ՀԲԸՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՕՐԸ

Ի նշանավորումն Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա, ՀԲԸՄ-ն հայտնում է իր շարունակական նվիրվածությունը կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի առաքելությանը: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ՀԲԸՄ երեք կենտրոնները կազմակերպել են հիշատակի միջոցառումներ, այդ թվում՝ քննարկում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների մասին, գրական երեկո՝ ծագումնաբանության հարցերով, ինչպես նաև համերգ՝ ՀԲԸՄ հովանավորության ներքո:

«Այն, թե ինչպես ենք ներկայացնում Մերձավոր Արևելքի պատմությունը, չափազանց խնդրահարույց է, քանզի չի օգնում հասկանալու մեր անցյալը», - իր խոսքն այսպես սկսեց Ժնևի Վեբսթերի համալսարանի քաղաքական վերլուծաբան Վիգեն Չեթերյանը: «Շատ կարևոր է Օսմանյան կայսրության պատմությունը դիտարկել 19-րդ դարի սկզբներից՝ հասկանալու համար, թե ներկայումս ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում»: Բրյուսելում «Ներկայիս զանգվածային բռնությունները Մերձավոր Արևելքում» թեմայով քննարկումներում ելույթ ունենալիս պրոֆեսոր Չեթերյանին քննարկման ընթացքում միացավ Ուտրեխտի համալսարանի պրոֆեսոր Ուղուր Ումիթ Ունգորը: 2018թ. դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած քննարկումները վարում էր Բրյուսելի բաց համալսարանի (Université Libre de Bruxelles) քաղաքագիտության դասախոս Օդե Մերլինը, իսկ մասնակիցների թվում էին գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացումների ժամանակ անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում անցյալում և ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական հակամարտություններին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես հետ-օսմանյան ժամանակահատվածում աշխարհի պատմության խեղաթյուրումը կարող է հանգեցնել բռնության միտումների պահպանմանը: Պրոֆեսոր Չեթերյանը հակադրվեց այն ոչ պատշաճ կրթության հետևանքներին, որ ուսանողները ստացել էին Մերձավոր Արևելքի նոր պատմության վերաբերյալ՝ սկսած Առաջին աշխարհամարտից, իսկ պրոֆեսոր Ունգորը քննության առավ «հաղթանակի, պարտության և դիմադրության մշակույթների» ձևավորումը և դրանց ներկայիս ազդեցությունը բռնության դեպքերի վրա: Որպեսզի մասնակիցներն ըմբռնեն, թե վայրագ հակամարտություններն ինչպես են անդրադառնում մեր օրերի վրա, պրոֆեսոր Ունգորը պարզաբանեց, որ անցյալին անդրադառնալիս «այդ ամբողջ բռնությունից, քաղաքական հաստատությունների, քաղաքացիական հասարակությունների բացակայությունից և փոքրամասնությունների հզորացումից զատ՝ մենք պետք է մտորենք անցումային արդարադատության բացակայության մասին»:

Քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական ճշմարտության վերականգնման մարտահրավերներին և այդ ուղղությամբ համաշխարհային հանրության կողմից գործադրվող ջանքերին, կազմակերպվել և հյուրընկալվել էր Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի բելգիական միության կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի), Բրյուսելի բաց համալսարանի քաղաքական կյանքի հետազոտման բաժանմունքի (Cevipol), Երիտասարդ գնչուների միջազգային ցանցի (Ternype) և Հրեա ուսանողների եվրոպական միության (EUJS) հետ գործընկերությամբ: Բելգիական միությունը բաղկացած է ցեղասպանություն վերապրած համայնքների հետ առնչություն ունեցող միավորումներից:

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Երևանում կազմակերպված Ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի գլոբալ ֆորումի շրջանակներում ՀԲԸՄ-ն հովանավորել է 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած բացման համերգ-երեկոն՝ մասնակցությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի: Ֆորումի օրակարգն ուղղված էր հասանելի հանրակրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը: «Հաշվի առնելով հայ   ազգի   պատմությունը,   մենք   պարտավոր   ենք   լույս   սփռել   բոլոր ցեղասպանությունների   սարսափների,   ինչպես   նաև   հիմնավոր   վավերագրերի առկայության   պայմաններում   ցեղասպանության   ժխտման   հետ   կապված շարունակական   անարդարության   վրա», - ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ներկայությամբ: «ՀԲԸՄ-ն հպարտ է, որ օգնում է կրել մարդու իրավունքների առաջքաշման ծանր թիկնոցը՝ կազմակերպելով միջազգային սիմպոզիումներ և ծավալուն քննարկումներ այնպիսի խոշոր մայրաքաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Փարիզն ու Բեյրութը, ինչպես նաև մասնակցելով դրանց: Այսօր մենք այդ գործունեությունը ծավալում ենք ոչ պարզապես որպես ցեղասպանություն վերապրածներ, այլև որպես մարդասիրության առաջատարներ»:

Ատլանտյան օվկիանոսից այն կողմ՝ Կանադայում, ՀԲԸՄ Տորոնտոյի գրասենյակը տեղի համայնքին ներգրավել է Արևմտյան Հայաստանի Թալաս բնակավայրի հերոսական պատմության ուսումնասիրմանը: «Մասնակցելով ուղևորությանը» խորագրով միջոցառումը, որը անցկացվել է 2018թ. նոյեմբերի 28-ի գիշերը, նվիրված էր Ուենդի Էլիոթի Սխրանքն ու ողորմածությունը խելացնոր աշխարհում. մարդասիրական գործունեությունը Թալասում՝ Թուրքիայում՝ 1908-1923 թվականներին գրքի քննարկմանը: Գրքով հետադարձ հայացք է գցվում Թալասում Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության հոգեվարքի օրերին Թալասում կանադացի և ամերիկացի միսիոներների և նրանց օգնող մարդկանց ականավոր, սակայն քիչ հայտնի խմբի գործունեությանը: Էլիոթը նկարագրում է, թե ինչպես է այս խումբը հազարավոր հայ, հույն և թուրք որբերի փրկել սովից ու հիվանդություններից, ինչպես են այս հասարակ մարդիկ իրենց ծառայության միջոցով բեկել պատմության ընթացքը: Միջոցառումն առանձնապես հուզումնալից էր, քանի որ մասնակիցներից շատերը թալասցի հայերի ժառանգներ էին, ովքեր Էլիոթի ներկայացրած արխիվային նյութերի օգնությամբ ուսումնասիրեցին իրենց նախնիների քաղաքը: Հաջորդ շաբաթ Էլիոթին նույնպիսի հաջողությամբ հյուրընկալեց ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակը:

Ի լրումն ողջ աշխարհում շարունակաբար իրականացվող ծրագրերի, ՀԲԸՄ-ն հրատարակել է երեք WebTalk՝ Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանի (UCL) բյուզանդագիտության, հայագիտության, վրացագիտության, եվրոպական մշակույթի և ինքնության հարցերի դոկտոր Բերնարդ Կուլիի մասնակցությամբ: Տեսանյութերում դոկտոր Կուլին մանրամասն ներկայացնում է ցեղասպանության փուլերը, լուսաբանում Հայոց ցեղասպանության հետ ժամանակային առումով համընկնող ասորիների և պոնտացի հույների ցեղասպանությունների պատմությունը, քննարկում ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացները Բելգիայում: Կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման նպատակով ՀԲԸՄ WebTalk-երը նախատեսված են համաշխարհային հանրությանը հասանելի լինելու համար: Այդ իրադարձությունների տարելիցից հետո էլ ՀԲԸՄ-ն պահպանում է իր նվիրվածությունը աշխարհի բոլոր ծայրերում իր ընդլայնվող համայնքներին:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՕՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: