ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԻ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 6–ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Արցախի պետական կամերային նվագախմբի 10-ամյակի հոբելյանին, որին հաջորդեց տոնական համերգ: Նվագախմբի 10-ամյակի հանդիսավոր երեկոյին ելույթ ունեցան ու նվագախմբի տարեդարձը շնորհավորեցին ու բարեմաղթանքների խոսք ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը, որոնք բարձր գնահատեցին նվագախմբի գործունեությունը: Աշոտ Ղուլյանն ասաց. «Լինելով Հայկական բարեգործական ընդհանուր միության` Արցախում իրականացվող ամենահեղինակավոր ծրագրերից մեկը, Արցախի պետական կամերային նվագախումբն իր շարքերում ունի ծննդով արցախցի երաժիշտների մի աստղաբույլ, որոնք այսօր կազմում են խմբի անբաժանելի մասը»: Եզրափակելով իր խոսքը, Աշոտ Ղուլյանը նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանին հանձնեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակին նվիրված հուշամեդալ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում նշեց, որ Արցախի մշակութային կյանքն այլևս անհնար է պատկերացնել առանց պետական կամերային նվագախմբի: Նա նույնպես բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի և Արցախի կառավարության համագործակցությունը Արցախի պետական կամերային նվագախմբի ստեղծման գործում, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մտահղացան և իրականացրին այդ նվագախմբի ստեղծումը: Նվագախմբի 10-ամյակի առիթով շնորհակալագրեր ու շնորհավորական ուղերձներ հանձնվեցին Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ի, ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի, Արցախի Թեմի Առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու երաժշտական հաստատությունների ու խմբերի կողմից: Տոնական համերգի ծրագիրն ընգրկում էր ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ռ. Ալթունյանի, Է. Հովհաննիսյանի, Ս. Իռադյեի, Խ. Ռոդրիգեսի, Ա. Պիացոլայի, Ա. Բաբաջանյանի հայտնի գործերը: Արցախի կամերային նվագախումբն ստեղծվել է 2004 թ. ՀԲԸՄ.ի նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Այդ օրվանից միությունը շարունակում է հովանավորել նվագախմբին, որի ջութակահարները, ալտահարներն ու թավջութակահարները մասետրո Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ բազմաթիվ համերգներով հանդես են եկել Արցախում, Հայաստանում և արտասահմանյան երկրներում:

 

ՏԵՍԱՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԻ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: