ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբերի 19-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Համաժողովի լիագումար նիստին բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն: Ելույթ ունեցան նաև Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Վերապատվելի Հովել Միքայելյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ով ընթերցեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, Արմինա Դարբինյանը, ով ներկայացրեց Ամերիկահայ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի ուղերձը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Նույն օրն սկսվեց 2-րդ լիագումար նիստը, որտեղ համաժողովի չորս հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (Հայաստան-Սփյուռք գործակցության արդի առաջնահերթությունները և ապագային միտված խնդիրները), ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման մասին), Սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը (Հայաստանի Հանրապետությունում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների մասին) և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Հայկական մամուլի դերը համաշխարհայնացվող աշխարհում): Համաժողովի աշխատանքները չորս թեմատիկ բաժիններում զուգահեռաբար շարունակվեցին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում: Ավելի ուշ Համաժողովի մասնակիցներին ընդուենց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայրենիք էին ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից: Համաժողովի պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի: 2-րդ լիագումար նիստում համագումարի չորս հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ ներկայացվեցին զեկուցումներ: Համաժողովի թեմատիկ նիստերի ամփոփումից հետո բոլոր նիստերի մասնակիցների համար ելույթ ունեցավ ՀՀ արռաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայկական Սփյուռքի դերը Հայաստանի միջազգային վարկի բարձրացման գործում: Սեպտեմբերի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի վերջին լիագումար նիստը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հանրապետության Նախագահը նշեց. «2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետևողականությունը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների մասին խոսելիս Հանրապետության Նախագահը նշեց, որ նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը: Ավարտելով խոսքը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և կոչ արեց բոլոր հայերին անընդհատ ամրացնել կապը հայրենիքի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, խոսելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին, արձանագրեց, որ ՀՀ Նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական, համահայկական հանձնաժողովի և 50-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն մշակված և իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված գործընթացներին: «Երբ մեր թշնամին սպանում եւ 20-րդ դարասկզբին կոտորում էր մեզ, նրա մեծագույն ցանկությունն էր տեսնել հայերին հուսալքված և բաժան-բաժան», - նշեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ի հեճուկս այդ ցանկության այսօր առկա է Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնությունը: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը համաժողովում հնչած հարցադրումները բաժանեց երկու մասի՝ զարգացնել գործակցության եղած կառուցակարգերը և ստեղծել նոր կառուցակարգեր: Իր խոսքի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց. «Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն անկախ ու հաղթանակած Արցախի և կազմակերպված Սփյուռքի: Համաժողովի ավարտին Լիբանանի ՀԲԸՄ-ՀԵԸ-ի պաշտնաթերթ «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն ընթերցեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կողմից ընդունած հայտարարությունը: Սեպտեբերի 20-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Իր խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մեր համայնքների և Հայաստանի վրա: Սեյրան Օհանյանը համաժողովի մասնակիցներին հակիրճ ներկայացրեց բանակաշինության փուլերն ու առաձնահատկությունները, Հայկական բանակի ձեռքբերումները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև համաժողովի մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարությունից Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներն ուղևորվեցին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն՝ դիտելու «Ոտքի´, դատարանն է գալիս» ներկայացումը: Սեպտեմբերի 20-ին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի աշխատանքների ավարտից հետո, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը, համաժողովի մասնակիցներն ամբողջ կազմով այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեոն: Էջմիածնում համաժողովի մասնակիցները նախ շրջայց կատարեցին Մայր Տաճարի տարածքում, ծանոթացան հարակից շինությունների նշանակության, կառուցման պատմությանը, ապա մոմ վառեցին և մասնակցեցին Սուրբ Պատարագին: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ Նախագահի` Անկախության օրվան նվիրված ընդունելությանը:

ՀԲԸՄ Ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովին

Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ՀԲԸՄ ավելի քան չորս տասնյակ ներկայացուցիչներ, ովքեր իրենց մասնակցությունն էին բերում թեմատիկ նիստերին ու վարում նիստեր: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Եագուբյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Տորոնթոյի մասնաճյուղի ատենապետուհի Քնար Պասմաճյանը, ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի պաշտոնաթերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության Լիբանանի կենտրոնական վարչության անդամ Վաչե Մելքոնյանը հանդես եկան զեկուցումներով: Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովին մասնակցող ՀԲԸՄ ներկայացուցիչները համաժողովի օրերին այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, որտեղ տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում համաժողովի, ինչպես նաև ՀԲԸՄ տարբեր կառույցների աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովի ավարտին մեր ներկայացուցիչների համար կազմակերպվեց հրաժեշտի հանդիպում-ընթրիք, որի ընթացքում քննարկվեցին համաժողովի արդյունքների, ՀԲԸՄ անելիքների ու միության 2015 թ. ապրիլին Երևանում գումարվող 88-րդ ընդհանուր ժողովի մասին հարցեր:

Կարդացեք նաև՝