ՀԲԸՄ ՀՎՀ. ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐԸ` ԲՐԱԶԻԼԻԱ ԵՎ ԴԱՆԻԱ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն (ՀՎՀ) ընդլայնում է իր հասանելիության շրջանակներն ու աշխարհագրությունը: ՀՎՀ հիմնադիր և նախագահ Դր. Երվանդ Զորյանն անձամբ այցելում է աշխարհի հայաշատ համայնքներ ու ներկայացնում համալսարանի ծրագրերն ու ձեռքբերումները: Վերջին երկու հանգրվանները Բրազիլիայի և Դանիայի հայկական համայնքներն էին: Վերջերս Բրազիլիա կատարած այցի շրջանակներում Դր. Զորյանին հյուրընկալեց ՀԲԸՄ Սան Պաուլոյի մասնաճյուղը: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և երիտասարդության հետ հանդիպումը բացեց ՀԲԸ Միության Սան Պաուլոյի մասնաճյուղի ատենապետ Հելիո Բալուկյանը, որն ընդգծեց հայկական կրթության կարևորությունը և ՀՎՀ-ի դերն այդ բնագավառում: Այնուհետև Դր. Զորյանը ներկայացրեց ՀՎՀ պատմությունն ու գործունեության շրջանակները, ինչպես նաև ՀՎՀ-ի «Հայկական լեռնաշխարհ» նոր մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը: Հանդիպմանը ներկա ՀՎՀ նախկին ուսանող Մարիանա Մեքբեքյանը ներկաների հետ կիսվեց իր փորձով ու ՀՎՀ-ից ունեցած տպավորություններով: ՀԲԸՄ Սան Պաուլոյի վարչության անդամ Հրայր Շահինյանը բարձր գնահատեց ՀՎՀ-ի զգալի ներդրումը ողջ աշխարհում հայկական կրթության հասանելիության գործում: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ հյուպատոս Տիրուհի Բուրմանյանը և ՀԲԸՄ Սան Պաուլոյի մասնաճյուղի նախկին ատենապետ Գրիգոր Մանուկյանը: Այցի ընթացքում Դր. Զորյանն առիթ ունեցավ նաև հանդիպելու Բրազիլիայի հոգևոր առաջնորդ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանին, ինչպես նաև Դուրյան դպրոցի տնօրեն Տեր Եզնիկ Գյուզելյանին: Դուրյան դպրոցը հայոց լեզվի և պատմության դասավանդման գործում արդեն մի քանի տարի է որդեգրել է ՀՎՀ-ի հիբրիդ մեթոդը: ՀՎՀ նախագահը ողջունեց դպրոցի արդյունավետ մասնակցությունը ՀՎՀ հիբրիդ ծրագրին` նշելով, որ այն կարող է օրինակ ծառայել հայկական այլ դպրոցների համար: Դպրոցն ընդլայնել է ՀՎՀ դասընթացների կիրառումը` դրանք առաջարկելով համայնքի ավագ անդամներին: Այցի շրջանակներում Դր. Զորյանը հարցազրույց ունեցավ Սարգիս Կարամեկյանի հետ Սան Պաուլոյի Էտերնա հայկական ռադիոյի համար: ՀԲԸՄ Սան Պաուլոյի վարչության ամենաակտիվ անդամներից մեկը` Ռաֆայել Բալուկյանը ստանձնեց Բրազիլիայում ՀՎՀ պաշտոնական ներկայացուցչի դերը: ՀՎՀ նախագահի հաջորդ հանգրվանը Դանիան էր, որտեղ նա հանդիպում ունեցավ տեղի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դրանց թվում էր Amstream-ը, երիտասարդ կազմակերպություն, որի նպատակն է Դանիայի և Հայաստանի միջև համագործակցության նոր ուղիների ստեղծումը կրթության, գիտության, բիզնեսի և մշակույթի բնագավառներում: Amstream-ի գործադիր տնօրեն Տաթևիկ Ռևազյանը ներկայացրեց ներկայիս ծրագրերն ու հետագա նախագծերը: Խոսելով ՀՎՀ-ի մասին, Տաթևիկն ասաց. «Արդի նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված այս հաստատությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, իսկ աշխարհասփյուռ հայերի համար շատ օգտակար կլինի ՀՎՀ-ի օնլայն դասընթացներին մասնակցելը»: Օգտվելով առիթից նա հրավիրեց ՀՎՀ-ին մասնակցել Եվրոպայի խոշորագույն գիտական միջոցառումներից մեկին` EuroScience Open Forum-ին (ESOF), որը տեղի կունենա հունիսի վերջին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Այսպիսով, ՀՎՀ-ն, երկու այլ կազմակերպությունների հետ, կներկայացնի Հայաստանը ESOF-ում: Դր. Զորյանն իր հերթին խոսեց ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացրեց ՀՎՀ գործունեությունն ու ծրագրերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում DanArmen հայկական կազմակերպության ներկայացուցիչների հետ: DanArmen-ի փոխնախագահ Աննա Կարապետյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, խոսեց հայկական համայնքի կրթական կարիքների մասին: Դր. Զորյանն իր հերթին խոսեց ՀՎՀ-ի ծրագրերի մասին, որոնք թերևս լավագույնս կարող են բավարարել տեղի հայ համայնքի կրթական կարիքները: Դանիայի մոտավորապես 3,000 հայերը կարող են մեծապես օգտվել ՀՎՀ-ի կրթական ժամանակակից այս մեթոդից: Օրինակ, ՀՎՀ-ի հիբրիդ ծրագիրը, որը հաջողությամբ միաձուլում է օնլայն և ավանդական կրթության մեթոդները, կարող է Դանիայի հայերին հավաքել մեկ տանիքի տակ` դառնալով հզոր գործիք, թե՛ համայնքին էլ ավելի միավորելու և թե՛ համայնքի կրթական կարիքները հոգալու հարցում: