ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԲԱՑԵՑ ԻՐ ԴՌՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոռու մարզի գեղատեսիլ բնությունը կրկին անգամ հյուրընկալեց աշխարհի չորս անկյուններից հայրենիք ժամանած ՀԲԸՄ սկաուտներին: Հուլիսի 9-ին, ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարն արդեն 7-րդ անգամ բացեց իր դռները Միության սկաուտների առջև: Ճամբարի այս տարվա առաջին հանգրվանին մասնակցեցին 220 սկաուտներ 6 երկրներից` Լիբանան, Սիրիա, Վրաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Բուլղարիա և Հայաստան: Բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը. «Պետք է թարմացնել պատմական հիշողությունը: Պետք է անցյալը լավ հիշել, որպեսզի ներկան ավելի ապահով դառնա: Այն ինչ այսօր հաջողվում է սկաուտներին ՀԲԸՄ-ի շնորհիվ, մեր նախնիների երազանքն էր, որ անկատար մնաց: Այս սերունդը պարտք ունի Մեծ Եղեռնի նահատակների առջև: Նրանք այս Հայաստանը տեսնել կփափագեին, այստեղ ապրել ու արարել կփափագեին, բայց ավաղ, չտեսան ու այդ բախտին չարժանացան: Նրանց փոխարեն այսօր այստեղ կանգնած եք դուք` նրանց թոռներն ու ծոռները»: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: «Սկաուտական ճամբարը, ինչպես նաև ՀԲԸՄ-ի մյուս բոլոր երիտասարդական ծրագրերը, ինքնանպատակ չեն անշուշտ: Սա ոչ միայն սկաուտական սկզբունքների զուտ կիրառական նշանակություն ունի, ի նկատի ունեմ ճամբարային մթնոլորտը, գիտելիքներն ու վարժանքները, այլ նաև առաջին հերթին ուղղված է հայրենաճանաչության», ասում է ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար իրենց սեփական աչքերով տեսնելու հայրենիքը, նրա պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև շփվելու տարբեր երկրներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ: Բնության գրկում անցկացրած օրերն ու փորձություններն էլ ավելի են ամրացնում մեր երիտասարդների մեջ կարգապահության, միմյանց օգնելու և միասին դժվարություններ հաղթահարելու, ինչպես նաև տարբեր կամավոր համայնքային ծրագրերում ներգրավվելու ձգտումը: Ծրագրի շրջանակներում ճամբարականներն այցելեցին Էջմիածին, Գեղարդ, Սևան, Հաղպատ, Գոշավանք և Գոշի լիճ, Ծիծեռնակաբերդ և Մատենադարան: Կազմակերպվեց նաև այցելություն ՀԲԸՄ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տուն: ՀՀ սփյուռքի նախարարությունում ճամբարականներին հյուրընկալեց նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք ողջունում ենք, մենք ծափահարում ենք ՀԲԸՄ-ին այս գործունեության համար, որովհետև սփյուռքում ապրող երիտասարդը հայրենիքը հեռվից ճանաչել չի կարող, նա պետք է այցելի և զգա հայրենիքը: Այս ծրագրերը կարևոր նշանակություն ունեն սփյուռքի մեր երիտասարդներին հայրենիքին հավերժ կապելու համար: Սա ամենակարևորն է նրանց ինքնության, նրանց արմատներին ու հայրենիքին հավատարիմ մնալու համար», ասաց նախարարը: Չնայած ծրագրային ընդհանրություններին, ճամբարի յուրաքանչյուր տարին իր հետ բերում է փոփոխություններ, նոր ու անմոռանալի հանդիպումներ: Այդպիսին էր այս տարվա այցը Գյումրի, որտեղ սկաուտներն առիթ ունեցան ներկա գտնվել «Գոհար» անսամբլի փորձին և ունկնդրել նրանց չքնաղ երաժշտության հնչյունները: Անմոռանալի էր նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրած օրը, որտեղ սկաուտները շփվեցին Թումոի սաների ու աշխատակազմի հետ, ծանոթացան կենտրոնի ծավալած գործունեությանը, կատարեցին իրենց առջև դրված հանձնարարությունները: Համակարգչային խաղեր, անիմացիա և համակարգչային գրաֆիկա, երաժշտություն, ռոբոտաշինություն, վեբ դիզայն. այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան զբաղմունք: Իսկ հուլիսի 15-ին, իր խոստմանը համաձայն, ճամբար այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը մի քանի ժամ անցկացրեց սկաուտների հետ` մտերմիկ զրուցելով ու շփվելով նրանց հետ: «Անդրանիկ» բանակումի առաջին փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 20-ին: Բացի սկաուտներից խարույկահանդեսին ներկա էին նաև ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակիցները, ՀԲԸՄ անդամներ և բարեկամներ` Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի գլխավորությամբ, բազմաթիվ ծնողներ և հյուրեր: Իր ելույթով կրկին անգամ փայլեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի փողային նվագախումբը: Սա հրաշալի առիթ էր Միության տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան ժամանած տարբեր տարիքի և նախասիրությունների սփյուռքահայ երիտասարդների համար միմյանց հետ ծանոթանալու, շփվելու և տպավորություններով կիսվելու համար: Արսեն Անտոնյանը սկաուտական շարժման անդամ է, այժմ ծառայում է Արցախում: Վերջերս զորամասում ճանաչվել էր լավագույն զինվոր և վաստակել 5-օրյա արձակուրդ, որն առանց երկմտելու որոշել էր անցկացնել իր ամենասիրած վայրում` Անդրանիկ սկաուտական ճամբարում: Բանակումի 2-րդ փուլին մասնակցում էին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի 100 սկաուտներ: 2-րդ փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 27-ին, որի ընթացքում հյուրերին մատուցվեց ավանդական հայկական հարիսա: Այն ազդարարեց «Անդրանիկ» սկաուտական 7-րդ բանակումի ավարտը: Հուլիսի 9-ից օգոստոսի 1-ը շուրջ 220 սկաուտներ վայելեցին հայրենի բնությունը, ծանոթացան պատմական հուշարձաններին, ապրեցին, տեսան, ոգևորվեցին ու ոգևորեցին: Անցած յոթ տարիների ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարը հյուրընկալել է 2300 ՀԲԸՄ սկաուտներ ամբողջ աշխարհից: «Այս ճամբարը միայն այս սկաուտներին չէ, որ բերում է Հայաստան: Այս պատանիներն առիթ են, որ Հայաստան այցելեն նաև իրենց ծնողները: Շատերը ճամբարի ավարտից հետո էլ իրենց ծնողների հետ շարունակում են մնալ և վայելել հայրենի օդն ու ջուրը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այս սկաուտական ճամբարը», ասաց ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գեվորգ Սանթուրյանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Անդրանիկ սկաուտական ճամբար ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԲԱՑԵՑ ԻՐ ԴՌՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: