ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օգոստոսի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն այցելեցին Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության Լիբանանի գրասենյակի տնօրեն Սերոբ Օհանյանն ու նույն հիմնարկության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ավետիք Հարությունյանցը: Հյուրերը հանդիպում ունեցան ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կարագյոզյան հիմնարկության ներկայացուցիչները ծանոթացան ՀԲԸՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Սերոբ Օհանյանն ու Ավետիք Հարությունյանցը խոսեցին Սիրիայում, Լիբանանում և Հայաստանում հիմնարկության ծավալած բժշկական, ու սոցիալական օգնության ծրագրերի մասին, անդրադարձ կատարվեց հատկապես սիրիահայության օգնությանն առնչվող հարցերին: Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցությունը հիմնադրվել է 1921թ., Նյու Յորքում, Միհրան և Զապել Կարագյոզյանների կողմից ի հիշատակ իրենց 14-ամյա որդու` Հովարդի հիշատակին: Միհրան Կարագյոզյանը ՀԲԸՄ բարերարներից է և եղբայրն է 1942-1953թթ. ՀԲԸՄ-ի նախագահ Արշակ Կարագյոզյանի: Ընկերակցությունն առողջապահական, սոցիալական և կրթական ծրագրեր է իրականացրել Թուրքիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Սիրիայում և Լիբանանում: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ընկերակցությունն իր գործունեությունը ծավալում է նաև Հայաստանում: