Արխիվ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐ. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԵՐԴՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ- ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը, լինելով բանակին մոտ կանգնած կառույց իր կառուցվածքով ու առօրյայով, քաջ գիտակցում է հայ զինվորի դերը խաղաղ և պաշտպանված հայրենիք ունենալու գործում և տարբեր առիթներով փորձում է իր զորակցությունը փոխանցել հայ զինվորին` կազմակերպելով տարաբնույթ այցելություններ ու միջոցառումներ: Այս անգամ առիթը գրքի միջազգային օրն էր: ՀԲԸՄ սկաուտներն այցելեցին Նուբարաշենի զորամաս և զորամասի գրադարանին նվիրեցին 500 անուն գիրք, որը նախապես, նվիրատվությունների միջոցով, հավաքել էին հենց այդ նպատակով: Ինչպես նշեց զորամասի գրադարանավարուհին, կարդացող զինվորների թիվը մեծ է անկախ նրանց առօրյայից և հոգնածությունից, մնում է միայն ապահովել անհրաժեշտ գրականություն: Այնպես որ, սկաուտների այս նախաձեռնությունը վստահաբար կծառայի իր նպատակին: Նվիրատվությունից հետո սկաուտները ծանոթացան զորամասի զինծառայողների հետ: Նախ պատմեցին իրենց սկաուտական կյանքից, հետո ծանոթացան նաև զինվորների առօրյային: Դրան հաջորդեց փոքրիկ համերգային ծրագիր, որը պատրաստել էին զինվորները: Ելույթ ունեցավ զորամասի փողային նվագախումբը, իսկ սկաուտներն իրենց երգով ձայնակցեցին: Հնչեց մեր ազգային հիմնը, որին հաջորդեց «Գետաշեն»-ը: Սկաուտները ծանոթացան նաև զորամասի պատմությանը, ապա այցելեցին զորամասի ներսում գտնվող թանգարանը, որտեղ խնամքով պահվում էին արցախյան պատերազմում օգտագործված զենքերն ու զինամթերքը:

ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻ - Բարեգործությունն ու ուրիշներին օգնության ձեռք մեկնելը սկաուտության անբաժանելի բաղադրիչներից են: Դա նաև ամրագրված է սկաուտների երդման մեջ`նրանք երդվում են միշտ օգնել միմյանց և բոլոր նրանց, ով դրա կարիքն ունի: Փետրվարի սկզբին, գերմանահայ բարերար Սուրեն Օհանյանի կողմից Հայաստան ուղարկվեց 800 պարկ հագուստ, ՀԲԸՄ-ի միջոցով կարիքավորներին և հատկապես վերջերս Հայաստանում ապաստանած սիրիահայերին տրամադրելու նպատակով: Ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստանի տարբեր մանկատներ, ծերանոցներ ու այլ հաստատություններ: Մարտի 21-ի առավոտյան ՀԲԸՄ սկաուտական խումբն ուղևորվեց Գյումրի, այցելեց անապահով ու կարիքավոր ընտանիքների, միայնակ մայրերի ու բազմազավակ ընտանիքների` բաժանելով ավելի քան 1000 կտոր հագուստ` նախատեսված բոլոր տարիքի մարդկանց համար: Միևնույն ժամանակ հագուստի բաշխման գործընթացը շարունակվում էր նաև Երևանում` ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը, որտեղ նույնպես իրենց ակտիվ մասնակցությամբ ու եռանդով աչքի ընկան ՀԲԸՄ սկաուտները: Երևանում նույնպես հարյուրավոր անապահով ընտանիքներ օգտվեցին այս օգնությունից: Շնորհակալություն բոլոր սկաուտ-արենուշներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այս գործում: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս ամենը և հատուկ շնորհակալություն բարերար Սուրեն Օհանյանին:

 

Տեսանյութ

 

end faq