ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է բարձրագույն կրթության բնագավառում աննախադեպ հնարավորություն ընձեռել ուսանողներին` սովորելու մագիստրոսի կոչում շնորհող գործարար ղեկավարում, ճարտարագիտություն, իրավագիտություն, հանրային առողջապահություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, շրջակա միջավայրի պահպանություն, համակարգչային և տեղեկատվական բաժիններում։ 2007 թ. սկզբին ՀԱՀ-ն հավատարմագրվեց Դպրոցների և քոլեջների արևմտյան ընկերակցության կողմից։ 2008 թ. նոյեմբերին իր դռները բացեց ՀԱՀ նորակառույց «Փարամազ Աւետիսեան» մասնաշենքը։ ՀԱՀ-ում մեկնարկել է նաև արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների ուսումնառության ծրագիրը Հայաստանում։ Հ.Բ.Ը. Միության ու նրա բարերարների գործուն մասնակցությամբ հիմնադրված ՀԱՀ-ն շարունակում է վայելել միության աջակցությունը: Միության կառույցների կողմից համալսարանում իրականացվում են տարբեր ծրագրեր, հատկապես ՀԱՀ-ի էլեկտրոնային գրադարանին տրամադրվող օգնությունը: ՀԱՀ-ն նախաձեռնել է մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ընդլայնելու և զարգացնելու համալսարանի գործունեությունն ու կրթական ծրագրերը, այդ թվում բակալավրի որակավորման աստիճանի ներմուծումը համալսարանում 2013-2014 ուսումնական տարում, ուսանողության թվի քառապատկումը մինչև 2017թ., ՀԱՀ «Փափազյան» գրադարանի ընդլայնումը, կառավարության, համալսարանների և այլ ակադեմիական հաստատությունների հետ ՀԱՀ-ի զարգացող հարաբերությունները, ամառային և արտերկրյա ծրագրերի ընդլայնումը: ՀԱՀ-ն ավարտել են 2564 շրջանավարտներ և ներկայումս սովորում են 1212 (629 բակալավրի, 540 մագիստարտուրայի, 43 աստիճան չհետապնդող և վկայական շնորհող) ուսանող: ՀԱՀ շրջանավարտների 76 տոկոսն աշխատում է Հայաստանում, մյուսները համատեղման կարգով աշխատում են նաև այլ երկրներում: 2013թ. ՀԱՀ-ն ու ՀԲԸՄ-ն մեկնարկեցին նոր համատեղ ծրագիր աշխուժացնելու աշխատանքային շուկան Արցախում: Հինգ տարիների ընթացում ՀԲԸՄ-ն կաջակցի ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժնի կողմից իրականացվող երկարաժամկետ կրթական ծրագրին, որը կառաջարկի անգլերեն լեզվի ուսուցման վեց մակարդակ, ինչպես նաև հավաստագիր շնորհող չորս տարբեր դասընթացներ` Ռազմավարական բիզնես կառավարում, Գործադիր առաջնորդություն, Հանրային քաղաքականության մշակում և կառավարում, Զբոսաշրջություն և հյուրասիրության կառավարում: Հայաստանի ամերիկայն համալսարանի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.aua.am:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Հայաստանի ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ու Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համաձայնագրով ՀԲԸՄ-ն ութերորդ տարին անընդմեջ համալսարանի բակալավրի 1-ից 4-րդ կուրսերի գերազանց 22 ուսանողների կրթաթոշակներ է տրամադրել` հոգալով նրանց ուսման տարեկան վարձերն ամբողջությամբ։ Կրթական ծրագրերի շրջանակներում միությունն ամեն տարի ֆինանսավորում է նաև համալսարանի լավագույն ուսանողների աշխատանքային փորձառությունը Ֆրանսիայի առաջատար կազմակերպություններում և ընկերություններում։ Ընդհանուր առմամբ ՀԲԸՄ հատկացումների շնորհիվ ավելի քան 180 ուսանողներ ստացել են կրթաթոշակներ, ինչպես նաեւ շուրջ 80 ուսանողներ մասնակցել են Ֆրանսիայում կայացած աշխատանքային փորձառության ծրագրերին: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ իրականացվել է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանի գրադարանի կահավորումն ու վերազինումը ժամանակակից սարքավորումներով:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

 

ՀԲԸՄ-ի կրթանպաստ գործունեության շրջանակներում, 2012 թ. մեկնարկեց համագործակցության մի ծրագիր, որի նպատակն է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարության կրթական ծրագրերին: Այդ ծրագրով ՀԲԸ Միությունը 4 կրթաթոշակներ է տրամադրում պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ուսանողներին: Մեկ կրթաթոշակ տրամադրվում է ԱՄՆ-ում, իսկ երեք կրթաթոշակ` Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորելու համար:

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

 

2008թ. ՀԲԸՄ-ն սկսեց հովանավորել Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան, որը նախաձեռնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում և ի հայտ բերել շնորհալի մարզիկների` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում։ Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից։ Նախորդ 7 տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի 1000-ից ավելի հանրակրթական դպրոցներ ապահովվել են շախմատի տախտակներով, շախմատային ժամացույցներով, շախմատային գրականությամբ, ցուցադրական տախտակներով և պրոյեկտորներով։ Օլիմպիադայի հաղթողներն այս ընթացքում ՀԲԸՄ-ի կողմից պարգևատրվել են համակարգիչներով, MP3 նվագարկիչներով, հեռախոսներով, USB կրիչներով, դրամական պարգևներով ու մեդալներով: Վերջին տարիներին, շնորհիվ շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի, զգալիորեն աճել է հետաքրքրությունն այս մարզաձևի հանդեպ հատկապես երեխաների շրջանում: Մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում են 7-17 տարեկան մոտ 15,000 աշակերտներ 1000 դպրոցներից, արդեն իսկ ճանապարհ է հարթել շատերի համար դեպի պրոֆեսիոնալ շախմատ: 2012թ. շախմատն ընդգրկվեց նաև հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում, որպես պարտադիր առարկա: ՀԲԸ Միությունը, կարեւորելով Հայաստանում թե սփյուռքում իմաստուն մարզախաղի զարգացումը, հովանավորել է նաև Շախմատի Համահայկական առաջին օլիմպիադան:

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) օնլայն կրթության հավատարմագրված հաստատություն է, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայագիտական կրթություն է տրամադրում: ՀՎՀ-ն մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարք և հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ է տրամադրում վեց լեզվով՝ հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: 2009թ.-ից սկսած ՀՎՀ-ն դասընթացներ է առաջարկում հայագիտական կրթությամբ հետաքրքրվողներին: ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ դասարաններ այն ուսանողների համար, որոնց հասանելի չեն ավանդական, դեմ առ դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերը, ինչպես նաեւ օժանդակ նյութեր տրամադրում նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: ՀՎՀ-ն նաև ստեղծում է ուսումնական օնլայն համայնք` ողջ աշխարհում ամրացնելով հայկական մշակութային, կրթական և սոցիալական կապերը: 2014թ.-ին մեկնարկած մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքն ընդլայնում է ՀՎՀ-ի գործունեության շրջանակը նոր և առավել հետաքրքրական ուղղությամբ: էլեկտրոնային գրքերը ներկայացնում են Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում են տնտեսության, քաղաքականության, փոփ մշակույթի և արդի այլ թեմաների:Հանրամատչելի այս շարքը ներկայացված է ընթերցողների լայն լսարանի համար հետաքրքիր եւ ուշագրավ ոճով: Մուլտիմեդիա միջոցները գրքի հարուստ բովանդակությունը լրացնում են լուսանկարներով, եռաչափ պատկերներով, տեսահոլովակներով և համայնապատկերներով: ՀՎՀ-ն համագործակցում է աշխարհով մեկ սփռված կրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների և այլ կազմակերպություների հետ, ինչի շնորհիվ բացառիկ ճանաչում և տարածում է գտնում ամբողջ աշխարհում: Մինչ օրս ՀՎՀ-ն ուսանողներ է ունեցել աշխարհի ավելի քան 75 երկրից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Վենեսուելլա։ ՀՎՀ էլեկտրոնային գիրքն ընդգրկում է առավել լայն աշխարհագրություն և ունենում տարեկան ավելի քան 10.000 ընթերցում: Հայկական վիրտուալ համալսարանի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.avc-agbu.org

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Content Project Կրթություն

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: