ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

   

   

ՀԲԸՄ-ի ներկայացուցչությունների կողմից մեկնարկած կրթաթոշակային ծրագիրը և գրավոր ստեղծագործությունների մրցույթը խրախուսում է ֆրանսերենով կրթության ընդլայնումը Հայաստանում

Երևանում այս տարի տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի լույսի ներքո ՀԲԸՄ Մոնրեալի և Ֆրանսիայի գրասենյակներն սկսել են նոր ծրագրեր՝ ջանալով աջակցել Հայաստանի ֆրանսախոս երիտասարդությանը, ինչպես նաև տարածել ֆրանսերենը և ֆրանսիական մշակույթը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) որոշում կայացնող հիմնական մարմինը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, երկու տարին մեկ անգամ մեկտեղում է 84 անդամ երկրների առաջնորդներին ու ներկայացուցիչներին՝ քննարկումների շարք անցկացնելու նպատակով: 48 տարիների ընթացքում OIF-ը ողջ աշխարհում ակտիվորեն առաջ է մղում ֆրանսերենը, լեզվական բազմազանությունը և մարդասիրական արժեքները:

Գագաթաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 12-ին, ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակը և ֆրանսալեզու համալսարանների ու հետազոտական հաստատությունների համաշխարհային ցանց հանդիսացող Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (Agence universitaire de la Francophonie կամ AUF) ստորագրեցին շրջանակային համաձայնագիր՝ Հայաստանի ֆրանսախոս ուսանողների համար նոր կրթական հնարավորություններ ստեղծելով: Ամեն տարի Քվեբեկի ֆրանսալեզու համալսարաններ ընդունված հայաստանցի չորս ուսանողներ կրթաթոշակ կստանան՝ իրենց ասպիրանտական աստիճաններին հետամուտ լինելու նպատակով: AUF-ը նախնական ընտրությունն անցած հավակնորդներին կազատի ուսման վճարներից, իսկ ՀԲԸՄ-ն կվերահսկի ընտրության գործընթացը, որոշակի ֆինանսական օժանդակություն կցուցաբերի այդ ուսանողներին և կխթանի նրանց ինտեգրումը համաշխարհային ֆրանկոֆոն հանրությունում: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում, որին մասնակցում էին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, պաշտոնատար անձիք կառավարությունից եւ համալսարաններից:

«Այս համաձայնագիրը ավելի լավ հնարավորություններ է ստեղծում հայ ուսանողների համար ֆրանսերեն լեզվով բարձրագույն կրթություն ստանալու համար` միևնույն ժամանակ իրագործելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ ֆրանսերենը ողջ աշխարհում տարածելու առաքելությունը», - ասաց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան-Պոլ դե Գոդեմարը:

ՀԲԸՄ Մոնրեալի նախագահ Շահե Թանաշյանը նշեց, որ կրթությունը միշտ եղել է ՀԲԸՄ-ի առաքելության անկյունաքարերից մեկը։ «Սա հատուկ համաձայնագիր է, որ մենք ստորագրեցինք Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Ֆրանսիայի բուհերում Հայաստանից ուսանողներ ունենալը կխթանի կրթության ոլորտում համագործակցությունը Կանադայի և Հայաստանի միջև, ինչպես նաև ֆրանսերենը առավել տարածված կդարձնի հայ հասարակությունում», - ասաց Թանաշյանը: «ՀԲԸՄ-ն ակնկալում է նաև ավելի սերտորեն աշխատել Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ՝ ավելի լավ փորձառություն և հմտություններ զարգացնելու ներկայիս պահանջված ոլորտներում»:

Հայ-ֆրանսիական կապերը խթանելու և մարդկանց հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ մեծացնելու նպատակով` ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ գործընկերությամբ, հայտարարել էր «Իմ երազանքի Հայաստանը՝ 2050 թվականին» խորագրով ֆրանսերեն լեզվով կարճ պատմվածքների մրցույթի մեկնարկը:

Այս մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանի ֆրանսախոս քաղաքացիներին՝ պատկերացնելու իրենց հայրենիքի ավելի լավ ապագան՝ վերջին ժամանակներս տեղի ունեցած ժողովրդավարության վերածննդի լույսի ներքո: «Օգտվելով այս կարևոր պահի՝ Երևանում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընձեռած հնարավորությունից, ՀԲԸՄ ֆրանսիայի գրասենյակը այս մրցույթի միջոցով իր նպաստն է բերում Հայաստանում ֆրանսերենի տարածմանը: Այս մրցույթը նաև տուրք է Շառլ Ազնավուրին, ով հմտորեն գործածում էր այս լեզուն», - ասաց ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը: «Հուսով ենք, որ մրցույթի խորագիրը կոգեշնչի մեծ թվով դիմորդների»:

Մրցույթը բաց է Հայաստանում բնակվող անձանց համար, ովքեր իրենց կարճ (մինչև 3 էջ կամ 4,500 համակարգչային նիշ) ֆրանսերեն պատմվածքները կարող են ուղարկել մինչև դեկտեմբերի 15-ը: Լավագույն երեք պատմվածքների հեղինակները կարժանանան դրամական պարգևների:

Մրցույթի մասին մանրամասների համար այցելեք ugabfrance.org/2018/10/concours-recits/ կայքէջ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: