ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ» 15-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Դեկտեմբերի 2-9-ը Մոսկվայում կայացավ պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» միջազգային 15-րդ հեռուստատեսային մրցույթը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից մրցույթին մասնակցեցին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու` պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) և շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու` դոցենտ Գ. Սարգսյան): Մրցույթի եզրափակիչը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում: Հայտարարվեցին 3 հիմնական անվանակարգերի հաղթողների անունները: Փողային գործիքներ անվանակարգու «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի արժանացավ 14-ամյա Դանիել Մելքոնյանը: 12-ամյա Պոլինա Շարաֆյանն արժանացավ դիպլոմի: Այս տարի փողային գործիքներ անվանակարգում մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 49 մասնակից: 19 շեփորահարներից ընտրվել էին միայն 2-ը` Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Ողջ մրցույթի ընթացքում Դանիելն առջևում էր իր միավորներով, սակայն եզրափակիչում զիջեց ֆլեյտահար Վերոնիկա Վինոգրադովային և սաքսոֆոնահար Գեորգի Ժիշկարիանիին: Դանիելը ծնվել և մեծացել է երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ զբաղվում է 7 տարեկանից: Այս մրցույթի շրջանակներում Դանիելը փողային գործիք նվագող առաջին մասնակիցն է Հայաստանից: Մրցույթին Դանիելի մասնակցությանն իր աջակցությունը բերեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որը 2 տարի առաջ աջակցել էր նաև մեր մեկ այլ մասնակցի` ջութակահարուհի Դիանա Ադամյանին: Վերջինս «Շչելկունչիկ»-ից վերադարձել էր 2-րդ մրցանակով: «Ինձ համար շատ կարևոր էր այս մասնակցությունը: Բացարձակ չէի հուզվում ու հաճույք էի ստանում ամեն փուլից: Նախկինում էլ շատ էի լսել այս մրցույթի մասին», - ասում է Դանիելը: Դանիելի հետ մրցույթին մասնակցեց նաև 12-ամյա Պոլինա Շարաքյանը, որը նույնպես երաժիշտների ընտանիքից է ու դարձյալ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան: Պոլինան կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի դուստրն է: Նվագում է 6 տարեկանից և արդեն հասցրել է ելույթներ ունենալ Նյու Յորքում, Թիֆլիսում, Երևանում: Գյումրիի «Վերածնունդ» փառատոնի ոսկե մեդալակիր է: «Շչելկունչիկ» մրցույթն ստեղծվել է «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից 2000թ. և նախատեսված է մինչև 14 տարեկան պատանիների համար: