ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԱԶՔԱՐՇԱՎՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Խաչադուրյանը դարձավ բարի կամքի դեսպան՝ խթանելու առաջին Երևանյան մարաթոնը 

Տասնմեկ երկիր, 500 փոքր ու մեծ քաղաք, 4,550 կիլոմետր և մեկ զորեղ ուղերձ լեռնագնաց Արա Խաչադուրյանից. խաղաղություն և ոգեշնչում «5-105» տարեկան երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել իրենց երազանքները։ Արա Խաչադուրյանը ևս մեկ երազանք կյանքի կոչեց: Մեկնարկելով իր Խաղաղության մարաթոնը Մարսելից ապրիլի 7-ին և ամեն օր վազելով մեկ մարաթոնին համարժեք տարածություն՝ Արա Խաչադուրյանը ժամանեց Երևան 105 օր անց:

Խաչադուրյանը Հայաստան է ժամանել Վրաստանից` առաջին կանգառն անելով Գյումրիում, որտեղ հուլիսի 18-ին նրան դիմավորեցին քաղաքային և մարզային պաշտոնյաները: Երեք օր անց Արա Խաչադուրյանը հատեց վերջնագիծը Երևանում։ Խաչադուրյանին միացան երկու տասնյակից ավելի խանդավառ վազորդներ, այդ թվում՝ «Արմ Մարաթոն» հիմնադրամի և TriClub Yerevan ակումբի անդամներ, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը՝ նրա նշանավոր վազքի վերջին վեց կիլոմետրերի ընթացքում նրան ուղեկցելով դեպի Հանրապետության հրապարակ: Արային ողջունելու էին եկել ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը, լրագրողներ և բազմաթիվ աջակիցներ: ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված հուզական միջոցառումը ներառում էր ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաներից կազմված «Արմեններ» դհոլահարների համույթի տպավորիչ ելույթը:

«Վազքը ոչ միայն ֆիզիկական, այլև մարդկային նվաճում է: Խորհրդանշական է՝ նման համընդհանուր սկզբունքների դավանելով վազել ու սահմաններ հատել: Արան ոգեշնչել է մեզ, թեև մենք չենք վազել այնքան, որքան նա», - ասաց Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Խաչադուրյաի համար այս մարզական մարտահրավերը անչափ կարևոր խորհուրդ ունի. Սպորտի միջոցով քարոզել խաղաղություն և ոչ միայն: «Սա մրցարշավ է հանուն խաղաղության՝ ողջ աշխարհում: Վերջին հարյուր տարում միայն 170 միլիոն մարդ զոհվել է պատերազմների ու կոտորածների հետևանքով: Տատիկս վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Մայրս ու հայրս վերապրել են Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ես մեծացել եմ Լիբանանում ընթացող պատերազմի տարիներին: Այս շրջանը պետք է փակվի», - ասաց մարսելաբնակ լեռնագնաց Խաչադուրյանը: «Իմ սկզբունքն է՝ փոխանցել բռնությունը բացառող արժեքներ և մարդկանց ասել, որ նպատակներին կարելի է հասնել համատեղ աշխատանքի միջոցով»: Ես այցելում եմ դպրոցներ և աշակերտներին ասում, որ իրենց երազանքները կարող են իրականանալ միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Առանց ջանք գործադրելու անհնար է հասնել արդյունքի:

«Արմ Մարաթոն» հիմնադրամում «ՔՀ Կամուրջ» ծրագրի բարի կամքի դեսպանի կոչումը Խաչադուրյանի համար ավելի պարտավորեցնող է, մի կազմակերպություն, որը 2018թ.-ի հոկտեմբերին անցկացնելու է առաջին երևանյան մարաթոնը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ Հայաստանի «ՔՀ Կամուրջ» ծրագիրն այս նախաձեռնությամբ կապեց սփյուռքահայ սպորտային տաղանդին հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ՝ հանուն հանընդհանուր նախաձեռնության:

Որպես բարի կամքի դեսպան՝ Խաչադուրյանը կօգնի «Արմ Մարաթոն» հիմնադրամին խթանել երևանյան մարաթոնը եւ կշարունակի ոգեշնչել սպորտի նվիրյալներին՝ համատեղ աշխատել ընդհանուր բարիքի համար:

«Մենք մտադիր ենք համախմբել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի վազորդներին: Ուստի, մեծագույն հպարտությամբ ողջունում ենք մի մարդու, ով իր օրինակով ոգեշնչել է շատերին», - ասաց «Արմ Մարաթոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Նահապետյանը: «Մեր նպատակը առողջ հասարակություն ունենալն է, որին փորձում ենք հասնել ամենամյա մարաթոնների և այլ սպորտային միջոցառումների միջոցով, որից ստացված եկամուտներն ուղղվում են բարեգործական ծրագրերի իրագործմանը: Վազքը միավորում է մարդկանց. մարդկանց, ովքեր երբևէ չեն հանդիպել, ընդհանուր ոչինչ չունեն, սակայն միավորվում ու վազում են միասին: Հանուն ընդհանուր ծրագրերի նման խանդավառություն և ոգեշնչում հարուցելը հանրօգուտ ծառայության մշակույթ է ձևավորում»:

Իր վազքարշավի ընթացքում Խաչադուրյանը շատերին է հանդիպել ու ոգևորել: Ճանապարհին նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Սերբիայում գտնվող ֆրանսիական դպրոցում եւ ՀԲԸՄ Սոֆիայի և Պլովդիվի համայնքներում: «Յուրաքանչյուր երկիր յուրովի էր գեղեցիկ», ասաց նա: «Ինձ ամեն տեղ շատ լավ դիմավորեցին: Հունաստանում զինվորներն ինձ դիմավորեցին սահմանի մոտ, իսկ հաջորդ օրն ուղեկցեցին մինչև Թուրքիայի սահման: Հիանալի դիմավորեցին նաև Գյումրիում, որտեղ ոստիկանական մեքենան ուղեկցեց ինձ մինչև Վարդանանց հրապարակ»:

Լիբանանում ծնված Արա Խաչադուրյանը, ով հիանալի մարզիկ է եւ հակված է անել իր հնարավորությունների առավելագույնը, Ֆրանսիա է տեղափոխվել 1983 թվականին և 40 տարեկանում սկսել է զբաղվել սպորտով, հատկապես՝ լեռնագնացությամբ: Հաջող մագլցումների նրա ցանկում տեղ են գտել Արարատը, Մոնբլանը, Կիլիմանջարոն և Էվերեստը, որը 2016-ին հաղթահարելուն պես նա այնտեղ տեղադրել է հայկական դրոշը: Խաչադուրյանի վաղեմի բարեկամ և նախաձեռնությունների աջակից, մարսելաբնակ Ալեն Բոյաջյանը դիպուկ դիտարկում արեց նրա անցյալի և ներկայիս գործողությունների մասին՝ նշելով. «Էվերեստի հաղթահարումը ուղղահայաց մագլցում էր, իսկ նրա այս վազքը, որը գրեթե նույնքան տարածություն է, հորիզոնական էր, հետեւաբար խաչ է տեսք է ընդունում»։

Խաչադուրյանն իրեն աշխարհի քաղաքացի է համարում: Բայց ոչ միայն իրեն: «Բոլորս էլ աշխարհի քաղաքացի ենք: Հայ լինելը երկրորդական է, ինչպես որ քրիստոնյա, լիբանանցի և ֆրանսաբնակ լինելը: Բայց ամենակարևորն այն է, որ եթե ուզում ենք ասել, որ բոլորս հավասար ենք, որ բոլորս ծնվել ենք նույն հողի վրա, ուրեմն պետք է ինքներս մեզ ասենք. որտեղ էլ ծնված լինենք, միևնույնն է, բոլորս էլ աշխարհի քաղաքացի ենք», նշեց նա: «Ֆրանսիան ընդունեց ինձ, Մարսելը՝ որդեգրեց, իսկ Երևանն էլ հայրենիքս է: Այդ իսկ պատճառով, ցանկացա վազել ինձ որդեգրած քաղաքից դեպի իմ արմատները»:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԱԶՔԱՐՇԱՎՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: