ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԲԱՑ ՖՈՐՈՒՄԻՆ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մասնակցեց Եվրոպայի ամենամեծ գիտական միջոցառմանը: Երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Եվրոպական գիտական բաց ֆորումը (ESOF) և «Գիտությունը քաղաքում» փառատոնը կազմակերպվեցին համատեղ, Կոպենհագենում, հունիսի 21-26-ը: Համաեվրոպական այս միջոցառմանը մասնակցեցին առաջատար գիտնականներ, հետազոտողներ, գործարարներ, ձեռնարկատերեր ու հասարակության ներկայացուցիչներ ողջ Եվրոպայից` գտնելու նոր բացահայտումներ և քննարկելու տեխնոլոգիայի, հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտների նոր ուղղությունները: 2014թ. Եվրոպական գիտական բաց ֆորումին Հայաստանը ներկայացնելու պատիվ ունեցավ նաև ՀՎՀ-ն` իր տեխնոլոգիական նորամուծություններով: Հայաստանից ֆորումին մասնակցեցին նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Dasaran.am և Instigate ընկերությունները: Մասնակցության հրավերը ՀՎՀ-ն ստացել էր դանիական-հայկական AmStream հասարակական կազմակերպության կողմից, որի նպատակն է նոր կապեր ստեղծել Հայաստանի և սկանդինավյան երկրների միջև բիզնեսի, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում: AmStream-ի անդամները` Դանիայում ապրող երիտասարդ հայերի և դանիացիների խումբը, օգտագործում են ամեն հնարավորություն օգնելու հայկական կազմակերպություններին ցուցադրել տեխնոլոգիայի միջոցով առաջարկվող կրթության ոլորտի հայկական արդի լուծումները` այս կերպ նպաստելով Դանիա-Հայաստան համագործակցության զարգացմանը: ՀՎՀ ներկայացուցիչ Էլվիրա Միրզոյանի հետ միասին AmStream-ի գործադիր տնօրեն Տաթևիկ Ռևազյանը, Վիկտոր Մոքիստը, Սուրեն Գևորգյանը, Լառա Ջևինան, Ֆատիմա Բաուտիստա Կանանը, Նազիլա Ամիրը և շատ ուրիշներ հանդես եկան որպես կամավորներ և ակտիվորեն ներկայացրեցին ՀՎՀ-ի արտադրանքները և ծառայությունները Եվրոպական գիտական բաց ֆորումի ընթացքում: ՀՎՀ-ն հիմնական շեշտը դրել էր իր երկու վերջին նորարարությունների վրա` շախմատի օնլայն ծրագիր և մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարք: Երկու արտադրանքն էլ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց այցելուների կողմից և այս արտադրանքների մասին ավելինն իմանալու ցանկություն առաջացրեց: Մասնակիցները հիացած էին շախմատի դասավանդման յուրօրինակ մոտեցմամբ և նշեցին, որ թեև շախմատի դասավանդման բազմաթիվ միջոցներ կան այժմ, բայց դրանցից ոչ մեկը չի առաջարկում շախմատի օնլայն դասընթաց օնլայն ուսուցչի օգնությամբ, ով ՀՎՀ-ի դեպքում միջազգային սպորտի վարպետ է: Անհատները, ինչպես նաև այցելուների խմբերը` կանգնած շախմատի օնլայն խաղատախտակի առջև, հետևում էին բացատրությանը կամ խաղում և մրցում էին միմյանց հետ` փորձելով իրենց շախմատային ստրատեգիական մտածելակերպը: ՀՎՀ առաջին մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը` «Հայկական լեռնաշխարհ»-ը, ֆորումի ընթացքում ՀՎՀ-ի ներկայացրած մյուս տպավորիչ արտադրանքն էր: Փաստը, որ այն ունի հարուստ բովանդակություն, բազմահարթակ է, հասանելի է 7 լեզուներով և հագեցած է մուլտիմեդիա ֆունկցիաներով, այնքան գրավիչ էր մի ռուս այցելուի համար, որ վերջինս ասաց. «Այս գրքի շնորհիվ ես իմացա, որ այս փոքր ազգը կարող է ունենալ այսպիսի մեծ պատմություն: Այն Հայաստանի մասին մի հզոր ուղեցույց է, ուր ես կգնամ անկասկած` Հայկական լեռնաշխարհն ավելի շատ բացահայտելու համար»: 5-օրյա ցուցահանդեսն ամփոփվեց «Վերաիմաստավորելով կրթությունը» խորագրով միջոցառումով, որին մասնակցեցին տեխնոլոգիայի և կրթության ոլորտների պիոներները` քննարկելու ներկայիս կրթական մոդելները և կրթական նոր լուծումները: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին դանիական 3 հայտնի հաստատություններ, ինչպես նաև Հայաստանը` որպես «նոր Սիլիկոն Վելլի»: Երկու մյուս հայկական կազմակերպությունները` Instigate-ը և Թումոն, ցուցադրեցին, թե ինչպես է Հայաստանը կիրառում կրթական նոր ուղղություններն ու «սովորել խաղի միջոցով» կարգախոսը: ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ն ամփոփիչ միջոցառման ժամանակ` ընդգծելով վերջին տարիների ընթացքում ՀՎՀ-ի ձեռք բերած բացառիկ փորձը, ինչպես նաև այն գործունեությունը, որի շնորհիվ ՀՎՀ-ն դարձել է արդի տեխնոլոգիաների միջոցով օնլայն հայկական կրթություն առաջարկող առաջատար հաստատություն: Ամփոփիչ միջոցառումից հետո Կոպենհագենում գտնվող հայկական դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին տեխնոլոգիայի և կրթության ոլորտների պիոներ տեխնոլոգներ և գիտնականներ Դանիայից և Հայաստանից: Գիտական այս ֆորումն ավարտվեց` ստեղծելով տեխնոլոգիայի և կրթության ոլորտներում միջազգային համագործակցության հնարավորություն Հայաստանի, ինչպես նաև ՀՎՀ-ի համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԲԱՑ ՖՈՐՈՒՄԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: