ՀԲԸՄ-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ «ԼՈԻՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

   

7 օգոստոսի 2018թ. - Երեքշաբթի օրը ՀԲԸՄ-ը հայտարարեց, որ վարչապետի տիկնոջ՝ լրագրող, քաղաքական գործիչ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Իմ քայլը» բարեսիրական հիմնադրամի հետ համախորհուրդ, ուսումնական դրամաշնորհներ է տրամադրելու այն ուսանողներին, որոնք տուժել էին «Լույս» հիմնադրամի լուծարման պատճառով: Աշխարհի տասը լավագույն համալսարանների շարքին դասվող կրթական հաստատություններում սովորող այդ ուսանողներն իրենց ուսման ընթացքը շարունակելու համար վստահել էին «Լույս» հիմնադրամի կողմից խոստացված դրամաշնորհներին:

«Լույս» հիմնադրամը, որն ստեղծվել էր Հայաստանի նախկին ղեկավարության բարձրագույն դեմքերի կողմից, նոր կառավարության կազմությունից հետ լուծարվել էր: Որպես ոչ առևտրական կազմակերպություն գործող այդ հիմնադրամը ժամանակին ստեղծվել էր աջակցելու համար աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ առաջադեմ ուսանողներին, որոնք հետագայում նպաստելու էին տարբեր բնագավառներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը:

Վարչապետի տիկնոջ հովանավորած «Իմ Քայլը» հիմնադրամի առաքելությունն է սատարել այն խնդիրների լուծմանը, որոնց կառավարությունը չի կարող անմիջականորեն հասնել: Նրա որդեգրած գործելաձևը հասարակական ծրագրերի համար տրամադրելի ֆինանսական տարբեր աղբյուրների հայտնաբերումն ու համապատասխան ծրագրերի հետ նրանց առնչելն ու համակարգելն է: Անշուշտ, տիկին Հակոբյանի համար նախատեսելի չէր, որ հիմնադրամի առջև ծառացող առաջին խնդիրը «Լույս» հիմնադրամի լուծարման պատճառով դժվարության մատնված ուսանողների պարագան է լինելու: Այդ ուսանողները կանգնած էին 2018-2019թթ. ուսումնական տարեշրջանն սկսելու պայմանաժամի խնդրի առաջ: Նա անմիջապես աջակցության կոչ ուղղեց միջազգային շրջանակներին: ՀԲԸՄ-ը չհապաղեց ընդառաջելու կոչին, կրթաթոշակների համար տրամադրելով 200,000 ամերիկյան դոլարի գումար, ստանձնելով նաև ուղղակիորեն վարչական ձևակերպումները կատարելու պատասխանատվությունը համապատասխան համալսարանների հետ, որոնց շարքին՝ Օքսֆորդի, Քեմբրիջի և Շիքագոյի համալսարանները:

ՀԲԸՄ-ի Նախագահ Պերճ Սեդրակյանը նշեց, որ ՀԲԸՄ-ի այս հատուկ և բացառիկ աջակցությունը բխում էր այն համոզումից, որ առաջադեմ ուսանողները պետք չէ զրկվեին իրենց երազների իրականացման հնարավորությունից՝ իրենցից անկախ հանգամանքների դժբախտ դասավորման պատճառով: Նա գնահատեց «Իմ Քայլը» հիմնադրամի կոչը, որով դիմել էր համապատասխան կազմակերպությունների աջակցությանը, նաև շնորհակալություն հայտնեց միության ուսումնասեր բարերարների առատաձեռնության համար, որի շնորհիվ հնարավոր էր դարձել անհրաժեշտ գումարների ապահովումը:

Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին՝ արագ և ազդու կերպով արձագանքելու համար: «ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված աջակցությունը, հանգամանքների բնական դասավորում էր անկասկած, հաշվի առնելով որ միությունը տասնամյակների ընթացքում հազարավոր կրթաթոշակներ է տրամադրել հայ ուսանողներին: Անշուշտ ՀԲԸՄ-ը գիտակից է նաև, որ փայլուն ուսանողների այս խումբը՝ տնտեսական զարգացման ոլորտներում, Հայաստանի մրցունակ դիրքի ապահովման ուղղությամբ, կարևոր ներդրում է լինելու: Մենք երախտապարտ ենք միությանը, որն իր արագորեն արձագանքելով կրկին անգամ հաստատեց կրթության նկատմամբ իր լուրջ հանձնառությունը:»

Թեև «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնության շնորհիվ այս պարագայում հնարավոր դարձավ ստեղծված իրավիճակում արագ ու նպաստավոր լուծուման հանգել, սակայն հետագայում արժանավոր կրթաթոշակների ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան կայուն ծրագիր:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ «ԼՈԻՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: