ՀԲԸՄ-Ն ԽԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ

Հուլիսի 15-ին` Միացյալ Նահանգներ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում, Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հրավերով Մանհեթենում հանդիպեց ՀԲԸՄ համայնքի անդամների հետ՝ բաց երկխոսություն վարելու նպատակով: Ելույթ ունեցողների թվում էին Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը, ովքեր Նյու Յորք էին ժամանել՝ մասնակցելու հուլիսի 16-ին և 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունում(ՄԱԿ) կայանալիք բարձր մակարդակի քաղաքական խորհրդաժողովին՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում Հայաստանի արձանագրած առաջընթացը ներկայացնելու նպատակով:

Նկատի ունենալով հայրենիք-սփյուռք հարաբերություններին նոր շունչ հաղորդելու՝ Փաշինյանի կառավարության հավաստիացումները, ՀԲԸՄ-ն, որպես առաջին քայլ, կազմակերպեց ընթրիք՝ գաղափարների և ռազմավարությունների մշակման գործում սփյուռքին տեղ հատկացնելու համար, քանի որ նոր կառավարությունը ձևավորում է երկիրը տնտեսական և սոցիալական զարգացման նոր ուղու վրա դնելու խիտ օրակարգ: Ե՛վ ՀԲԸՄ-ն, և՛ Հայաստանի պաշտոնատար անձինք համաձայնեցին, որ վաղուց ժամանակն է՝ հայկական սփյուռքի հետ փոխգործակցության նոր մոդել մշակել և լավագույնս օգտագործել սփյուռքի ներուժը:

Երեկոյի տրամադրությունն ապահովելով՝ ՀԲԸՄ-ն վերահաստատեց միասնական համաշխարհային հայ ազգի գաղափարը ամրապնդելու կարևորությունը, որը ներառում է Հայաստանը, եկեղեցին և սփյուռքը, որոնցից յուրաքանչյուրն ունի մյուսի կարիքը՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բաց և անկաշկանդ երկխոսությունը խթանելու համար ՀԲԸՄ-ն որոշել էր առաջնորդվել բրիտանական ծագում ունեցող Չեթըմ հաուսի կանոնով, որը ելույթ ունեցողներին և մասնակիցներին տրամադրում է գաղափարներ ներկայացնելու, հարցեր ուղղելու և տեղեկատվություն փոխանցելու ապահով հարթակ՝ այն սկզբունքով, որ արտահայտված որևէ միտք չի վերագրվելու որևէ անհատի կամ կազմակերպության: Հյուրերը հնարավորություն ունեցան պաշտոնատար անձանց հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների միջոցով խորությամբ դիտարկելու հարցերը:

Դատելով մասնակիցների արձագանքից՝ տպավորություն ստեղծվեց, որ դա ողջունելի և աշխուժություն հաղորդող մոտեցում է: Ինչպես երեկոյի ավարտին նշեց հյուրերից մեկը՝ «Սա հրաշալի հնարավորություն էր՝ մի քանի ժամ շարունակ շփվելու հայաստանյան պաշտոնյաների հետ, արտահայտելու տեսակետներս և տեսլականս, մտորելու պատասխանների շուրջ: Մենք խորամուխ եղանք փոխադարձ հետաքրքրություն ու մտահոգություններ հարուցող այնքան շատ հարցերի մեջ»: Հյուրերից մեկն էլ նշեց, որ այս միջոցառումը «չափազանց կարևոր էր Հայաստան-սփյուռք հարաբերությունների համար: Շատ բան իմացանք պետական ծառայությունների և սփյուռքի ներգրավման հնարավորությունների մասին, ինչը նախկինում չէր կարևորվում»:

Երեկոյի հիմնական թեման այն էր, թե ինչպես կարելի է իրական գործակցության և գործընկերության ոգով վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները՝ նախկին բարեգործական մոտեցումների փոխարեն: Հարաբերությունները պետք է ձևավորվեն որպես հավասար գործընկերություն, որը կբնութագրվի ոչ միայն ֆինանսական մասնակցությամբ, այլև գիտելիքների փոխանցմամբ ու փորձի փոխանակմամբ: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե սփյուռքի ներկայացուցիչները ինչպես կարող են «երկրի զարգացման հարցը իրենցը համարել՝ որպես ներդրողներ, տեխնիկական խորհրդատուներ և արդյունաբերության ոլորտի մասնագետներ՝ միաժամանակ իրենց համարելով համաշխարհային հայ քաղաքացիներ, ում ինքնությունը նոր թափ կստանա քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու արդյունքում»: Ինչպես մասնակիցներից մեկը ձևակերպեց՝ «Սփյուռքահայերը պետք է հավասար խաղացողներ լինեն»:

Երեկույթի ընթացքում ներկայացվեցին հստակ առաջարկություններ՝ խրախուսելու համար սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես իրականացնելը՝ հատուկ շեշտադրելով բարձր տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում առկա հսկայական ներուժը: Առաջարկություններն ամփոփվեցին և տրամադրվեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, որպեսզի վերջինս ձևավորի գործընկերության օրակարգը և այն ներկայացնի Երևանում որոշումներ կայացնող համապատասխան ատյաններին: Երեկույթի ողջ ընթացքում հիշատակվում էր Հայաստանի և սփյուռքի միջև նոր շփումների ձևավորման գործում ՀԲԸՄ-ի դերակատարության կարևորությունը՝ վերջինիս համաշխարհային կապերի, կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում երկարամյա ազգանվեր գործունեության շնորհիվ: ՀԲԸՄ-ի ներկայիս նախաձեռնություններից է կանանց հզորացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում փոքր բիզնես սկսող կամ այն ընդլայնող կանանց, «ՔՀ Կամուրջ» ծրագիրը, որը սփյուռքահայ մենթորներին հնարավորություն է ընձեռում գրանցվելու Together4Armenia (Միասին՝ հանուն Հայաստանի) առցանց հարթակին և իրենց հմտությունները մեկտեղելու սեփական կարողությունները զարգացնելու ուղին բռնած տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի հետ: ՀԲԸՄ-ն նաև ԿԶՆ նորարարության Հայաստանի ազգային լաբորատորիայի գործընկերն է. սա քաղաքացիական մասնակցության, փորձարարության, գործակցության և վերլուծության հարթակ է, որը կոչված է օգնելու Հայաստանի զարգացման ներուժի բացազատմանը և 2050թ. կայուն զարգացման նպատակների կենսագործումը խթանելուն: Առանձնացվեց Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող արդյունաբերության երեք ճյուղ. զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն:

Հայաստանյան պատվիրակության համար երեկոն ևս նպաստավոր էր բաց քննարկումների և ներկայացված գաղափարները տեղում գնահատելու համար, ինչը նրանց թույլ կտա Երևան վերադառնալ ազատ և բաց հասարակությունում համատեղ ուժերով ազգանվեր գործունեության հաջորդ փուլի մասին ավելի հստակ նպատակադրումով: Միջոցառումից հետո ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը գոհունակություն հայտնեց փոքր խմբով երեք ժամ տևած բովանդակալից զրույցի ընթացքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: «ՀԲԸՄ-ն մշտապես արտահայտել է այն գաղափարը, որ եթե ուզում ենք, որ Հայաստանը հաջողի որպես երկիր, իսկ սփյուռքը բարգավաճի որպես համայնք, մենք պետք է մտածենք և գործենք որպես մեկ միասնական համաշխարհային ազգ: Թավշյա հեղափոխության՝ իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանի քաղաքացիների մոտ արթնացած հույսերի հետ մեկտեղ, սփյուռքը ևս պետք է ապագային նայի նոր աչքերով, բաց մտքով և լայն սրտով՝ ի կատարումն առաջիկա կարևոր գործերի: ՀԲԸՄ-ն ողջունում է ներգրավման այս նոր միջավայրը և պատրաստակամություն է հայտնում իր ծանրակշիռ դերակատարությունն ունենալ Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման գործում՝ սփյուռքի անմիջական ներգրավումը և աջակցությունը խրախուսող ծրագրերի միջոցով»:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ-Ն ԽԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: