ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

WE in Artsakh

Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՀԲԸՄ Հայաստանը կընդլայնի իր «Կին ձեռներեցներ» ծրագիրը՝ այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող այս ծրագիրը Հայատանում մեկնարկել է 2017թ.՝ խթանելու կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը:

«Ցանկացած երկրի զարգացում մեծապես պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներով, տնտեսական ակտիվությամբ: Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը այն  հիմնական գործիքներից են, որոնք օգնում են ստեղծել հավելյալ արդյունք, զարգացնել տնտեսությունը: Այդ իսկ պատճառով մենք պատրաստակամությամբ միանում ենք ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությանը՝ աջակցելով Արցախի կին գործարարների՝ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտում գիտելիքների խորացմանը», - ասել է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի Խորհրդի, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը, հավելելով, որ ծրագրին մասնակցությունը հայ կանանց համար ևս մեկ հնարավորություն է ավելի արդյունավետորեն ներգրավվելու տնտեսության զարգացման ազգանվեր գործին:

Կրթական, դրամաշնորհների տրամադրման և մասնագիտական ուղղորդման փուլերից բաղկացած ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը Ֆրութֆուլ Արմենիայի աջակցությամբ Արցախում կմեկնարկի ս.թ. հունիսին:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: «Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով», - նշել է Յակուբյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել փոքր դրամաշնորհ ստանալու և ուղղորդման փուլում օգտվելու մեկ տարի տևողությամբ բիզնես խորհրդատվությունից, տարաբնույթ մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորությունից: 

Նյութն ռուսերենով՝ այստեղ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2019 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: