ՀԲԸՄ-ՀԵԸ «ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ

ՀԲԸՄ-ՀԵԸ «Արին» պարախմբի 48 անդամներից կազմված պատվիրակությունը ժամանեց Հայաստան` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնին: Այս տարի փառատոնին մասնակցում էին հայկական 35 պարախմբեր ողջ աշխարհից: «Արին»-ի առաջին ելույթը փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հուլիսի 1-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Այդ օրը պարախումբը ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Վարդագույն աղջիկներ»-ը: Երկու օր անց, հուլիսի 3-ին, «Արին»-ը հանդես եկավ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահում: Այդ օրը, «Արին» պարախմբի գեղարվեստական ղեկավար Գայանե Մածունյանն արժանացավ շնորհակալագրի: Հուլիսի 4-ին, «Արին»-ը ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում` ներկայությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի: Ելույթից հետո ՀԵԸ «Արին» պարախմբի վարչության ատենապետ Անի Պոտրումյանը ՀԵԸ Լիբանանի կենտրոնական վարչության անունից հուշանվերներ հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարին, ինչպես նաև «Իմ Հայաստան» փառատոնի և «Արի տուն» ծրագրի կազմակերպչական անձնակազմերին: Փառատոնի եզրափակիչ համերգը, բոլոր պարախմբերի մասնակցությամբ, տեղի ունեցավ հուլիսի 5-ին Օշականում: «Արին»-ի անդամներն իրենց մեկշաբաթյա այցելության ընթացքում եղան նաև Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում: Հայրենիքում կեցության օրերին պարախմբի անդամներին միացավ նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, որը 2013թ. Լիբանանում ազգագրական պարեր էր դասավանդել «Արին» պարախմբի անդամներին: «Արին»-ն իր բարձրորակ կատարումներով ևս մեկ անգամ հարգանքի ու բարձր գնահատանքի արժանացավ հայրենիքում և վառ հուշերով վերադարձավ Լիբանան: Շնորհակալություն պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Գայանե Մածունյանին, բեմավար Վարդան Մկրտչյանին, ինչպես նաև պարախմբի վարչության անդամներին: