2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻՆ ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 130 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

 

2013թ. ՀՀ սփյուռքի և կրթության նախարարությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) ու Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-14 տարեշրջանի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր իրականացրին: Այդ ծրագրով ՀԲԸՄ-ն, Գյուլբենկյան հիմնարկությունն ու ՀՀ կառավարությունը 2013-14 տարեշրջանում փոխհատուցեցին սիրիահայ 380 ուսանողների ուսման վարձերը: Նկատի ունենալով ծրագրի կենսական նշանակությունը և սիրիահայ ուսանողներին ամեն գնով աջակցելու պատրաստակամությունը` ՀԲԸՄ-ն 2014-15 և 2015-16 ուսումնական տարեշրջաններին շարունակում է ծրագիրը` տարեկան հատկացնելով 130 հազար ԱՄՆ դոլար: Գյուլբենկյան հիմնարկությունը նույնպես հայտարարեց ծրագրի համար տարեկան 130 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին, իսկ ՀՀ կառավարությունն իր հերթին, սիրիահայ ուսանողների համար կիրառվող զեղչերի կողքին, կհատկացնի հավելյալ գումար: Հաշվի առնելով Հայաստան փոխադրված սիրիահայ ուսանողների թվի շարունակական աճը, ծրագրում հնարավորինս մեծ թվով ուսանողներ ընդգրկելու ընդհանուր մոտեցումը, կողմերն սկզբնական նախապատվությունը տվեցին դիմումների մեծամասնությունը կազմող բակալավրի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմանը: Այդուհանդերձ, առավելագույն արդարություն ապահովելու և մագիստրատուրայի ուսանողներին նույնպես աջակցելու մտահոգությամբ, կողմերը քննարկեցին և հստակ չափանիշների կիրառմամբ ու առկա բյուջեի սահմաններում նրանց նույնպես ներգրավեցին ուսման վճարների փոխհատուցման ծրագրում: Դեկտեմբերի 3-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Տեղահանություն, կրթություն, հանձնառություն» խորագրով` Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների համագումարը, որը կազմակերպել էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն` ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և UNHCR-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Համագումարին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, UNHCR-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Սիրիահայերի հիմնախընդիրները համակարգող կենտրոն» հ/կ նախագահ Լենա Հալաջյանը և բուհերի ներկայացուցիչներ: Ողջունելով համագումարի մասնակիցներին` Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը` Հայաստան տեղափոխված սիրիահայ ուսանողների վարձավճարները փոխհատուցելու հարցում գործուն աջակցության համար: UNHCR Հայաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթն ընդգծեց, որ կրթությունը պահանջում է երկարատև ներդրում` հավելելով, որ վարձավճարների փոխհատուցումն արվում է տարբեր չափերով` կախված ուսանողի կամ նրա ընտանիքի ապահովվածության աստիճանից: Նա նաև կարևորեց ուսանողների աշխատանքի տեղավորվելու և նրանց համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը: ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանն իր խոսքում նշեց, որ սիրիահայ ուսանողների հիմնահարցերի կարգավորման խնդրի շուրջ պետություն-համահայկական կառույցներ համագործակությունը երեք տարի շարունակ դարձել է Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն դրսևորումներից մեկը: Նա նաև հավելեց, որ ՀԲԸ Միությունը կրթաթոշակներ տրամադրելու մեծ փորձառություն ունի և պիտի շարունակի ծրագիրն ապագայում: Ելույթներ ունեցան նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության առաջատար մասնագետ Ամալյա Քոչարյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբան Ժորժ Բարսեղյանը, ՃՇՀԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի արտասահմանցի սովորողների բաժնի պետ Տաթևիկ Հակոբյանը և այլք: Սիրիահայ ուսանողներ Լարա Երամյանը (ՀՊՃՇՀ), Վրույր Պիլեմջյանը (ԵՊԲՀ), Հարութ Տոնոյանը (ՀՊՏՀ), Ալեքսան Քալայջին (ԵՊՀ) խոսեցին կրթական խնդիրների մասին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻՆ ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 130 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: