ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ԴՌՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ

ՀԲԸՄ հայաստանակենտրոն ծրագրերը լավագույն միջոցն են բավարարելու սփյուռքահայ նորահաս սերնդի ակնկալիքներն ու ձգտումները: Այդ նպատակով Միության նախաձեռնությամբ արդեն քանի տարի գործում են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստան են այցելում տարեկան ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդներ, գիտնականներ, երաժիշտներ, ուսուցիչներ, մարզիկներ ու գեղարվեստական խմբեր: Անցնող տարիներին ՀԲԸՄ ծրագրերի մասնակիցները իջևանել են տարբեր հյուրանոցներում ու կացարաններում: 2014թ. շրջադարձային է լինելու սփյուռքահայ երիտասարդների համար, քանի որ ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը ՀԲԸՄ-ին է տրամադրել Երևանի Քանաքեռցու թիվ 1 հասցեում գտնվող իր կառուցած շենքը, որն այսուհետ կկոչվի ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն և շուտով կհյուրընկալի մեր երիտասարդական խմբերին, որոնք կվայելեն կենտրոնի ընձեռած հարմարավետ բոլոր պայմաններն ու հնարավորությունները: ՀԲԸՄ-ի տրամադրած միջոցներով ընթացքի մեջ է շենքի կահավորումը: Ձեռք են բերվել ժամանակակից կահույք, անկողնային ու խոհանոցային պարագաներ, սարքավորումներ, սպասք, լվացքատուն, աթոռներ, սեղաններ, մի խոսքով բոլոր պայմաններն ստեղծվել են հաճելի ու օգտակար ամառային ծրագրերի անցկացման համար: Շենքը շուտով պատրաստ կլինի ընդունելու աշխարհի տարբեր երկրներից ժամանող ՀԲԸՄ երիտասարդներին` ծառայելով որպես կացարան ու միջոցառումների իրականացման վայր: