ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերին ՀԲԸ Միությունը հայտարարեց “Teach for Armenia” («Կրթություն Հայաստան») կազմակերպության հետ գործընկերություն սկսելու իր որոշման մասին: «Կրթություն Հայաստան»-ի հիմքում ընկած է բարձրորակ կրթությունը բոլոր երեխաներին հասանելի դարձնելու գաղափարը: Այս համագործակցության արդյունքում, ՀԲԸՄ-ն հյուրընկալեց «Կրթություն Հայաստան» կազմակերպության հիմնադիր և նախագահ Լարիսա Ռայանի դասախոսությունների շարքը սեպտեմբերի 30-ին Փասադենայում, հոկտեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյում և հոկտեմբերի 8-ին Բոստոնում: Այդ միջոցառումների նպատակն էր իրազեկել հանրությանը Հայաստանում կրթության որակի և այդ ոլորտում «Կրթություն Հայաստան» կազմակերպության դերի և անելիքների մասին: Սոցիալական խնդիրները նորովի լուծնելու համոզմամբ` «Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է հարուստ ձեռքբերումներով երիտասարդ մասնագետների, ովքեր, երկու տարի դպրոցներում դասավանդելով, կարող են զարգացնել երեխաների կրթական հնարավորությունները: Հայրենի դպրոցներում խելացի և դինամիկ ուսուցիչներ ու առաջնորդներ ներգրավելով` կազմակերպությունը միտում ունի փոխել կրթության որակը Հայաստանում` այն հասցնելով նոր բարձունքների: «Մենք այս ծրագիրն իրականացնում ենք “Teach for America”-ի մոդելով, սակայն սա այդ ծրագրի շարունակությունը չէ: «Կրթություն Հայաստան»-ն առանձին հայկական կազմակերպություն է, որ փորձում է թարգմանել և հարմարեցնել կրթության ոլորտի նորարարություններն ու տենդենցները` բարձրացնելու համար Հայաստանի մրցունակությունը», ասում է «Կրթություն Հայաստան» կազմակերպության հիմնադիր և նախագահ Լարիսա Ռայանը: Այս նախաձեռնությանը հարկավոր են պատրաստակամ և նվիրված գործընկերներ: Գործընկերներ, որոնք պատրաստ են և հավատում են Հայաստանի հզոր տնտեսական և սոցիալական ապագային: ՀԲԸՄ-ի, Թումոյի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Կրթություն Հայաստան»-ը կընդլայնի իր ծրագրերը` համոզմամբ, որ մեր երկրի դպրոցականները հնարավորություն կունենան լիարժեք օգտագործել իրենց ներուժը: «Կրթություն Հայաստան»-ի և աջակիցների օժանդակությամբ, նոյեմբերի 5-ին Թումո կենտրոնում հրավիրվեց մամլո ասուլիս և կայացավ «Սիրելի ուսուցիչ» միջոցառումը, որը համանուն տեղեկատվական արշավի մի մասն է: Այս նախաձեռնության նպատակը հանրությանը ուսուցչի դերի և կարևորության մասին հիշեցնելն է: Այն հրաշալի միջոց է բոլորի համար` կատարած աշխատանքի համար երախտիքի խոսք ասելու իրենց ուսուցիչներին: Մամլո ասուլիսին իրենց խոսքն ասացին «Կրթություն Հայաստան»-ի հիմնադիր և նախագահ Լարիսա Ռայանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը և ԵՊՀ դասապոս և կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Միջոցառմանը մասնակցեցին ուսուցիչներ, նրանց թեկնածությունը որպես լավագույն ուսուցիչ ներկայացրած երիտասարդներ, նախաձեռնությանն աջակցող կազմակերպություններ և ընկերություններ: Ուսուցիչներն ու նրանց սաները վերստին շփվելու, միմյանց շնորհակալություն հայտնելու և լուսանկարվելու յուրօրինակ առիթ ունեցան: Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շնորհակալագրեր հանձնել իրենց ներկայացրած ուսուցիչներին: Հյուրերին երգով ողջունեցին «Oրրան»-ի սաները: «Կրթություն Հայաստան» կազմակերպության մասին տեղեկատվություն ստանալու համար` այցելեք www.teachforarmenia.org:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq