ՀԲԸՄ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ-ում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն առնչվող հարցեր: ՀԱՄՀ զբոսաշրջության ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը և Հայաստանի պատշաճ ներկայացումը միջազգային շուկայում: Այդ նպատակով որդեգրվել է զբոսաշրջության խթանման ռազմավարություն, որն իրականցվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Նիստի շրջանակներում ելույթ ունեցավ նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, որը ներկայացրեց ՀԲԸՄ-ի ծրագրերը Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությամբ: «ՀԲԸՄ-ն մշտապես պահպանել ու տարածել է հայ ինքնությունը, մշակույթն ու ժառանգությունը թե հայրենիքում, թե ողջ աշխարհում: Այսօր մենք սկսում ենք նոր նախաձեռնություն, որը երկարաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա», - ասաց պարոն Յակուբյանը: Տեսանյութի միջոցով նա ներկայացրեց ՀԲԸՄ-ի համաշխարհային ցանցն ու 26 երկրների 70 քաղաքներում գործող կենտրոնները, որոնք կարող են կարևոր դեր ունենալ այս ռազմավարական ծրագրի իրականացման գործում: Այդ կենտրոններում կստեղծվեն տեղեկատվական գրասենյակներ, որոնց նպատակն է պատշաճ ներկայացնել Հայաստանը միջազգային շուկայում: