ՀԲԸՄ-Ն ԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Օգոստոսի 27-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կատարված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը ներկայացրեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը: Կազմակերպությունը մարդասիրական առաքելություն է իրականացրել Սիրիայում, Լիբանանում և Հայաստանում: ՀԲԸՄ կոչով սիրիահայերի օգնության ֆոնդին հավաքվել է 1,600,000 ԱՄՆ դոլար: Օգնություն է ցուցաբերվել Հալեպում, Դամասկոսում, Քամիշլիում, Լաթաքիայում և հայաբնակ այլ վայրերում ապրող հազարավոր հայ ընտանիքների: Օգնությունը ներառել է նաև սննդամթերքի, բժշկական խնամքի, դեղորայքի, կացարանի հարցերը: Միությունը կարևոր ներդրում է ունեցել Հայաստանում ապրող սիրիահայերի օգնության գործում, փոխհատուցելով սիրիահայ ուսանողների ուսումնավճարները, իրականացնելով օգնության տարաբնույթ ծրագրեր: Միությունը աջակցում է նաև սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հ/կ-ին: Նախարարը շնորհակալություն հայտնեց և մասնավորապես նշեց. «Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր կողքին է և արդեն մի քանի խոշոր ծրագրեր է իրականացրել: Մասնակցել է Հայաստանում սիրիահայ ուսանողների կրթավճարների փոխհատուցմանը»: Իրենց գործունեությունը ներկայացրեցին նաև բարեսիրական այլ կազմակերպություններ: Ամփոփելով նիստը` Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին և գերատեսչությունների, հ/կ-ների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ միասնական աշխատանքով հիմնականում լուծումներ են տրվել սիրիահայերին հուզող կարևորագույն խնդիրներին:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ-Ն ԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: