«ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հունիսի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկույթ: Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, կրթության և մշակույթի գործիչներ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և սաներ: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով արժևորեց «Ժամանակ» օրաթերթի անցած ուղին` ընդգծելով պարբերականի թողած դրական ազդեցությունը պոլսահայ ազգային, հոգևոր և մշակութային կյանքի վրա: Բանախոսությամբ հանդես եկան ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Էօրդեքյանն ու Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի և Հրատարակչական բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը` մասնավոր անդրադարձ ունենալով «Ժամանակ» օրաթերթի հիմնադրմանն ու հարյուրամյա գործունեությանը և միաժամանակ ընդգծելով օրաթերթի ունեցած կարևորագույն տեղն ու դերը հայ մամուլում: Այնուհետև «Ժամանակ»-ի լավագույն հրապարակումներից ու հեղինակներից` Զապել Եսայանից, Վահան Թեքեյանից, Զահրատից, կատարված ծաղկաքաղն ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: Հավարտ ընթերցումների, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով ելույթ ունեցավ նաև Մայր Տաճարի երգչախումբըª որպես ձոն «Ժամանակ» օրաթերթին: Այնուհետև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ «Ժամանակ» օրաթերթի անցած պատվախնդիր ուղուն և պոլսահայ կյանքում ունեցած կարևոր առաքելությանը` գնահատանքով հիշելով օրաթերթի ստեղծմանը, կայացմանը և արգասավորմանը նպաստած բոլոր երախտավորներին: Նվիրական հոբելյանի առիթով շնորհավորելով խմբագրակազմին` ՀՀ Մշակույթի նախարարը մաղթեց, որ օրաթերթի կյանքի երկրորդ հարյուրամյա շրջանը համահունչ լինի նախորդին: Հանդիսության առիթով իր սրտի խոսքն ասաց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Ա. Գոչունյանը, գոհունակությամբ անդրադառնալով «Ժամանակ»-ի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացմանը Կ. Պոլսում և Հայաստանում, շնորհակալություն հայտնեց հոբելյանի տոնախմբմանը նպաստած բոլոր անձերին և կառույցներին` մեծ պատիվ համարելով նաև այն, որ այդ հանդիսությունների եզրափակումը կատարվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո` օրհնությամբ և ներկայությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Իր խոսքում տիար Գոչունյանը, ներկայացնելով օրաթերթի ստանձնած առաքելությունը, նշեց, որ հայ կյանքի քաղաքական, համայնքային, մշակութային անցուդարձերի հետ մեկտեղ օրաթերթի էջերում լայնորեն լուսաբանվել է Հայ Առաքելական Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի գործունեությունը` մշտապես ի մտի ունենալով Հայ Եկեղեցու հայապահպան և հոգևոր դերակատարությունը: Վերջին տարիներին օրաթերթի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` «Ժամանակ» օրաթերթի խմբագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ընծայեց 100-ամյա հոբելյանի առիթով պատրաստված օրաթերթի հիմնադիր Միսաք Գոչունյանի կիսանդրին: Երեկույթի ավարտին ներկաներին իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Ամենքս այսօր համախմբված ենք տոնախմբելու հայրենի մշակույթի պատմության մեջ մի կարևոր իրադարձություն: Հարյուրամյա հոբելյանն է հայ իրականության ամենահին` « Ժամանակ» օրաթերթի, որ կյանքի կոչվեց մայրենի լեզվով իր հրապարակումներով նեցուկ և ազդակ լինելու Թուրքիո մայրաքաղաքում և նրա տարածքում ապրող հայության ազգային կյանքին: Օրաթերթի էջերում արծարծվել են 20-րդ դարասկզբի մեր պատմության թե ողբերգական, թե ուրախալից իրադարձություններ, մշակութային և ազգային-եկեղեցական ամենատարբեր հարցեր ու խնդիրներ: Մեր ժողովրդին 20-րդ դարասկզբին օրհասած Մեծ Եղեռնի տարիներին անգամ «Ժամանակի» էջերին ժամանակը կանգ չի առել, այլ իրականության ու քննադատության գրչով շարունակել է դատապարտել Օսմանյան կայսրության մեջ պարբերաբար շարունակվող հայ ազգի թալանն ու կոտորածը, ծրագրված մշակութային և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հալածանքը: Իբրև ոգու և մտքի զինակիցներ ունենալով Երվանդ Օտյանին, Գրիգոր Զոհրապին, Վահան Թեքեյանին, Թեոդիկին, Հովհաննես Թումանյանին, Արշակ Չոպանյանին և ազգային մշակութային-հասարակական այլ մեծերի` օրաթերթի հիմնադիրները նույնիսկ հայ ժողովրդի համար ամենածանր պահերին, իրենց իսկ բնորոշմամբ, «ոչ միայն լացեցին, այլ նաև լացեցին ու քայլեցին»: «Ժամանակ» օրաթերթն այսօր էլ շարունակում է իր էջերի վրա լուսաբանել հայրենի երկրում և Սփյուռքում հայ ազգային կյանքից ներս տեղի ունեցող կարևոր իրադարձությունները` չդավաճանելով հիմնադիր հայորդիների տեսլականին` կերտել ու պահպանել ազգային մշակույթը նույնիսկ ամենաօրհասական պահերին: «Ժամանակ» օրաթերթը, կարելի է ասել, ժառանգորդն է հայ մամուլի բազմադարյա ավանդության, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայորդիները մասնակից էին դառնում մայրենի լեզվին ու մշակույթին, ժամանակի ընթացքին ու ոգուն համաձայն նոր շունչ ու ավյուն տալիս դարերի խորքից եկող հայ մշակութային ավանդներին: Հոբելյանական այս պահին չենք կարող չարձանագրել, որ օրաթերթն ու նրա խմբագրակազմը շարունակում են անշեղորեն քայլել արդեն մեկ դարից ավել ձգվող ազգային-եկեղեցական ուղիով: Արդի պատմաքաղաքական նոր պայմաններում ու հանգամանքներում «Ժամանակը» շարունակում է հայ լրագրության ոգով իրազեկել և տեղեկացնել Սփյուռքում ապրող մեր հայորդիներին ազգային-եկեղեցական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, հիմնախնդիրների ու հիմնահարցերի մասին: Այսօր պատեհ առիթն ունենք մեկդարյա պատմության ոսպնյակի միջով վերարժևորելու «Ժամանակ» օրաթերթի ստեղծած և շարունակական դարձած սփյուռքահայ լրագրության բարի ավանդը: Առիթն ունենք նաև այսօր` հոբելյանական այս երեկոյի ընթացքին, Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելու օրաթերթի ողջ խմբագրակազմին, ի դեմս գլխավոր խմբագիր տիար Արա Գոչունյանի, համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առ Աստված Մեր աղոթքը բարձրացնելու օրաթերթի ստեղծմանն ու կայացմանը նպաստած բոլոր ազնիվ այն հայորդիների հոգիների համար, ովքեր տարիների ընթացքում կերտեցին և ներկա սերունդներին փոխանցեցին հայ լրագրողի ու հրապարակախոսի ազնիվ և անաչառ անունը: Հայրապետական Մեր սերն ու շնորհավորանքները նաև բոլոր այն մտավորականներին ու հայորդիներին, ովքեր իրենց մտքի և ոգու արգասիքով այսօր էլ շարունակում են Սփյուռքի պարբերականներում, և ի մասնավորի «Ժամանակ» օրաթերթի էջերում գալիք սերունդներին փոխանցել ազգային-եկեղեցական և հասարակական կյանքից քաղված պատմական դասերն ու խրատները», - ասաց Նորին Սրբությունը: Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով: Հունիսի 29-ին` Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան կարգ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրների և 100-ամյա գործունեության ընթացքում օրաթերթի կայացմանն իրենց նպաստը բերած նվիրյալների հոգիների հանգստության համար:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: