ԹՈՒՐՔԵՐ, ՀԱՅԵՐ ՈՒ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Եվրոպայի, EGAM եվրոպական և Dur De ու IHD թուրքական հասարակական կազմակերպությունների պատվիրակությունը Երևանում

ՀԲԸՄ Եվրոպայի, EGAM եվրոպական հակացեղապաշտական հասարակական կազմակերպության, թուրքական Dur De և IHD հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում Ստամբուլում: Այս տարի նույնպես, նույն կազմակերպությունների նախաձեռնությամբ, Ստամբուլում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Ավանդույթի համաձայն, այդ կազմակերպությունների ներկայացուցիչները Ստամբուլից հետո ժամանեցին Երևան, այստեղ նույնպես կազմակերպելու ոգեկոչման միջոցառումներ ու հանդիպումներ ունենալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հասարակական կազմակերպությունների հետ: Ապրիլի 25-ին, տաս հոգուց բաղկացած պատվիրակությունը, ժամանեց Երևան: Ապրիլի 26-ին, պատվիրակներից երեքը` EGAM կազմակերպության նախագահ Բենջամին Աբթանը, Dur De-ի ներկայացուցիչ Լևանդ Շենսեվերը և ՀԲԸՄ Եվրոպայի անդամ Դիանա Հաջգարոն, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանի հետ միասին, «Արմենպրես» մամուլի սրահում տվեցին ասուլիս: «ՀԲԸՄ Եվրոպայի կառույցն արդեն երկրորդ տարին է, որ մարդկային իրավունքների պաշտպան եվրոպական ու թուրքական հասարակական կազմակերպությունների հետ միասին Ստամբուլում կազմակերպում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման այդ միջոցառումներն օրըստօրե ընդլայնվում են, իսկ թուրթական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հանուն արդարության, մարդկային իրավունքների պաշտպանության ու ցեղասպանության ճանաչման, միանում են միջոցառումներին», - ասաց Հովիկ Եորդեկյանն իր բացման խոսքում: EGAM կազմակերպության ղեկավար Բենջամին Աբթանն ասաց, որ իրենց հաճախ են հարցնում թե չլինելով հայեր, ինչու՞ են ոգեկոչում Հայոց ցեղասպանությունը: «Պատասխանը պարզ է՝ Ցեղասպանությունը որևէ էթնիկ խմբի կամ ժողովրդի հարցը չէ, դա մարդկության խնդիրն է: Պայքարելով ցեղասպանության ժխտման դեմ՝ մենք պայքարում ենք ցեղասպանության դեմ: Ցեղասպանության ժխտողականությունը թուրքական կառավարության հիմնական գաղափարախոսությունն է: Բայց թուրքական հասարակության մեջ կան անհատներ ու կազմակերպություններ, որոնք ունեն իրենց հստակ տեսակետները և մեր կողքին են»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը` Աբթանն ասաց, - «Ինձ չի բավարարում Էրդողանի հայտարարությունը: Իհարկե, տոնայնությունը հայտարարության մեջ փոխված էր, բայց կա ժխտում, ինչը բռնություն է պատմության և մարդկության հանդեպ: Ոչ մի հասարակություն այնքան ուժեղ չէ, որ կանգնեցնի այն շարժումը, որ թափ է առնում Թուրքիայում և ոչ մի պետություն այնքան հիմար չէ, որ խաբվի Էրդողանի հայտարարությամբ և մի կողմ դնի փաստերը»: Պատասխանելով թուրքական կազմակերպությունների հանդեպ հայ հասարակության մեջ եղած անվստահության մասին հարցին DurDe-ի ներկայացուցիչ Լևանտ Շենսեվերն ասաց. «Իհարկե, հասկանալի են թուրքական հասարակական կազմակերպությունների հանդեպ հայերի անվստահության հիմքերը, քանի որ ավելի քան 90 տարի առաջ բացարձակ լռություն էր տիրում քաղաքացիական հասարակության կողմից: Այսօր մենք խնդիր ունենք. համոզել հասարակության նույնիսկ ամենաառաջադեմ ներկայացուցիչներին ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Մենք շարունակում ենք մնալ թուրք հասարակության փոքրամասնությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Ինչ վերաբերում է հատուցմանը, Շենսեվերն ասաց, որ իրենք կապեր են ստեղծել սփյուռքահայ որոշ կազմակերպությունների հետ և նրանցից ոմանք սկսել են գործել Թուրքիայում: Մի քանի ամիս առաջ կոն‎Ֆերանս են կազմակերպել, որտեղ խոսվել է հայերի տասը կետից բաղկացած պահանջների մասին, որոնք, ըստ Շենսեվերի, կարծես թե արտահայտում են սփյուռքահայերի պահանջները: Դրանցից են՝ քաղաքացիության իրավունք, գույքի վերադարձման իրավունք, ճանաչման, ներողության իրավունք և այլն: Շենսեվերի իրավապաշտպան ու ցեղապաշտության ու ազգայնամոլության դեմ պայքարող Dur De կազմակերպությունը, որ բառացի նշանակում է «Կանգ առ», հիմնվել է 2007-ին՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո և նրա աշխատանքի հիմնական մասն արշավների անցկացումն է, որպեսզի հնարավոր լինի փաստել, որ Ցեղասպանություն եղել է ու դրա համար պետք է ներողություն խնդրել: Շենսեվերն ասում է, որ 2011թ. ի վեր տարեցտարի ավելանում է Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացվող հիշատակման միջոցառումների մասնակիցների թիվը: Մամուլի ասուլիսին մասնակցող ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ու «Հայք» կազմակերպության ներկայացուցիչ Դիանա Հաջգարոն, ով Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի անդամ է, նշեց որ ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի աշխատանքի կարևոր մասը Հայոց ցեղասպանության ճանաչումն է աշխարհում: «Ես ապրում եմ Գերմանիայում, իմ նախնիները ապրել են Ստամբուլում ու գաղթել Եվրոպա Հայոց ցեղասպանության տարիներին: Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու այնպիսի զգացողություն ունեմ, կարծես վերադարձել եմ ընտանիք»: Մամուլի ասուլիսից հետո պատվիրակության անդամները բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին ու մեկ որպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև, նրանք թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ծանոթացան Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ բացված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Եվրոպացի ու թուրք հասարակական գործիչները հանդիպում ունեցան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Քննարկվեցին Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի ցուցանմուշների ցուցադրություններ ու գիտական քննարկումներ կազմակերպելու հնարավորությունները: Նույն օրը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ հանդիպում մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքագետների ու թուրքագետների հետ: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման, Ստամբուլում ամեն տարի կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին Հայաստանի հասարակական կազմակերպությունների մասնակցության, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում թուրքական քաղաքացիական հասարակությանը աջակցելու, ինչպես նաև Թուրքիայում տիրող ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին ու շրջագայեցին Երևանում: Նշենք, որ ՀԲԸՄ Եվրոպայի, EGAM-ի ու թուրքական Dur De և IHD կազմակերպությունների հրապարակած համատեղ կոչին, որով պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միացել են մեծ թվով եվրոպացի, թուրք, քուրդ ու հայ հասարակաան գործիչներ, մտավորականներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցչիներ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ԹՈՒՐՔԵՐ, ՀԱՅԵՐ ՈՒ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: