ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌԻ և ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՀԻՄՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցվող մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը: Մոմավառության սրահը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների հովանավորությամբ: Արարողությանը ներկա էին նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Մայր Աթոռում գումարված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի առիթով ժամանած եպիսկոպոսաց դասը, Մայր Աթոռի բարերարներ և այլ հրավիրյալներ: Մոմավառության մատուռի ճարտարապետներն են Ասլան Մխիթարյանը, Արտավազդ Նազարեթյանը և Հայկ Մկրտչյանը: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» կազմակերպությունը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարված հիմնօրհնեքի արարողության ավարտին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց կառույցի հիմքում անփոփվելիք հիշատակարանը, որում ասված է. «Բարեհաճ կամոքն Բարձրյալն Աստուծո, Եպիսկոպոսաց երկրորդ ժողովի գումարման օրերին՝ նոյեմբերի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, ներկայությամբ եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության, բարերարների և հավատացելոց, կատարվեց հիմնօրհնեքի արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության մատուռի և Կաթողիկոսական դամբարանի: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ, բարեպաշտ և ազգասեր Գառնիկ և Անի Յակուբյանների սրտաբուխ նվիրաբերությամբ կառուցվող մատուռում հավատավոր հայորդիք մոմավառությամբ իրենց աղոթքը պիտի վերառաքեն առ Աստված՝ հայցելով Ամենակալ Տիրոջ օրհնությունն ու հովանին իրենց կյանքին, մեր Սուրբ Եկեղեցուն և համայն ազգիս հայոց: Այս աղոթավայրը նաև հանգրվան պիտի լինի Հայրապետաց աճյունների, և այստեղ մշտահունչ պիտի լինի աղոթքը ազգիս երախտարժան Հովվապետաց հոգվոց հանգստության համար: Թող Փրկիչ մեր Տերը շեն ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, հանապազ օրհնի մեր Հայրենիքն ու ժողովրդին, ազգիս բարերար զավակներին և միշտ պահպանի Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո»: Այնուհետև այս առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այս պահին մեր հոգին ցնծում է ուրախությամբ: Աստծո օրհնությամբ և աղոթակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի, եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության, բարերարների և հավատավոր ժողովրդի կատարվեց մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքը, ուր հավատավոր մեր զավակունք պիտի գան իրենց մոմերը վառելու և իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու ազգիս, Հայրենիքի համար: Իրենց աղոթքը պիտի բարձրանա նաև մեր 131 Հայրապետների համար, որոնց իմաստուն առաջնորդությամբ մեր ժողովուրդը դիմագրավել է բոլոր դժվարությունները և ապրում է ազատ երկնքի ներքո` կրկին պայքարելով իր ազգային գոյության պահպանության համար», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Իր խոսքում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց բարեպաշտ Յակուբյան ամուսիններին, ովքեր իրենց արդար քրտինքով վաստակածից մշտապես մաս են հանում ազգին և Եկեղեցուն: Ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների օժանդակությամբ իրականություն դարձավ Սևանի Վազգենյան դպրանոցը, իսկ տարիներ առաջ կառուցվեց դպրանոցի նոր շենքը: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաև Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին, ճարտարապետներին և շինարարներին իրենց նվիրյալ ջանքերի համար` Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները: Այս առիթով իր սրտի խոսքն ասաց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` ջերմորեն ողջունելով այս և բոլոր այն ծրագրերը, որ վերջին տարիներին կյանքի են կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Արամ Ա Վեհափառն ընդգծեց, որ ազգին, Եկեղեցուն, Հայրենիքին վերաբերող ամեն ծրագիր կենսական նշանակություն ունի, քանի որ նպաստում է Եկեղեցու առավել պայծառացմանը, ազգի հզորացմանը և միասնության ամրապնդմանը: Վերջում շարականի երգեցողության ներքո հիշատակարանն ամփոփվեց մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմքերում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq