ՀԲԸՄ-Ն ՓԱՐԻԶՈՒՄ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ 90-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՊԱԳԱՅԻՆ

Փետրվարի 7-ից 9-ը հեռավոր Ճապոնիայից և Ուրուգվայից, Հարավային Աֆրիկայից և Ավստրալիայից ժամանած հարյուրավոր հայեր և պարզապես բարեկամներ հավաքվել էին Փարիզում՝ ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր ժողովի առթիվ: Օրակարգը հագեցած էր քաղաքի սրտում գտնվող տարբեր նշանավոր վայրերում երեք օր շարունակ տեղի ունեցած բազմապիսի միջոցառումներով, որոնք մեկնարկեցին Էյֆելյան աշտարակում կազմակերպված ընդունելությամբ: Սրանով ուրվագծվեց հանգստյան օրերի մնացած մասը, որի ընթացքում 113-ամյա կազմակերպությունը պետք է ներկայացներ նախորդ երկու տարվա ընթացքում ունեցած բազմաթիվ ձեռքբերումները, քննարկման սեղանին դներ աշխարհասփյուռ հայության ապագայի հարցերը՝ նոր տեխնոլոգիաների և սոցիալական միտումների արդյունքում սրընթաց համաշխարհային փոփոխությունների լույսի ներքո, ինչպես նաև մեծարել համայնքի նշանավոր գործիչներին, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են ՀԲԸՄ-ին՝ տարեցտարի փոփոխություն բերել ավելի քան 500,000 հայերի կյանքում և ապահովել իր ներկայությունը շուրջ 97 երկրներում:

Մեծարման արարողություններից մեկը տեղի ունեցավ ուրբաթ երեկոյան՝ La Salle Wagram սրահում անցկացված Շառլ Ազնավուրի հիշատակի համերգով: Համաշխարհային մեծության այս կատարողի, ըստ էության՝ հայ պետական գործչի, ՀԲԸՄ վաղեմի բարեկամի կյանքն ու ժառանգությունը նշանավորվեց հանճարեղ քնարերգուի ամենասիրված բալլադների ընտրանիով՝ Ազնավուրի կողմից բարձր գնահատված նվագակցող դաշնակահար Էրիկ Բերշոյի և ջազային երգիչ Ջոանա Մենդիլի կատարմամբ: Հավատարիմ մնալով նորահայտ հայ տաղանդներին խրախուսելու՝ ՀԲԸՄ-ի երկարամյա ավանդույթին, ժամանակակից վոկալիստներ Նարինե Դովլաթյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Սրբուհի Սարգսյանը և Գոռ Սուջյանը, երգիչ-դերասան Հայկ Պետրոսյանի ղեկավարությամբ, նվաճեցին լսարանի ուշադրությունը իրենց յուրաոճ տաղանդով: Ծրագրի ողջ ընթացքում ցուցադրվեց վավերագրական տեսանյութ՝ Ազնավուրի փառահեղ կարիերայի և նրա համաշխարհային հասարակական ազդեցության մասին: Լսարանի պատվավոր ունկնդիրների շարքում էր Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է: «Մեզ համար մեծագույն հաճույք էր՝ Փարիզում ՀԲԸՄ ընտանիքի հետ հորս հիշատակը հարգելը», - նշեց Ազնավուրը: «Այս համերգը նշանավորում է ՀԲԸՄ և «Ազնավուր» հիմնադրամի միջև տարաբնույթ համագործակցությունների մեկնարկը: Շառլ Ազնավուրը մեզ այնքան ուրախություն և հպարտություն է պարգևել: Եվ մեր հավաքական պարտքն է՝ կենդանի պահել նրա արվեստագիտական և մարդասիրական ժառանգությունը»:

Հաջորդ օրը, Les Jardins Saint Dominique սրահում տեղի ունեցած 90-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական նիստի ընթացքում, ՀԲԸՄ անդամները միաձայն ընտրեցին Կենտրոնական վարչության նոր չորս անդամ՝ Հայկ Արիյանին, Նադյա Գործունյանին, Վարդգես Քնաջյանին և Արի Լիբարիկյանին: Միևնույն ժամանակ ՀԲԸՄ ղեկավարությունը մեծարեց աչքի ընկած անհատներին, ում կյանքն ու գործունեությունը դրական ներգործություն են ունեցել հայության կյանքում: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը արժանացավ «Պողոս Նուբար» բարձրագույն պարգևին, որը ՀԲԸՄ-ն շնորհում է համայնքի այն անդամներին, ովքեր օգնում են մյուսներին և անդադար աշխատում ի նպաստ հասարակության: Իր քարոզչական ջանքերի համար հռչակվելով որպես օրինակելի անձ և համաշխարհային հայ քաղաքացու օրինակ, Դևեջյանը պատվի արժանացավ հանրային ծառայության ոլորտում հայ առաջնորդներին աջակցելու և նրանց ուղին հարթելու համար: Նրա բազմաթիվ նվաճումներից է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարադատության հասնելու անսասան վճռականությունը, որը 2016 թվականին հանգեցրեց հոլոքոսթի մասին Ֆրանսիայի գործող օրենքի ընդլայնմանը՝ քրեականացնելով ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ ստրկացում որակված բոլոր իրադարձությունների ժխտումը կամ նսեմացումը:

Համայնքի պատվարժան առաջնորդները և հանձնաժողովները ևս բարձր պարգևների արժանացան Ընդհանուր վեհաժողովի ժամանակ: Թամար Խաբայանը՝ Սիրիայից, Մոնիկա Նալբանդյանը՝ Բրազիլիայից, Մարալ Չորբաջյանը՝ Ավստրալիայից և Հերմինե Դուզյանը՝ Ֆրանսիայից, գնահատանքի արժանացան ՀԲԸՄ ոգուն ծառայելու և այն պահպանելու գործում ներդրած մեծ ավանդի համար: Բացի այդ, ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Նյու Յորքի և Հյուսիսային Կալիֆորնիայի գրասենյակները ևս պարգևների արժանացան՝ նշանավորելով նրանց անմնացորդ ներդրումը իրենց տարածաշրջանների համայնքային կյանքում:

Ուշ երեկոյան մասնակիցները հավաքվեցին Փարիզի ամենահռչակավոր ռեստորաններից մեկում՝ Le Pavillon Ledoyen-ում՝ ՀԲԸՄ գալա-երեկույթին մասնակցելու համար: Միջոցառումը բացեցին հանդիսավարներ՝ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը և Լոնդոնի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ Կամիլիո Ազզուզը: Ամենքի համար անսպասելի, Գալայի ընթացքում հարգանքի տուրք տրվեց երկու պատվարժան զույգերի՝ ՀԲԸՄ-ին և իրենց հարևան համայնքներին տասնամյակներ շարունակ ցուցաբերված ակտիվ աջակցության համար. այդ զույգերն էին՝ Սարգիս և Սեդա Դեմիրճյանները և Վաչէ և Թամար Մանուկյանները: Երկու զույգերի մասին ցուցադրվեցին մեծարման տեսանյութեր և շնորհվեցին հատուկ մրցանակներ: Կատարելագործելով իրենց ծնողների պատմական ժառանգությունը, Լիբանանի և Սիրիայի ՀԲԸՄ համայնքների ականավոր հիմնադիր գործիչներ Սարգիս և Սեդա Դեմիրճյանները շարունակեցին ընդլայնել իրենց բարեսիրական առաքելությունը՝ նոր սերունդներին խրախուսելով հետևել իրենց օրինակին: Հենց Դեմիրճյաններն էին, ովքեր իրենց քույրերի ու եղբայրների հետ միասին Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո ստանձնեցին լիբանանյան ավելի լայն համայնքի համար նախատեսված համայնքային կենտրոնի ստեղծման պարտավորությունը՝ դրանով իսկ ՀԲԸՄ-ն դարձնելով երկրում համերաշխության նման հզոր միջավայր և սոցիալական ձեռներեցության նման մոդել հիմնող առաջին կազմակերպությունը: ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի միջոցով տարբեր մայրցամաքներում կրթության բնագավառում ներդրում ունենալուց բացի, զույգը նաև աջակցում է արվեստին՝ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և երաժշտական բազմաթիվ փառատոների հետ համատեղ աշխատանքի միջոցով: Առաջնորդվելով գերազանցության սկզբունքով, Դեմիրճյանները պատվի են արժանացել իրենց անդադրում ջանքերի համար, որոնք ուղղված են եղել ոչ միայն հայկական աշխարհի բարելավմանը, այլև հանրության՝ ընդհանուր առմամբ:

Վաչե և Թամար Մանուկյանները ևս երախտագիտության արժանացան՝ հայերի և աշխարհի նշանակալի այլ համայնքների հզորացման գործում իրենց շարունակական առատաձեռնության համար: Հիշատակվեց նրանց բազմաթիվ շահառուների մի փոքր մասը միայն. Մանուկյանները առաջիններից էին, ովքեր ներդրումներ կատարեցին Հայաստանում՝ ներգրավելով օտարերկրյա ընկերություններ, հանդիսացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի հետևողական հովանավորները բազմաթիվ նախաձեռնություններում, ներառյալ՝ «Վաչե և Թամար Մանուկյան» վարժարանը և իրենց անունը կրող Կատարողական արվեստների կենտրոնը՝ Կալիֆոռնիայում: Շահույթ չհետապնդող համաշխարհային այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Էլթոն Ջոնի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամը (Elton John AIDs Foundation), իրենց գործունեության ընթացքում ամենակարիքավոր համայնքների նկատմամբ Մանուկյանների առատաձեռնությունը հնարավորություն է ընձեռել ձեռք մեկնելու անթիվ-անհամար կսարիքավորների՝ միաժամանակ ողջ աշխարհի մակարդակով բարձր պահելով հայի կերպարը: Նորին արքայական մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը շնորհավորական խոսքում իր Dumfries House նախագծում նրանց ազդեցությունը բնորոշեց այսպես. «Հուսով եմ՝ գիտեք, թե որքան բարձր եք գնահատված այն ամենի համար, ինչ արել եք Միացյալ Թագավորությունում: Ես ձեզ կկոչեի ազգային հարստություն, սակայն, հաշվի առնելով ձեր գործունեության շրջանակն ու ծավալը, ավելի ճշգրիտ կլիներ ձեզ բնութագրել որպես միջազգային հարստություն»: Հանգստյան օրերը նվիրված էին հարգանքի և երախտիքի տուրք մատուցելուն, սակայն այդ օրերը հավասարապես ծառայեցին առաջ նայելու և գալիք տարիների անելիքները նախանշելու գործին: Եռօրյա ծրագրի հիշարժան իրադարձություններից մեկը մեկօրյա համաժողովն էր Station F-ում, որը ստարտափերի աշխարհի խոշորագույն կենտրոնն է: Այն շատ հարմար վայր էր տեսլական ունեցող առաջնորդների և մասնագետների համար, ովքեր, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակը ներկայացնող Ստեֆան Պետրոսյանի համակարգման ներքո հավաքվել էին՝ արդիական և կարևոր քննարկումների սկզիբը դնելու համար: Առավոտյան նիստի գլխավոր թեման կայծակնային արագությամբ մոտեցող Քվանտային դարաշրջանի նորամուտն էր: Հիմնական խոսնակ, Atos S.E. ընկերության ավագ գործադիր փոխնախագահ Ռոբերտ Վասոյանը հայտարարեց, որ կառավարությունները, կորպորացիաները, կազմակերպություններն ու համայնքները պետք է պատրաստվեն հեռահար փոփոխությունների սպասվող ալիքին՝ գիտության և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից օգտվելու և կիբեր միջավայրում առկա մութ ուժերի մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Վասոյանը իր հանգամանալից ներկայացման ընթացքում անդրադարձավ Հայաստանի ապագային, ստարտափեր ձևավորելու և բազմակողմանի երիտասարդ տաղանդների զարգացման ահռելի հնարավորություններին: Երկիրը բնութագրելով որպես «eState» (էլեկտրոնային պետություն), նա ընդգծեց քաղաքացիներին ազգային ինքնության ընկալման այս նոր եղանակի մեջ կենտրոնական դերակատարություն հատկացնելու կարևորությունը:

Ձեռներեցությանը նվիրված առաջին լիագումար նիստի համակարգող, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ընդգծեց, որ ձեռներեցության ոգին հայերի հաջողության անկյունաքարն է: Խոսնակների թվում էին Wakie and IT startups ընկերության հիմնադիր Թաթուլ Աջամյանը, Mayrig ռեստորանների սեփականատեր և հիմնադիր Ալին Կամակյանը և Impact Hub Armenia ընկերության սեփականատեր և համահիմնադիր Վահե Քյոշգերյանը: Նրանցից յուրաքանչյուրը մանրակրկիտ անդրադարձավ Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված խնդիրներին և Սփյուռքի ու Հայաստանի միջև մշակութային հանդուրժողականությունը խթանելու, ինչպես նաև կին ձեռներեցներին ստարտափերում ինտեգրելու կարևորությանը: Կեսօրյա նիստը նվիրված էր կանանց և ուղղված էր կանանց արդի հիմնախնդիրներին, ինչպես գլոբալ, այնպես էլ հայաստանյան համատեքստում: ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Արդա Հարաթունյանը համակարգում էր քննարկումները տարբեր ոլորտների բարձրակարգ կին առաջնորդների հետ. ձեռներեց և քաղաքական գործիչ Աստրիդ Փանոսյան (LREM կուսակցություն, Ֆրանսիա), գրող և Նյու Յորքի համալսարանի դասախոս Էմմա Առաքելյան, La Revue des Deux Mondes-ի ղեկավար և ֆրանսիական Elle ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վալերի Թորանյան և Icicle Shanghai Fashion Group ընկերության փոխնախագահ Իզաբել Կապրոն:

Անդրադառնալով քննարկումների ընթացքում վեր հանված գաղափարների ամբողջությանը, Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը ամբիոն բարձրացավ՝ ներկայացնելու Հայաստանի տեսլականը փոքրածավալ զարգացումների արագ տարածման հարցում, որոնք շարունակում են վերափոխել «Start Up Armenia»-ի նկարագիրը այնպես, որ դրանք նախկինում անհավանական էին թվում: Նա նշեց, որ վերջիվերջո, տեխնոլոգիական հրաշքների այս քվանտային ցատկերը պետք է այնպես կառավարվեն, որպեսզի համահունչ լինեն մեր ազգային բարքերին ու արժեքներին:

Համաժողովն ամփոփվեց ՀԲԸՄ նախաձեռնությունների և գործընկերությունների վերաբերյալ ներկայացումներով: ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրեց, թե ինչ է անում կազմակերպությունը, որպեսզի Հայաստանում խթանվի ձեռներեցությունը կանանց շրջանում: Նրան հաջորդեցին Hyetech Europe ընկերության սեփականատեր և հիմնադիր Արմեն Վերդյանը և Brenntag ընկերության թվային տրանսֆորմացիայի հարցերով ղեկավար Հայկ Խանամիրյանը, ով խոսեց ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի Goriz Leadership ծրագրի մասին, որը կոչված է օգնելու երիտասարդ առաջնորդներին՝ որպես համաշխարհային քաղաքացիներ հայ ինքնությունը համատեղ ներկայացնելու հարցում:

Մի ամբողջ օր տևած համաժողովից բացի, ՀԲԸՄ ցանցի ներկայացուցիչների և Երիտասարդ արհեստավարժների համար ստեղծվեցին երկխոսության և գաղափարների փոխանակման այլ հնարավորություններ: Այս հավելյալ միջոցառումներից էին՝ ՀԲԸՄ տարածաշրջանային ղեկավարների և Կենտրոնական վարչության անդամների մասնակցությամբ աշխատաժողովը և Երիտասարդ արհեստավարժների համար կազմակերպված երկու գիտաժողովները՝ գաղափարների փոխանակման նպատակով: Ամփոփելով Ընդհանուր ժողովի միջոցառումներով հագեցած հանգստյան օրերը, մասնակիցները Փարիզը լքեցին ավելի լայն ընկալմամբ այն բանի, թե որքանով է հայկական աշխարհը հզորանում մնացած աշխարհի շնորհիվ, և թե ինչպես է այն իր հերթին ոգեշնչում ողջ աշխարհին: «Չորս լիարժեք օր տևած խոհառատ քննարկումներից, երկխոսությունների խթանումից, մեր մեջ գտնվող բազմաթիվ օրինակելի անհատների նշանավորումից ու մեծարումից հետո կասկած չունեմ, որ ՀԲԸՄ-ն, որպես մեր համայնքներին Հայաստանում և ողջ աշխարհում հանուն բարի գործերի միավորող ուժ, պատրաստ է ձեռնարկել հաջորդ մեծ ցատկը դեպի ապագան», - ասաց Նախագահ Սարգսյանը:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2019 Նորություններ ՀԲԸՄ-Ն ՓԱՐԻԶՈՒՄ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ 90-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՊԱԳԱՅԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: