ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍՈՅԱՆԸ ԵՎ ՀԱՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԸ` ՀՀ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մայիսի 23-ին, մի շարք սփյուռքահայ գործիչների թվում, ՀՀ մեդալներով պարգևատրվեցին նաև ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանը, որն արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալի և ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Հալեպի Գործադիր մարմնի ատենապետ Հանրի Արսլանյանը, որն արժանացավ «Մխիթար Գոշ» մեդալի: Սիրիահայ ազգային-հասարակական գործիչ Ներսես Ներսոյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, բարձրագույն կրթությունն ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: Երկար տարիներ իր մասնագիտությամբ ղեկավար պաշտոններ է վարել Հալեպի ICARDA գյուղատնտեսական ընկերությունում: Նա երկարամյա ղեկավարներից է ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի, որոնցում վարել է զանազան վարչական պաշտոններ: 2009թ. Ներսոյանը ղեկավարում է ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովը: Նա վերջին ժամանակաշրջանում նվիրյալ և պատասխանատու աշխտանք է կատարում ՀԲԸՄ-ի կողմից սիրիահայությանը ցուցաբերվող օգնության ծրագրերի համակարգման, ինչպես նաև Սիրիահայ Շտապ օգնության ու վերականգնումի համագաղութային մարմնում: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի գործադիր մարմնի ատենապետ Հանրի Արսլանյանը Միության կառույցների երկարամյա ղեկավարներից է: Նա այդ պաշտոնն ստանձնել է 2012թ.: Մասնագիտությամբ ճարտարապետ, Արսլանյանն ավարտել է Հալեպի պետական համալսարանը: Նա նույնպես պատասխանատու պաշտոններ է վարել Միության տարբեր մարմիններում, կատարել է հաշվեքննիչի ու հաշվապահի աշխատանքներ: Նա հատկապես կարևոր ներդրում է ունեցել ՀԲԸ Միության մարզական ու երիտասարդական շարժումների կազմակերպման աշխատանքներում: Վերջին ժամանակաշրջանում Արսլանյանը նույնպես կարևոր դերակատարություն է ունեցել սիրիահայության ու մանավանդ հալեպահայության ցուցաբերվող օգնության աշխատանքներում: