CREATIVE ARMENIA-Ն ԵՎ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2019Թ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Կարիերայի խթանման համար ընտրվել է հինգ բացառիկ արվեստագետ

Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են «Creative Armenia-AGBU Fellowships» արվեստագետների մասնագիտական զարգացման աջակցության ծրագրի հինգ շահառուներին. մեկամյա ծրագիր, որը ներառում է բոլոր ասպարեզների տաղանդավոր արվեստագետների ֆինանսավորում, մենթորություն և առաջխաղացման նպատակային ռազմավարություններ:

2019թ. ընտրված շահառուներն են՝ թատրոնի և օպերայի տնօրեն Արթուր Մակարյանը (Նյու Յորք), երաժիշտ Արիկ Գրիգորյանը (Գյումրի/Երևան), նկարիչ Բուրչին Բաշարը (Ստամբուլ), գրող և երգիծաբան Նարեկ Մարգարյանը (Երևան) և կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանը (Երևան):

«Մենք հարյուրավոր հայտեր ենք ստացել աշխարհի տարբեր ծայրերում արվեստի նշանակալի գործեր ստեղծող հիանալի մարդկանցից», - ասաց Creative Armenia-ի ծրագրերի գծով փոխնախագահ Ալեք Մուհիբյանը: «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, և մեծ ոգևորությամբ ենք օգնում արվեստագետների մասնագիտական զարգացման աջակցության ծրագրի առաջին շահառուներին, որպեսզի նրանք իրենց կարիերայի ընթացքում նոր բարձունքներ նվաճեն»:

Արվեստագետների մասնագիտական զարգացման աջակցության ծրագիրը ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի առաջին համագործակցությունն է, որը մայիսին վերածվեց ռազմավարական գործընկերության: Creative Armenia-ն հայ ժողովրդին ծառայող արվեստի համաշխարհային հիմնադրամ է, որը նորարար տաղանդներին հայտնաբերելու, զարգացնելու, առաջ քաշելու և կայացնելու առաքելություն ունի: Սփյուռքահայերի անվերապահ վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ զբաղվել է հայ արվեստագետների համար հնարավորություններ ստեղծելով՝ նրանց կրթելու և ողջ աշխարհի տարբեր լսարաններին նրանց տաղանդն ի ցույց դնելու նպատակով:

«Հայ արվեստագետների կայացմանը խթանելը նպաստում է հայ մշակույթի զարգացմանը», - ասաց ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը: «Ակնկալում ենք տեսնել այն յուրօրինակ գործերը, որ այս աջակցության շնորհիվ կստեղծեն մեր շահառուները»:

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն «Creative Armenia-AGBU Fellowships» արվեստագետների մասնագիտական զարգացման աջակցության ծրագրի 2019թ. հաղթողների գործերը գալիք տարվա ընթացքում կցուցադրեն ամենատարբեր հարթակներում: Հետևե՛ք մեր կայքէջերին և սոցիալական լրատվության էջերին՝ 2019թ. շահառուների մասին ավելին իմանալու համար:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2019 Նորություններ CREATIVE ARMENIA-Ն ԵՎ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2019Թ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: