ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Մայիսի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստն անցկացվեց ընդլայնված կազմով: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին ներկա էին նաև տարբեր համայնքներից հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոսության և Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի հոգևոր դասի ներկայացուցիչներ: ՀՀ Նախագահն իր բացման խոսքում նշեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: Ելույթներով հանդես եկան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Հովել Միքայելյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ավանդական կուսակցությունների` ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաև համահայկական խոշորագույն կառույցների ղեկավարները: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը ներկայացրեց նիստին մասնակցող ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Նիստի մասնակիցներին ներկայացվել է նաև պետական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշակած Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը` անմոռուկ ծաղիկը: Նիստի նախօրեին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը: Հանդիպման մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: Ելույթներ ունեցան նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները` Ֆրանսիայի հանձնախմբի ազգային պատասխանատու Ալեքսի Գյովջյանը (ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ), Փարիզի Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Եգիպտոսի տարածաշրջանային հանձնախմբի պատասխանատու Պերճ Թերզյանը (ՀԲԸՄ Եգիպտոսի Շրջանակային Հանձնաժողովի ատենապետ), և այլք: Նրանք ներկայացրին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` տարածաշրջաններում իրականացված միջոցառումները և առաջիկա անելիքները: