի վեր: Դրանց մեծ մասը եղել է անգլիալեզու գրականություն և դրանց թիվն այսօր արդեն անցնում է 600-ի սահմանը: Վարդան Գրիգորյանը ծնվել է Իրանում: 1997թ. ի վեր զբաղեցնում է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի 12-րդ նախագահի պաշտոնը: Մինչ այդ 9 տարի ղեկավարել է Բրաուն Համալսարանը: 1981-89թթ. եղել է Նյու Յորքի Հանրային Գրադարանի տնօրենը: Նա հեղինակն է երեք գրքերի. «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքն ու ժամանակները», «Իսլամ. Խճանկար այլ ոչ թե մոնոլիտ», և «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը, 1880-1946թթ.»: Վարդան Գրիգորյանն անձամբ կտրեց կարմիր ժապավենը` իր անձնական հավաքածուն հասանելի դարձնելով Հայաստանի ամերիկյան համալսարանին և հանրությանը: ՀԱՀ նախագահ Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը ողջունեց պատվավոր հյուրին` ասելով. «Մենք հավատացած ենք, որ մեր ուսանողներն իսկապես օգուտ կքաղեն այս գրքերից»: Վարդան Գրիգորյանը, որն իր ամբողջ կյանքում քաջալերել և աջակցել է գրադարանների կառուցմանն ու զարգացմանը, այս առիթով ասաց. «Սա նման է քո սեփական երեխային ուրիշին հանձնելուն: Չափազանց դժվար է բաժանվել քո գրքերից: Ես դրանց մեծամասնությունն ուղարկում եմ Հայաստան և շատ ուրախ եմ դրա համար: Այն գիրքը, որ չի կարդացվում` մեռած գիրք է»:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՅԱԶԳԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: