Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013

ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ 300 ՍԿԱՈՒՏՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

 

 

 

ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական 6-րդ բանակումի մեկնարկը տրվեց հուլիսի 14-ին, Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող ՀԲԸՄ ճամբարում: Բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը: Սկաուտական բանակումի առաջին փուլին մասնակցում էին ՀԲԸՄ Բեյրութի, Թեհրանի, Թբիլիսիի և Բաթումիի խմբերը ներկայացնող 140 սկաուտներ: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: «Անդրանիկ» սկաուտական բանակումի առաջին փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին: Արարողությանը մասնակցում էին ՀԲԸՄ ներկայացուցիչներ` Հայաստանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանից ժամանած բազմաթիվ հյուրեր: Կատարվեց դրոշի արարողությունն ու սկաուտական խմբերի տողանցքը, որին այս տարի հատուկ փայլ տվեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի նորաստեղծ փողային նվագախումբը: «Մեր թիվն ավելանում է տարեցտարի, բայց մեր ուժը միայն քանակի մեջ չէ, մենք ուժեղ ենք մեր հոգով ու մեր Միության պատմական անցալով ու պայծառ ապագայով: Այս երիտասարդներն են, որ կերտելու են այդ ապագան: Այն ինչ ավելի քան մեկ դար կերտել են մեր երախտավորները, այս երիտասարդները պետք է շարունակեն», - ասաց «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյան:

Շաբաթ, 10 Օգոստոսի 2013

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ

 

 

 

 

Արդեն 7 տարի անընդմեջ անցկացվում է ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրը` հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ երիտասարդներին իրականացնել ևս մեկ երազանք. այցելել Հայաստան ոչ թե սոսկ որպես զբոսաշրջիկ, այլ այցելել Հայաստան ապրելու և աշխատելու: Սա հնարավորություն է ինքնահաստատման և ինքնադրսևորման, կյանքի և ինքնության վերաիմաստավորման, հնարավորություն մի բան փոխելու և սեփական ներդրումն ունենալու, սովորելու և սովորեցնելու, օգտագործելու սեփական կարողությունները և փորձելու հայրենիքի հետ ունեցած կապի ամրությունը: ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 29 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա: Վեց շաբաթ շարունակ նրանք ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով: Ծրագիրն, ինչպես միշտ, հագեցած էր. առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի զբոսանքներ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ ինիպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Grand Thornton ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, «Հետք» լրատվական գործակալությունը, Emporium ընկերությունը, «Ոսկե ծիրան» փառատոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, RepatArmenia ընկերությունը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակը և այլ առաջատար կազմակերպություններ:

Ուրբաթ, 28 Հունիսի 2013

20 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՆՈՐ ՆՊԱՏԱԿՈՎ

 

 

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու որակներով: Այսօր նրանցից շատ շատերը, թե Հայաստանում և թե արտերկրում, զբաղեցնում են բարձր պաշտոններ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև մասնավոր հատված: Ուրախալի և օրինակելի է այն, որ ՀԱՀ շրջանավարտները փորձում են մշտապես պահել կապը իրենց համալսարանի հետ և ամենատարբեր առիթներով օգտակար լինել հաստատության հետագա ծրագրերին ու զարգացմանը: Հուլիսի 12-ին, ավարտելուց 20 տարի անց, ՀԱՀ առաջին շրջանավարտները հավաքվեցին իրենց մայր ԲՈՒՀ-ում` նշելու այդ հոբելյանը: 20 տարի անց, արդեն հասուն, հաստատված և իրենց ասպարեզներում որոշակի դիրքի հասած այս անհատները որոշել էին, որ այս անգամ իրենց հերթն է աջակցելու տարիներ առաջ, մասնագիտական առաջին քայլերն անելիս, իրենց օգնած ու կրթած հաստատությանը: ՀԱՀ առաջին շրջանավարտների նպատակն էր ստեղծել մնայուն մի բան և այդ մնայունը հիմնադրամն էր: Տոնական միջոցառմանը եկել էին մասնակցելու գրեթե բոլորը` Երևանից, մարզերից, արտերկրից: Այս միջոցառմանը նախորդած մի քանի հանդիպումների արդյունքում որոշվել էր ստեղծել ՀԱՀ շրջանավարտների հիմնադրամ` համալսարանի կարիքավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Որոշվել էր հավաքել 20,000 ԱՄՆ դոլար, բայց արդյունքը գերազանցեց նախատեսվածը. հավաքվեց 24,000 ԱՄՆ դոլար, որի կտրոնն էլ տոնական հանդիսության ժամանակ շրջանավարտները հանձնեցին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանին:

Երկուշաբթի, 24 Հունիսի 2013

ՀԲԸՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է աջակցել Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններին և այդ համալսարաններում ներգրավված ուսանողներին: Վերջին 10 տարիներին Հայաստանի ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ) եղել և այժմ էլ մնում է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում: Հունիսի 21-ին, Երևանի «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ միանգամից երկու միջոցառում` ՀՖՀ «Շրջանավարտների տեղեկատու»-ի շնորհանդեսը:

Երկուշաբթի, 17 Հունիսի 2013

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

 

 

Հունիսի 2-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական ավարտական հանդիսությունը` մասնակցությամբ պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: 124 շրջանավարտների այդ օրը շնորհվեց մագիստրոսի աստիճան` ՀԱՀ շրջանավարտների ընդհանուր թիվը հասցնելով 2448-ի: Ավարտական արարողության պաշտոնական մասը սկսվեց 2013-ի շրջանավարտների տոնական շքերթով և համալսարանի նախագահի, քոլեջների դեկանների և դասախոսակազմի հանդիսավոր մուտքով: Հնչեցին ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորկրթական հաստատությունների վերատեսուչ, Գեվորգյան ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր օրհնությունը բերեց ներկաներին: Բացման խոսք ասացին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը և Պրովոստ Դենիս Լիվենսը: Ավարտական հանդեսի ուղերձներով հանդես եկան նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Շրջանավարտների անունից համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով հրաժեշտի և երախտիքի խոսք ասացին 2013-ի շրջանավարտներ Տաթևիկ Խաչատրյանն ու Թամար Կաբասակալյանը: Այնուհետև, 124 երիտասարդ ու եռանդուն տղաներ և աղջիկներ իրենց համապատասխան բաժինների դեկանների կողմից մեկ առ մեկ հրավիրվեցին բեմ` ստանալու մագիստրոսի կոչում հետևյալ բնագավառներում. գործարար կառավարում, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, անգլերենը որպես երկրորդ լեզու, իրավագիտություն, ճարտարագիտություն, և համակարգչային և տեղեկատվական գիտություններ:

Շաբաթ, 15 Հունիսի 2013

ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՊԱԳԱՆ

Ապրիլի 8-ին, ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության դահլիճում, անցկացրեց Բաց դռների օր` ամփոփելու արված աշխատանքն ու ներկայացնելու ապագա ծրագրերը, ինչպես նաև համալրելու թիմը նոր անդամներով: Բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ ԵԱ Երևանի նախագահ Հարություն Պողոսյանը, որը ներկայացրեց թիմի ռազմավարությունը, անցած ուղղին ու սպասվող նախաձեռնությունները: 

Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013

ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը ջերմոցներով ապահովելու ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի ծրագրին անցյալ աշնանը միացան նաև ՀԲԸՄ ԵԱ խմբեր ամբողջ աշխարհից: Այսպիսով Բարեկամավանի զարգացման ծրագիրը դարձավ համաշխարհային ծրագիր` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների ողջ ցանցի մասնակցությամբ: Արդյունքում հանգանակվեց մոտ 7000 ԱՄՆ դոլար, որով այժմ շարունակվում են ծրագրի իրականացման աշխատանքները:

Ուրբաթ, 07 Հունիսի 2013

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հունիսի 6-ը երաժշտական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի` աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ծննդյան 110-րդ տարեդարձի օրն է: Ի թիվս ծրագրված բազմաթիվ ավանդական համերգների և ելույթների, Երևանի կենտրոնում տեղի ունեցավ «Սուսերով պար փողոցում» եզակի և բացառիկ միջոցառումը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Emporium ընկերության հետ, ժամանակակից մատուցմամբ ներկայացրեց Խաչատրյանի հանրահայտ սուսերով պարը «Գայանե» բալետից:

Հինգշաբթի, 06 Հունիսի 2013

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՊԱՏՎՈՒՄ Է ՆԱԶԱՐ ԵՎ ԱՐՏԵՄԻՍ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Կան մարդիկ, որոնք տալիս են ուրախությամբ և հենց այդ ուրախությունն է նրանց պարգևը: Լեգենդար բանաստեղծ Խալիլ Ժիբրանի այս խոսքերը կարելի է համարել կյանքի դավանանք տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների համար: Մայիսի 10-ին, մոտ 400 հրավիրյալների մասնակցությամբ, Նյու Յորքի հանրահայտ Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման երեկոն` կազմակերպված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ: Երեկոն անցավ Թեմական առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի բարձր հովանու ներքո: Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների: Երեկոյին ներկա էին Վաշինգտոնում Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և այլոք:

Երկուշաբթի, 03 Հունիսի 2013

ՀՀ ՄԱՐԶԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Մայիսի 7-10-ը, Ծաղկաձորի Գրողների Տունը հյուրընկալել էր շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը: Ութամսյա լարված ու համառ պայքարից հետո, սկզբնական ավելի քան 5,000 մասնակցից եզրափակիչ փուլ էին անցել 72 մասնակից (18 թիմ, յուրաքանչյուրում 4 հոգի` 3 տղա և 1 աղջիկ): Հենց այս 18 թիմերն էլ Ծաղկաձորում մրցեցին պատվավոր առաջին տեղի և ՀԲԸՄ-ի կողմից սահմանած մրցանակների համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: