ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀՖՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) միջև համագործակցությունն ունի արդեն տաս տարվա պատմություն: 2004թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ համալսարանի ավելի քան 80 ուսանողներ իրենց մասնագիտական փորձառությունն են անցել Փարիզի, Լիոնի, Վալանսի և Գրենոբլի առաջատար ընկերություններում: Այս տարի նույնպես, մարտի 22-ից ապրիլի 19-ը, ՀԲԸՄ Փարիզի և Լիոնի մասնաճյուղերի և Լիոնի մասնաճյուղի նախկին փոխատենապետ Ժակ Կարապետյանի աջակցությամբ, ՀՖՀ 4-րդ կուրսի 9 ուսանողներ մեկնեցին Ֆրանսիա իրենց մասնագիտական փորձառությունն անցնելու: Մարիամ Բադունցին հնարավորություն ընձեռվեց աշխատել Grant Thornton ընկերությունում: 1924թ. Չիկագոյում հիմնված այս ընկերությունն այսօր աշխարհի 120 երկրներում իր ավելի քան 38,000 անձնակազմով աշխարհի առաջատար ընկերություններից է անկախ աուդիտի, հարկային և խորհրդատվության բնագավառներում: Նման ընկերությունում մասնագիտական փորձաշրջան անցնելու հնարավորություն ոչ բոլորին է ընձեռվում, և Մարիամն այդ քչերի թվում է: Անժելիկա Իշխանյանն իր փարիզյան փորձառությունն անցավ Estrade, Azad and Harutyunyan իրավաբանական ընկերությունում: Մեկ այլ իրավաբանական ընկերությունում` Arapian et autres, իր փորձառությունն անցկացրեց Էլեն Սահրադյանը: Սա բացառիկ հնարավորություն է ՀՖՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար գործնականում ծանոթանալու Ֆրանսիայի արդարադատության համակարգի և միջավայրի հետ, այցելելու Փարիզի արդարադատության պալատ, տարբեր դատարաններ և ներկա լինելու դատական նիստերի ու լսումների: Կիսվելով իր տպավորություններով` Աննա Ատուրյանն ասաց. «Ես իմ փորձառության շրջանն անցկացրի Լիոն քաղաքում, DAMARIS SA ընկերությունում, որը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջատար ընկերություններից է: Ինձ վստահված էր ընկերության գովազդային բրոշյուրների պատրաստումը, ինչի համար ակտիվորեն ներգրավվեցի շուկայի և մարքեթինգային ռազմավարության ուսումնասիրության գործում: Սա անկրկնելի հնարավորություն էր ամրապնդել իմ գիտելիքները, մեծ փորձ ձեռք բերել և ծանոթանալ ֆրանսիական մշակույթի և աշխատանքային միջավայրի հետ: Անչափ շնորհակալ ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանին, DAMARIS ընկերությանը` Արամազդ Աբեդիի գլխավորությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, և մասնավորապես Ժակ Կարապետյանին, ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար»: ՀՖՀ ևս երկու ուսանողներ` Իզաբել Տեր-Պողոսյանն ու Վիկտորիա Գրիգորյանն իրենց փորձաշրջանն անցկացրին Գրենոբլում` աշխատելով Օրանժ ընկերությունում: Ֆրանսիա մեկնած ՀՖՀ ուսանողների թվում էին նաև Իռեն Անանյանը, Լիլիթ Սարգսյանը և Սաթենիկ Նուբարյանը, որոնք մասնագիտական փորձաշրջանն անցկացրին համապատասխանաբար EDF Commerce ընկերությունում, Լիոնի Keolis տրանսպորտային ընկերությունում և CMS Bureau Francis Lefebvre իրավաբանական գրասենյակում: Ֆրանսիայում ծրագրի մասնակիցները առիթ ունեցան նաև այցելել Ազգային Ժողով, ՀՀ դեսպանատուն, ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, ՀԲԸՄ Նուբարյան գրադարան, Վերսալ, Լուվր և Օրսեյ, ինչպես նաև բարելավել ֆրանսերենի իրենց իմացությունը, համտեսել ֆրանսիական ուտեստներ, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ ու ընկերանալ եվրոպայի սրտում ապրող իրենց հասակակիցների հետ: Երիտասարդներն արդեն վերադարձել են Հայաստան: Մայիսի 22-ին նրանք այցելեցին ՀԲԸՄ Երևանի գրասենյակ` կիսվելու տպավորություններով և շնորհակալություն հայտնելու ՀԲԸՄ-ին այդ հիանալի հնարավորության համար: ՀԲԸՄ-ի աջակցությունը ՀՖՀ-ին այս ծրագրով չի սահմանափակվում: 2007թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն գերազանցության կրթաթոշակներ է տրամադրում ՀՖՀ լավագույն ուսանողներին: Ավելի քան 150 ՀՖՀ ուսանողներ առ այսօր օգտվել են ՀԲԸՄ-ի կրթաթոշակից: Միությունը նաև ֆինանսավորել է ՀՖՀ գրադարանի կառուցման և վերանորոգման աշխատանքները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀՖՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: