Արխիվ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄ

Ամենամյա «Անդրանիկ» սկաուտական բանակումն անկասկած ամենասպասված իրադարձությունն է ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամների համար: Այդուհանդերձ, ամառային մեկամսյա բանակումից բացի, որի ժամանակ աշխարհի չորս ծայրերից ՀԲԸՄ սկաուտները հավաքվում են Հայաստանում, Միության Երևանի սկաուտական խումբը կազմակերպում է նաև գարնանային և աշնանային եռօրյա բանակումներ: Նմանատիպ հերթական բանակումը, որն այս անգամ եռօրյայի փոխարեն քառօրյա էր, տեղի ունեցավ մայիսի 9-12-ը: Վաղ առավոտյան ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տնից սկաուտներն ուղևորվեցին Լոռու մարզի Լեռմոնտովո գյուղում տեղակայված Միության սեփական բանակավայր: Բոլորն անհամբեր էին, իսկ հաղթանակի օրվա խորհուրդը կրկնապատկում էր ոգևորությունը: Հասնելուն պես անցան գործի. սկաուտները վրաններն էին լարում, արենուշները` մաքրում ճաշարանը: Հետո միասին պատրաստեցին ճաշն ու անցան սկաուտական դասերին ու վարժություններին: Երեկոյան բոլորը հավաքվեցին խարույկի շուրջ, զրուցելու, երգելու և հանգստանալու: Ավելի ուշ սկսեցին պատրաստել սկաուտական հսկա կայմը: Առավոտյան կայմն արդեն պատրաստ էր` իր շուրջը ծածանվող զույգ դրոշներով: Տարբեր խաղերն ու արշավներն էլ ավելի հետաքրքիր դարձրեցին քառօրյա բանակումը: Այս բանակումները հրաշալի առիթ են երիտասարդ սկաուտների համար գործի դնելու իրենց գիտելիքներն ու ձեռք բերելու նորանոր հմտություններ: Չորս օր անց սկաուտները վերադարձան Երևան և այժմ ակտիվորեն պատրաստվում են տարվա հիմնական իրադարձությանը` «Անդրանիկ» սկաուտական բանակումին, որը կմեկնարկի հուլիսին` հյուրընկալելով ավելի քան 300 սկաուտներ ողջ աշխարհից:

ԱՅՑ ԾԵՐԱՆՈՑ

Բանակումներին զուգահեռ ՀԲԸՄ Երևանի սկաուտները տարվա ընթացքում կազմակերպում և մասնակցում են բազում այլ ծրագրերի ու միջոցառումների, իրականացնում սոցիալական ու մարդասիրական ծրագրեր: Հերթական նմանատիպ նախաձեռնության առիթը հանդիսացավ ապրիլի 7-ը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իրենց հարազատներին շնորհավորելուց բացի, սկաուտները չմոռացան նաև տարեցներին, որոնց գուցեև դեռ ոչ ոք չէր շնորհավորել այդ օրը գեղեցիկ տոնի առիթով: ՀԲԸՄ Երևանի սկաուտներն այդ օրն այցելեցին Երևանի ծերանոցներից մեկը` շնորհավորելու և իրենց համեստ օգնությամբ զարդարելու այդ ծերանոցում ապրող մեր հայ տատիկների տոնը: Այդ տարեց մարդկանց համար ՀԲԸՄ սկաուտները պարզապես այցելուներ չէին, այլ համբերատար զրուցակիցներ, ում նրանք պատմեցին իրենց կյանքի անցած ուղին, խոսեցին ամենօրյա խնդիրների մասին, կիսվեցին իրենց մտահոգություններով ու նաև հարստացրին սկաուտների գիտելիքներն ու փորձառությունն իրենց հետաքրքիր պատմություններով ու խրատներով: Սկաուտները հեռացան` իրենց խինդն ու ուրախությունը թողնելով պատերազմ, սով ու տառապանք վերապրած, բայց դեռ կայնքի հանդեպ հավատով լցված, մեր տարեցների սրտերում:

«ՍԿԱՈՒՏ» ԱՄՍԱԹԵՐԹ

ՀԲԸՄ Երևանի սկաուտների ջանքերով 2013թ. մարտ ամսից սկսեց լույս տեսնել «Սկաուտ» ամսաթերթը: 12 էջանոց ամսաթերթն ընթերցողին տեղեկացնում է ՀԲԸՄ Երևանի սկաուտների գործունեության ու նախաձեռնությունների մասին, սովորեցնում սկաուտական հմտություններ, ազգային ու հայրենասիրական երգեր, ներառում հետաքրքիր պատմական ակնարկներ հայ ժողովըրդի պատմությունից և փաստեր միջազգային սկաուտության պատմությունից: Արդեն լույս են տեսել «Սկաուտ» ամսաթերթի առաջին երեք համարները:

ԱՐՇԱՎՆԵՐ

Արշավները նույնպես սպասված իրադարձություններ են սկաուտների համար: ՀԲԸՄ Երևանի սկաուտները ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպեցին երկու այդպիսի արշավ` առաջինը դեպի Արայի լեռ, երկրորդը` Ամբերդ: Արշավները դեպի Արայի լեռ դարձել են ավանդական, սակայն ամեն անգամ տեղի են ունենում նոր կազմով, նոր պատրաստվածությամբ ու նոր ակնկալիքներով: Եվ ահա ապրիլի 14-ին սկաուտական խումբը հերթական անգամ ուղեվորվեց ևս մեկ անգամ նվաճելու Արայի լեռը` երկրորդն իր բարձրությամբ Հայաստանի տարածքում (2577մ): Առավոտյան Արաբկիրի հայոդյաց տնից ճանապարհ ընկան ավտոբուսով մինչև լեռան ստորոտ: Լեռան վիթխարի ու վեհ տեսքն անհաղթահարելիության տպավորություն էր ստեղծում, բայց մի քանի ժամ անց, դժվարին ու մի փոքր էլ վտանգավոր ճանապարհն արդեն հաղթահարված էր: Սկաուտները որոշեցին բարձրանալ Արայի լեռան ձախ գագաթը, որն ավելի բարձր է ու ավելի դժվար հաղթահարելի: Վերևում սկաուտներին անակնկալ էր սպասում. հանդիպեցին հայ-կական լեռնագնացների միության խմբի տղաներին, հաճելի զրուցեցին ու վստահաբար նոր բաներ սովորեցին առավել փորձառուներից: Արայի լեռան գագաթին ևս մեկ անգամ ծածանվեցին Հայաստանի և ՀԲԸՄ-ի դրոշները: Երեկոյան, հոգնած, բայց գոհ իրենց տեսածից ու սովորածից, սկաուտները վերադարձան Երևան` հանգստանալու և պատրաստվելու հաջորդ արշավին: Իսկ հաջորդ արշավը չուշացավ: Ապրիլի 28-ի վաղ առավոտյան ՀԲԸՄ կրտսեր սկաուտները` գայլիկ-արծվիկները, գլխավորությամբ Միության սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ Գևորգ Սիմոնյանի և խմբապետական կազմի այլ անդամների, ուղևորվեցին դեպի Արագած լեռան հարավային լանջ` Ամբերդ (10-րդ դար): Նրանց հետ էին նաև ՀԲԸՄ Հալեպի սկաուտական խմբի պատասխանատուներ: Արքաշեն և Ամբերդ գետերի միացման կետում` 2300մ բարձրության վրա, եռանկյունաձև հրվանդանին տեղակայված Ամբերդը դեռ ձյունածածկ էր: Խումբն այցելեց բարձունքի վրա գտնվող բերդն ու Վահրամաշեն եկեղեցին: Ետդարձի ճանապարհին այցելեցին նաև Տառապուրակ: Հայկական այբուբենի հսկայական չափի տառերով պուրակը դարձել է սիրելի վայր Հայաստանցիների և զբոսաշրջիկների համար: Այս արշավները արիության ու միմյանց վստահելու յուրօրինակ փորձություններ են սկաուտների համար:

ԲՆԱՍԵՐ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ

Սկաուտական դավանանքներից է նաև սերը բնության և կենդանիների հանդեպ: Նրանք սիրում ու պաշտպանում են բնությունը, օգնում և հոգ տանում կենդանիների մասին: Հենց այս դավանանքին էլ հավատարիմ` ՀԲԸՄ Երեվանի սկաուտները կազմակերպեցին իրենց հերթական այցը` այս անգամ դեպի «Դինգո» կամավորական կազմակերպություն, որի հարկի տակ oթևան են գտնում թափառական շներ` մի մասը լուրջ վնասվածքներով: Այստեղ նրանք ստանում են հոգատարություն, սնունդ և ապահով տանիք: Կազմակերպությունը հոգում է կենդանիների մասին, մինչև նրանց համար խնամակալ ընտանիք գտնելը: Սկաուտներն իրենց հետ տարել էին բավական քանակությամբ ուտելիք և մի քանի ժամ անցկացրին շների հետ: Սկաուտների համար կազմակերպվեց նաև դասախոսություն շների ճիշտ խնամքի, սնունդի ու առողջ պահելու մասին: Այս այցից հետո երեցները ստացան կենդանիների խնամքի կրծքանշան, որն այսուհետ կզարդարի սկաուտական համազգեստը` գալով ապացուցելու, որ սկաուտներն իրոք սիրում ու պաշտպանում են բնությունն ու կենդանիներին: