ՀԱՀ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ - 2014

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտների թիվն ավելացավ ևս 215-ով: Մայիսի 31-ին, ՀԱՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ավարտական հանդիսությունը` մասնակցությամբ պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: Հանդիսության պաշտոնական մասն սկսվեց այս տարվա շրջանավարտների տոնական շքերթով և համալսարանի նախագահի, քոլեջների դեկանների և դասախոսակազմի հանդիսավոր մուտքով: Հնչեցին ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր օրհնությունը բերեց ներկաներին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը: Ավարտական հանդեսի և շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև ՀԱՀ Կորպորացիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ, Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դր. Աննա Կարագոզյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ՀԱՀ Հիմնադրամի Հոգաբարձու և ՀՊՃՀ նախկին ռեկտոր Դր. Յուրի Սարգսյանը և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 11-րդ ընտրատարածքից նահանգային սենատի նախկին անդամ Ջոզեֆ Սիմիթյանը: ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Սենատոր Ռիչարդ Դուրբինը նույնպես ողջունել է շրջանավարտներին տեսաուղերձի միջոցով: Շրջանավարտների անունից համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով հրաժեշտի և երախտիքի խոսք ասացին 2014-ի շրջանավարտներ Լիլիթ Թևոսյանը և Սևան Ադուրյանը: Այնուհետև, 215 երիտասարդ ու եռանդուն տղաներ և աղջիկներ իրենց համապատասխան բաժինների դեկանների կողմից մեկ առ մեկ հրավիրվեցին բեմ` ստանալու մագիստրոսի կոչում հետևյալ բնագավառներում. գործարար կառավարում, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, անգլերենը որպես երկրորդ լեզու, իրավագիտություն, ճարտարագիտություն, հանրային առողջապահություն, և համակարգչային և տեղեկատվական գիտություններ: Գլխարկների նետման ավանդական ու խանդավառ արարողությունով էլ ավարտվեց հանդիսությունը, որին հաջորդեց ընդունելություն: Այսպիով, ՀԱՀ շրջանավարտների ընդհանուր թիվը հասավ 2663-ի: Ավարտական հանդիսությանը ներկա էր նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: ՀԱՀ-ի ստեղծման օրվանից ՀԲԸՄ-ն եղել և մնում է համալսարանի խոշորագույն աջակիցներից: Երեկոյան տեղի ունեցավ ՀԱՀ շրջանավարտների ավարտական ճաշկերույթը:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԱՀ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ - 2014

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: