ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) անվանական կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) լավագույն ուսանողներին: ՀԲԸ Միությունը, Կալիֆորնիայի համալսարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ միասին, հանդիսանում է ՀԱՀ հիմնադիրներից և աջակցել է համալսարանին 1991թ.-ից ի վեր: Իր շարունակական ֆինանսական աջակցությանը զուգահեռ 2014-2015 ուսումնական տարում ՀԲԸՄ-ն կմեկնարկի նաև նոր անվանական կրթաթոշակների տրամադրման ծրագիր: ՀԱՀ բակալավրի 10 և մագիստրատուրայի 20 ուսանողներ կստանան կրթաթոշակ ուսման տարեկան վարձի 25-90%-ի չափով: Ուսանողների ընտրությունը կատարվում է ըստ ֆինանսական օժանդակության կարիքի և ուսումնական առաջադիմության: Այս տարի, ՀԲԸՄ-ն կտրամադրի 50,000 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակ: Կրթաթոշակի արժանացածները պետք է ունենան դասերի կանոնավոր հաճախում, ուսումնական առաջադիմություն և պահպանեն նվազագույնը 3.0 միջին գնահատական (GPA): Անվանական կրթաթոշակի արժանացածների անունները կհայտարարվեն 2015թ. ՀԱՀ ավարտական հանդիսության ժամանակ: Այսօր, ընդհանուր առմամբ, ՀԱՀ ուսանողների 50%-ն արժանանում է որևէ տեսակի ֆինանսական աջակցության: 2013թ. ապրիլին, ՀԲԸ Միությունը և ՀԱՀ-ը սկսեցին իրականացնել համատեղ կրթական ծրագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` առաջարկելով ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի դասընթացները Արցախի երիտասարդությանն ու այդպիսով օգնելով աշխուժացնել և զարգացնել ԼՂՀ աշխատանքային շուկան: Առ այսօր 1062 երիտասարդ արդեն իսկ օգտվել է այս ծրագրից: Այս տարվա սկզբին ՀԲԸՄ և ՀԱՀ ներկայացուցիչները հանդիպեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ստորագրելու փոխըմբռնման հուշագիր, ինչի արդյունքում ՀԱՀ-ը սկսեց անգլերեն լեզվի և առաջնորդության դասընթացներ առաջարկել Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին: ՀԲԸՄ-ն մշտապես եղել է ՀԱՀ-ի կողքին ֆինանսապես աջակցելով համալսարանին տարբեր ակադեմիական նախաձեռնություններում: Այժմ, կրթաթոշակների տրամադրման այս նոր ծրագրի արդյունքները ուղղակիորեն իրենց մաշկի վրա կզգան հենց ՀԱՀ ուսանողները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: