Արխիվ

ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄ, ՔԵՐՄԵՍ ԵՎ ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԱՐԱԳԱԾ ԼԵՌ ԵՎ ՄՈՒՂՆԻ

ՀԲԸՄ սկաուտական շարժման ամենամյա գլխավոր իրադարձություններից մեկը` «Անդրանիկ» սկաուտական բանակումն այս տարվա ամռանը Հայաստան էր բերել 300 սկաուտներ աշխարհի տարբեր երկրներից: «Անդրանիկ» բանակումի ավարտից և իրենց ընկերներին հրաժեշտ տալուց հետո ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամները մասնակցեցին նաև ԼՂՀ Հայորդիներ սկաուտական շարժման կողմից կազմակերպված բանակումին: Բացի ՀԲԸՄ սկաուտներից և Հայորդիներից, Արցախյան բանակումին այս տարի մասնակցում էին նաև Աբովյան քաղաքի սկաուտական խումբը և «Րաֆֆի» Միության սկաուտները Իրանից: Առաջին ուղևորությունը դեպի Շուշի էր և Սբ. Ղազանչեցոց վանք: Այնուհետև սկաուտներին իր ողջ գեղեցկությամբ հյուրընկալեց Գանձասարի վանքը: Ծրագիրը շատ հարուստ ու հետաքրքիր էր: Սկաուտները մասնակցեցին նաև փրկարարական դասընթացների, սովորեցին տեղաշարժվել ճոպանի միջոցով, առաջին օգնություն ցույց տալ վնասված ընկերոջը, սովորեցին հետախուզական որոշ հմտություններ ու անծանոթ վայրում շուտ կողմնորոշվելու ու ելք գտնելու հնարքներ: Բանակումին հավաքված սկաուտական տարբեր խմբերը փոխանակվեցին իրենց գիտելիքներով ու հմտություններով: Երեկոներն անցնում էին խարույկի շուրջ ուրախ երգերով ու խաղերով: Վերջում տեղի ունեցավ հանդիսավոր խարույկահանդեսը և հնգօրյա բանակումը նույնպես անցավ պատմության գիրկը` թողնելով անմոռանալի հիշողություններ: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի սեպտեմբերյան միջոցառումներն այս անգամ ներառում էին նաև արշավ դեպի Արագած լեռան գագաթ և ուղևորություն դեպի Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցի: ՀՀ անկախության օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 22-ին, սկաուտական խումբը նվաճեց Արագածի հարավային գագաթը, որի բարձրությունը 3879 մետր է: Եվ չնայած հարավայինը ամենացածրն է Արագածի չորս գագաթներից, հենց այնտեղից է, որ բացվում է ամենագեղեցիկ տեսարանը: Ճանապարհը հաղթահարեցին 3,5 ժամում, իսկ նվաճումը Արագածի գագաթին տոնեցին հաղթական Յարխուշտայով: Իսկ մեկ շաբաթ անց, սեպտեմբերի 29-ին, Գևորգ Զորավարի տոնի առթիվ, սկաուտներն այցելեցին Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցի, ներկա եղան պատարագին, լսեցին քահանայի մեկնությունը, ինչպես նաև սկաուտական խմբի անդամ Մինելի Հակոբյանի դասախոսությունը Ս. Գևորգ Զորավարի մասին: Հոկտեմբերը սկաուտները դիմավորեցին «Քերմես»-ով: «Քերմես»-ը խաղ է, որի ժամանակ սկաուտները բաժանվում են տարբեր խմբերի ու մասնակցում տարբեր մրցույթների ու փորձությունների: Մուտքի մոտ բոլորին դիմավորում էր քույր Վանուհին, որը ներկերի միջոցով երեխաներին տալիս էր տարբեր մուլտհերոսների կերպարներ: Եղբայր Արամի մոտ էին հիմնականում տղաները, որոնք փորձում էին մի քանի հարվածով հաստ մեխը հավասարեցնել կոճղին: Աղջիկները նույնպես չէին զիջում իրենց ուժով: Տրամաբանողներին և արագ կողմնորոշվողներին իր շուրջն էր հավաքել եղբայր Արսենը: Նրանք պետք է հնարավորինս արագ հավաքեին փազլը: Կենդանիներ սիրողները հավաքվել էին ակվարիումի մոտ ու փորձում էին որքան հնարավոր է շատ ձուկ բռնել միանգամից: Բասկետբոլ և բոուլինգ սիրողների խաղահրապարակում հերթ էր գոյացել. ակնհայտ էր երեխաների սերը սպորտի նկատմամբ: Իսկ հումորասերներին սպասում էր մեկ այլ խաղ: Ցուցադրվում էր հումորային տեսանյութ, և հաղթում էր նա, ով կարողանում էր զսպել և չծիծաղել: