ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին և Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան: Համերգը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի շրջանակներում: Համերգի հովանավորն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Համերգի ընթացքում հնչեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբմի կատարմամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ով, մասնավորապես, նշեց, որ 70 տարի առաջ ընդունված ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, դառնալով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, իր մեծ ներդրումն ունեցավ միջազգային քրեական իրավունքի ձևավորման հարցում: «1998 թվականից ի վեր Հայաստանն իր գործընկերների հետ միասին ՄԱԿ-ի շրջանակներում աշխատում է ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Ցեղասպանության վաղ կանխարգելման մեխանիզմները նպատակ ունեն արագ բացահայտել և արձագանքել այն ազդակներին և նախազգուշացնող նշաններին, որոնց անտեսումը կարող է հանգեցնել մարդկային մեծաթիվ կարուստների»։

«Ցեղասպանության դեմ կոնվենցիայի համընդհանուր վավերացումը ևս մեկ կարևոր քայլ է դրա կիրառելիությունն ապահովելու ուղղությամբ: Հայաստանը' որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում, միացել է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին և, օգտագործելով ՄԱԿ-ի տարբեր ընթացակարգերի, այդ թվում՝ Համընդհանոր պարբերական դիտարկման հնարավորությունը, բարձրաձայնում է այս խնդիրը՝ ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը հրավիրելով այս հարցի կարևորության վրա»։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում՝ միշտ ամրագրելով «այլևս երբեքը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խորհրդական հատուկ Ադամա Դիենգը, ով իր ելույթում նշեց, որ Կանխարգելումնն ավելի լավ է քան բուժումը, սա հայտնի է։ Բայց այս հասկացությունն ավելի քան պատեհ է ցեղասպանության հանցագործության վերաբերյալ, երբ մարդիկ զոհ են դառնում պարզապես իրենց ինքնության կամ կրոնի պատճառով։ Պետք է սերունդներ փոխվեն այս հանցագործության կրած արհավիրքը հաղթահարելու և դրանից ապաքինվելու համար։ Պետք է ավելի համախմբված գործել ցեղասպանության կանխարգելման հարցում, և դա մեր պարքն է այս հանցագործության միլիոնավոր զոհերի և նման վտանգի տակ գնվող մարդկանց հանդեպ։ Մենք պետք է արագ և վճռական գործենք, երբ արդեն իսկ տեսնում ենք նախազգուշացնող նշաններ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն ընդգծեց, որ, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերին, պետք է վերահաստատենք կանխարգելելու մեր հանձնառությունը։ Դա Միավորված ազգերի կազմակերպության գործունեության հիմնասյունն է՝ «պահպանել գալիք սերունդները պատերազմի արհավիրքից»։ Այս պարտավորությունն ավելի քան տեղին է նաև այսօր, երբ մենք ականատես ենք հակամարտության գոտիներում միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման և աշխարհում ատելության, անհանդուրժողականության, ռասիզմի և այլատյացության դեպքերի զգալի աճի։ «Այս հանցագործությունները կանխելը բոլորիս առաջնահերթությունն է։ Դա մեր բարոյական պարտքն է, մեր պարտավորությունն ու հանձնառությունը»։

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը ևս ընդգծեց ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ Միավորված ազգերի ջանքերում Հայաստանի ներգրավվածության կարևորությունը: «Հաշվի առնելով հայ ազգի պատմությունը՝ մենք պարտավոր ենք լույս սփռել բոլոր ցեղասպանությունների սարսափների, ինչպես նաև հիմնավոր վավերագրերի առկայության պայմաններում ցեղասպանության ժխտման հետ կապված շարունակական անարդարության վրա: Պնդումը, որ մեկ ցեղասպանության ժխտումը հող է պատրաստում մեկ այլ ցեղասպանության համար՝ պարզապես դատարկ խոսք չէ, այլ ահազանգ, որ հարկավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ցեղասպան միտումները աշխարհի ուշադրությանը ներկայացնելու ուղղությամբ, քանի դեռ ուշ չէ: ՀԲԸՄ-ն հպարտ է, որ օգնում է կրել մարդու իրավունքների առաջքաշման ծանր թիկնոցը՝ կազմակերպելով միջազգային սիմպոզիումներ և ծավալուն քննարկումներ այնպիսի խոշոր մայրաքաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Փարիզն ու Բեյրութը, ինչպես նաև մասնակցելով դրանց: Այսօր մենք այդ գործունեությունը ծավալում ենք ոչ պարզապես որպես ցեղասպանություն վերապրածներ, այլև որպես մարդասիրության առաջատարներ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: