«ՈՉ ՄԻ ՆՊԱՏԱԿ ԵՐԲԵՔ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ՀԵՌՈՒ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Ամերիկաբնակ Անի Ջիրջիրյանի վեց շաբաթները Հայաստանում

Անի Ջիրջիրյանն ապրում է ԱՄՆ-ում: Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի շրջանակներում, Անին 6 շաբաթ անցկացրեց Հայաստանում` աշխատելով Հայաստանի մանուկներ հիմանդրամի (COAF) մի ծրագրում, որը նախատեսված էր աջակցելու Լեռնագոգ գյուղի երեխաներին: Հայաստանում անցկացրած վեց շաբաթների իր տպավորություններով ու անկրկնելի փորձառությամբ, որը փոխեց իր կյանքը, Անին կիսվեց նաև մեզ հետ: «Անունս Անի Ջիրջիրյան է և ես ներկայումս ներգրավված եմ ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրում: 19 տարեկան եմ և սովորում եմ հոգեբանություն և վոկալ արվեստ Նյու Յորքի Ադելֆի համալսարանում: Շատ եմ սիրում իմ մշակույթը և, ապրելով ԱՄՆ-ում, ուր միաձուլվում են ամենատարբեր մշակույթներ, պայքարել եմ պահպանելու համար իմ ինքնությունը: Միշտ երազել եմ այցելել Հայաստան ու անձամբ տեսնել ու զգալ այն ամենը, ինչ ծնողներս տարիներ շարունակ պատմել են քրոջս ու ինձ: Այսօր, ոչ միայն անմոռանալի օրեր եմ անցկացնում Հայաստանում` հույսով ու աշխատելով փոխել իմ ժողովրդի կյանքը, այլ նաև զգում եմ, թե ինչպես է այս փորձառությունն ինքը փոխում իմ սեփական Այնտեղ ներգրավված եմ երեխաների համար մշակված ամառային մի ծրագրում: Երեխաներ, ում կյանքի պայմանները շատ հեռու են միջին ընդունված չափորոշիչներից: Նրանցից շատերը որբ են, մյուսները ենթարկվում են տարատեսակ շահագործումների: Մեծամասնությունն այնքան աղքատ է, որ անկարող է ամենօրյա հաց հայթայթել: Բոլորն անասելի հետ են դպրոցական ծրագրից, որի պատճառը կամ ընտանիքում ուշադրության ու պատշաճ խնամքի բացակայության արդյունքում ձեռք բերված մտավոր հետամնացությունն է, կամ էլ ընդհանրապես դպրոց հաճախելու անկարողությունը: Ես օգնում եմ այդ երեխաներին սովորել մաթեմատիկա և հայերեն կարդալ և գրել: Սովորում ենք նաև հայերեն և անգլերեն երգեր, միասին աշխատում պարային մի համարի վրա: Երեխաները, ում հետ աշխատում եմ աննկարագրելի գեղեցիկ ու հիասքանչ էակներ են, 7-12 տարեկան: Շատ հազվադեպ են արժանանում դրսից ուշադրության և չեն շփվում այլ մշակույթների ու համայնքների հետ: Սա ակնհայտ դարձավ, երբ ասացի, որ Ամերիկայից եմ: Մի մասն ասացին, որ Ամերիկան մի քաղաք է Մոսկվայում, որն էլ գտնվում է Անգլիայում: Այդ օրվանից ի վեր այնքան շատ հարցեր եմ ստանում իմ ապրելու վայրի, աշխատանքի ու ԱՄՆ-ում ապրող մարդկանց մասին: Երեխաները հիացած են անգլերեն լեզվով և հուսով են մի օր սովորել այն ու ինձ հետ խոսել իմ երկրորդ մայրենի լեզվով: Աննկարագրելի է, թե որքան են այս երեխաները սիրում լուսանկարչական ապարատը: Հաճախ խնդրում են ինձ լուսանկարել իրենց կամ թույլ տալ, որ իրենք իրար լուսանկարեն: Այնպես են դիրքավորվում կարծես ամսագրի շապիկի համար են նկարվում, և եթե ես հանկարծ լուսանկարում եմ նրանցից որևէ մեկին, ապա վայրկյաններ անց բոլորն արդեն հերթի են: Մի օր ծնողներից մեկը սկսեց դաշնամուր նվագել: Երբեք չէի լսել այդ երգը, բայց բոլոր փոքրիկները մեկ մարդու նման սկսեցին երգել Հայաստանի մասին երգը: Երբեք չէի տեսել, որ երեխաներն այսքան ոգևորվածությամբ ու կրակոտ երգեն իրենց հայրենիքի մասին: Այն ժպիտ առաջացրեց բոլորի դեմքերին…և արցունքներ իմ աչքերում: Մի երկրում, որտեղ աղքատությունն ամենուր է, դժվար է օգնել յուրաքանչյուր երեխայի և փոխել նրանց կյանքը: Այնուամենայնիվ, իմ նպատակն է փոխել յուրաքանչյուր հուսահատված փոքրիկի աշխարհայացք: Ես կլինեմ այն ոգեշնչումը, որ պետք է նրանց ասելու հետևյալ բառերը. «Այո, ես կարող եմ մի օր բժիշկ դառնալ»: Այս երեխաներն ահռելի մեծ ներուժ ունեն, բայց չունեն հնարավորություն իրենց ունակությունները գործի դնելու: 16-ամյա մի տղա կար, տարիներ շարունակ անգլերեն էր սովորել և դիմել էր Նորմանդիայում ուսանողների փոխանակման մի ծրագրի: Դիմել ու ընդունվել էր, բայց ստիպված էր մերժել առաջարկը, քանի որ ընտանիքը բավարար գումարներ չուներ հոգալու ճանապարհածախսը: Ես շատ բան իմացա այս երեխաների մասին, մի մասը ծնողներից, մյուս մասն ուսուցիչներից, և սկսեցի ավելի լավ հասկանալ նրանց վարքը: Հասկացա, թե ինչու են ոմանք գալիս կապտուկներով ու սպիներով, և թե ինչն է նրանց դարձրել այնպիսին ինչպիսին նրանք են այսօր: Այս գյուղերում ապրող երեխաների դեմքերին շողացող ժպիտների ետևում թաքնված են գաղտնիքներ, ցանկություններ ու երազանքներ, որոնք չեն կարող իրականություն դառնալ նրանց դաստիարակության ու կրթության պատճառով: Ուզում եմ այս երեխաներին սովորեցնել թիմային աշխատանքի և ուզում եմ մի պահ հեռացնել նրանց տնային հոգսերից ու տխրությունից ու ստիպել նրանց հոգիներին ուրախանալ: Եվ քանի դեռ փորձում էի փոխել այս երեխաների կյանքը` զգացի, թե ինչպես են նրանք փոխում իմը: Նրանք բոլորն էլ մի օր կսովորեն գրել իրենց անունները կամ բազմապատկել թվերը, բայց շատ քչերն են կյանքում սովորում գնահատել պարզությունը և ուրախանալ կյանքի փոքրիկ, բայց կարևոր մանրուքներով: Մինչ աշխարհի երեխաները զբաղված են iPad-ներով խաղալով ու հեռուստացույց նայելով, իմ այս փոքրիկները զբաղված են ծառեր բարձրանալով ու ծիրան ուտելով, արևի տակ ու փոշու մեջ խաղեր խաղալով, որը, պետք է խոստովանեմ, շատ ավելի զվարճալի է, քան երբևէ կարող էի պատկերացնել: Յուրաքանչյուրն այս երեխաներից սովորելու բան ունի: Ամեն օր նրանք դիմակայում են դժվարություններ, որոնք խորթ են մեզ` ավելի լավ ապրողներիս համար: Այնքան քիչ բան ունեն նյութապես. փոքրիկ տնակներ, մաշված հագուստ ու չնչին սնունդ, բայց դա երբեք, ոչ մի օր, չխանգարեց նրանց այնպես ժպտալ ասես ողջ աշխարհն իրենցն է: Սիրտս կտոր կտոր է լինում, երբ մտածում եմ, որ պետք է թողնեմ այս երեխաներին ու հեռանամ, երբ ծրագիրն ավարտվի: Բայց սա նաև նշանակում է, որ ես պիտի վերադառնամ: Իմ գործը դեռ նոր է սկսում: Այն, ինչ սկսեց որպես փորձառության ծրագիր, որից նույնիսկ չգիտեի ինչ սպասել, վերածվեց մի բանի, որն ամբողջովին փոխեց իմ կյանքն ու աշխարհայացքը: Ես կվերադառնամ: Կվերադառնամ ոչ թե միայն այցելելու այս երեխաներին, այլ շարունակելու օգնել կառուցել պայծառ ապագա մի սերնդի համար, որն իսկապես օգնության կարիք ունի: Այս փոքրիկ գյուղում, մի խումբ երեխաների հետ սկսած աշխատանքս մի օր կներգրավի Հայաստանի բոլոր գյուղերը, իսկ այնուհետև նաև աշխարհի բոլոր փոքրիկներին: Միգուցե շատ ամպագոռգոռ հնչեց երազանքս, բայց ասեմ` ոչ մի նպատակ երբեք անհասանելի հեռու չի կարող լինել. սա ինձ սովորեցրեց Լեռնագոգի իմ փոկրիկներից մեկը»:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր «ՈՉ ՄԻ ՆՊԱՏԱԿ ԵՐԲԵՔ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ՀԵՌՈՒ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: