ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀԲԸՄ դպրոցների աշակերտներն ամեն տարի այցելում են Հայաստան: Ծրագրի շրջանակներում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Հայաստան ժամանեցին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան դպրոցի 36, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 35, ինչպես նաև Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցի 31 աշակերտներ: Շատերի համար սա առաջին այցելությունն է մայր հայրենիք և առաջին հնարավորությունը տեսնել այն ինչի մասին տարիներ շարունակ լսում ու սովորում են իրենց հարազատ դպրոցում: Այցելությունների ընթացքում դպրոցականներին ուղեկցում են իրենց ուսուցիչներն ու դպրոցի տնօրենը: Հայաստանում անցկացրած երկու շաբաթների ընթացքում երեխաներն այցելում են տեսարժան վայրեր, շփվում իրենց հասակակիցների հետ, մասնակցում մշակութային միջոցառումների, ծանոթանում ՀԲԸՄ-ի` Հայաստանում իրականացվող ծրագրերի հետ: Այս տարվա հիշարժան միջոցառումներից էին այցելությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և բասկետբոլի ընկերական խաղը Թումոցիների հետ, ինչպես նաև Armenia Tree Project-ի հետ համատեղ ծառատունկը Սարդարապատում: Դպրոցականները ներկա եղան նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տան սաների պատրաստած համերգին: Այս տարի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի ութ աշակերտներ Հայաստանյան այցելությունը համատեղեցին կամավոր մասնագիտական փորձառության հետ` որպես կամավոր աշխատելով Սիվիլիթաս հիմնադրամում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում և Օրրան բարեգործական հիմնադրամում:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: