ՆՈՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի 11-րդ շրջանը հայրենիք բերեց ևս 44 երիտասարդի

2013թ.-ին ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը տոնեց իր 10-ամյա հոբելյանը: Այս տարի, նոր ուժով ու եռանդով, ծրագիրը բացեց նոր տասնամյակի առաջին էջը: 11-րդ «Բացահայտիր Հայաստանը» հայրենիք բերեց 44 սփյուռքահայ երիտասարդների աշխարհի 7 երկրներից` ԱՄՆ, Լիբանան, Կանադա, Մոնակո, Ռուսաստան, Սիրիա և Ֆրանսիա: 3-շաբաթյա ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելեցին տեսարժան վայրեր, տարբեր մշակութային միջոցառումներ, հանդիպումներ ունեցան քաղաքական ու հասարակական գործիչների հետ: «Շատ բան չգիտեի իմ արմատների մասին, բայց միշտ էլ հետաքրքված եմ եղել իմ ինքնությամբ: Երբ այսպիսի հնարավորություն ընձեռվեց, որ եղբորս և քրոջս հետ այցելեմ Հայաստան մեկ ծրագրի շրջանակներում, որոշեցի անպայման օգտվել: Մինչև Հայաստան գալս բոլորովին այլ պատկերացում ունեի հայրենիքիս մասին և ուրախ եմ, որ այդ պատկերացումներս իրականությանը չեն համապատասխանում: Վստահ եմ, որ ապագայում էլ ավելի լավ է լինելու», ասաց Իեն Ուոլթերսը, ԱՄՆ-ից: Ծրագրի առանցքային բաղադրիչներից են կամավոր համայնքային ծրագրերն ու այցելությունը Արցախ: Համայնքային ծրագրերի շրջանակներում «Բացահայտիր Հայաստանն» արդեն երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ այդ համագործակցությունը երիտասարդներին տարավ Երևանի Սիլիկյան թաղամաս, որտեղ Fuller Armenia-ն և ՀԲԸՄ երիտասարդներն օգնեցին Գդոյանների ընտանիքին ավարտին հասցնել կիսակառույց տունը: «Արդեն հինգ տարի է կառուցում ենք այս տունը և դեռ շատ աշխատանք կար անելու: Իմանալով, որ Ֆուլլեր ընկերությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ նմանատիպ աջակցության ծրագրեր է իրականացնում, դիմեցի նրանց և պետք է ասեմ, որ հիացած եմ այս երեխաներով, հիացած եմ նրանց միասնությամբ: Սփյուռքից վեր են կացել եկել են հայրենիք, որ ինձ նմաններին օգնեն: Տարբեր երկրներից, իրար չճանաչելով կամ նոր ծանոթացած, համախմբվել են մեկ նպատակի շուրջ` այն է օգնել հային: Ես հիացած եմ ուղղակի: Շատ շնորհակալ եմ բոլորին», ասում է տանտիրուհին` Արփինե Գդոյանը: Իսկ ծրագրի ամենափոքր մասնակիցներից մեկը` Քերբի Սաքարյանն ասաց. «Մեկ շաբաթ է Հայաստանում եմ 40 այլ երիտասարդների հետ և արդեն շատ նոր ընկերներ ունեմ ԱՄՆ-ից, Լիբանանից: Ես ինքս Կանադայից եմ: Երկրորդ օրն է այս տանն ենք աշխատում: Օգնում ենք այս մարդկանց ավարտին հասցնել իրենց տան շինարարությունը: Այսօր 14 տարեկան դարձա: Հպարտ եմ, որ մաս եմ կազմում այս ծրագրին»: Օգոստոսի 10-12-ը, ծրագրի մասնակիցներն Արցախում էին, այցելեցին տեղի պատմամշակութային կոթողներ, Շուշի, Գանձասար: Ավանդույթ է դարձել նաև երիտասարդների կողմից նոր գրքերի նվիրատվությունը Ստեփանակերտի մանկական գրադարանի օտարալեզու գրականության տաղավարին: Այդ տաղավարը հիմնվել է «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի 2009թ. մասնակիցների կողմից և ամեն տարի համալրվում է նոր օտարալեզու գրականությամբ: Ստեփանակերտում խումբն այցելեց նաև մանկատուն` բազմաթիվ նվերներով ու զվարճալի խաղերով ուրախացնելու մանկատան երեխաներին: «Քույրս էր եկել Հայաստան այս ծրագրով և շատ գոհ էր: Ինձ ասաց` դու էլ պետք է գնաս: Եվ ահա ես էլ այս տարի եկա և շատ շնորհակալ եմ այս առիթի համար: Այցելեցինք Արցախ: Գիտեմ, որ ինձ նման երիտասարդներ էլ են այն ժամանակ կռվել այս հողերի համար: Ես էլ եթե այստեղ լինեի այդ տարիներին վստահաբար կգնայի կռվելու: Իսկ այժմ, երբ մեր եղբայրներն ու հարազատները կռվել ու վերադարձրել են այս հողերը, մենք գոնե պետք է պահենք դրանք», ասաց Արամ Խաչատուրյանը Լիբանանից: Հիշարժան էր սփյուռքահայ երիտասարների այցելությունը Գյումրի, որտեղից տեսան նաև Անիի ավերակներն ու արևմտյան Հայաստանի մեր պատմական հողերը: Ծրագրի ընթացքում մասնակիցները հաճախում էին նաև հայկական երգի, պարի և կավագործության դասերի: Իսկ վերջում հանդես եկան նաև համերգով ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը: Խումբն այցելեց նաև Էջմիածին, Ծաղկաձոր, Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի, Սևան, Նորավանք, Մատենադարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀԲԸՄ և Հայկական վիրտուալ համալսարան, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի բարեգործական ճաշարան` շփվելու և ճաշ մատուցելու կենտրոնից օգտվող տարեցներին: Կենտրոնն ամենօրյա սնունդ է ապահովում կարիքավոր թոշակառուների համար: Օգոստոսի 17-ին, խումբն այցելեց Ծաղկաձորի Կեչառիս վանք մասնակցելու խաղողօրհնեքի արարողությանը: Մասնակիցները խոստովանում են, որ ՀԲԸՄ ծրագրով հայրենիք այցելելն էապես տարբերվում է ծնողների հետ, որպես սովորական զբոսաշրջիկ այցելություններից: Երեվանն իր գեղեցիկ փողոցներով ու ռեստորաններով ճանաչելուց բացի, այս ծրագրերն օգնում են բացահայտել և ճանաչել իրական Հայաստանը` իր առօրյայով ու խնդիրներով, սերտ կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ: ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրն առաջին անգամ իրականացվեց 2003-ին: Անցած 11 տարիների ընթացքում այս ծրագրի օգնությամբ Հայաստանն իրենց համար բացահայտել են մոտ 350 հայ երիտասարդներ ավելի քան 25 երկրներից: Ծրագիրը վարում է ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Բացահայտիր Հայաստանը ՆՈՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: