ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Դեկտեմբերի 13-19-ը, Հայաստանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում ՀԲԸՄ նախագահը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեյին, այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ՀԲԸՄ Երևանի նոր կենտրոնատեղիի շինհրապարակ, ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, դեկտեմբերի 14-ին ՀԲԸՄ նախագահը հյուրընկալվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Սփյուռքում ու Հայրենիքում Միության կողմից իրականացվող ազգանպաստ գործունեությանը և նախանշվող նոր ծրագրերին: Քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերը: Այս առիթով Հայ Եկեղեցուն և հատկապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնին Միության կողմից շարունակ ցուցաբերվող աջակցության համար Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ՀԲԸՄ անդամներին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց նաև Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Սեդրակյաններին` նրանց եկեղեցասեր ոգու և ազգանվեր գործունեության համար: Հանդիպմանը խոսվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Հանդիպումից հետո Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը, որի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց նաև տեր և տիկին Սեդրակյանների հոգելույս ծնողների` Հմայակ Սեդրակյանի և Նուբար Նազարյանի հոգիների խաղաղության համար: Դեկտեմբերի 17-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ուղեկցությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանի, հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախարարը կարևորեց սփյուռքում հայապահպանության ուղղությամբ ՀԲԸ Միության իրականացրած քայլերը: Կողմերն անդրադարձան ՀԲԸՄ-ի ծրագրերին, երիտասարդության շրջանում իրականացվելիք աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներին: Քննարկվեցին 2015թ. ընդառաջ սփյուռքում նախատեսվող միջոցառումների իրականացմանն ուղղված քայլերը և առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: