ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Հունիսի 10-ի շաբաթվա ընթացքում, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանի ու Կենտրոնական Վարչության անդամ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցավ Հ.Հ. նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, պաշտպանության, սփյուռքի, կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի հետ: Ս. Էջմիածին կատարած այցելությամբ, պրն. Սեդրակյանը հանդիպեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ըստ նախագահ Սեդրակյանի, «Ազգային ծառայության տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումները հնարավորություն տվեցին առավել խորը պատկերացում կազմելու կառավարության նախատեսած ծրագրերի վերաբերյալ, գտնելով նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Այս հանդիպումները բացառիկ առիթ էին պետական մարմիններին ներկայացնելու ՀԲԸ.Միության պատկերացումները, որոնք հիմնված են կյանքի տարբեր ոլորտներ ներառող ծրագրերի միջոցով Հայաստանի քաղաքացիների հետ երկարատև, ընդգրկուն ներգրավվածության վրա»: Նա նաև նշեց, որ «արդյունավետ այս խորհրդակցությունները ընթացք են տալու նոր նախաձեռնությունների՝ համապատասխան ոլորտներում կողմերի փոխադարձ պատասխանատվությամբ, ընդարձակելով փոխգործակցության շրջագծերը կրթության, սոցիալական-տնտեսական զարգացման, մշակույթի և այլ կենսական բնագավառներում»: Նա ընդգծեց, որ նման հանդիպումները աշխուժացնում և ամրապնդում են Հայաստան-սփյուռք հարաբերությունները, «որոնք համաշխարհայնական ազգի ուժականությամբ հզորացնում են Հայաստանի ինքնիշխան պետությունը՝ նրան տալով յուրահատուկ կարգավիճակ»:

Կառավարության անդամերն իրենց հերթին գնահատանքով արտահայտվեցին Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկեցությանն ու բարգավաճմանն ուղղված ՀԲԸՄ-ի հետևողական և նվիրյալ ծառայությունների մասին, որոնք բաղկացուցիչներն են նրա առաքելության, և որոնք նպաստում են պետականության հիմքերի զորացմանը:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սեդրակյանն իր զորակցությունը հայտնեց ազգային արժեքների պահպանման ուղղությամբ եկեղեցու կատարած կարևոր դերի կապակցությամբ: Նա հաստատեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է աջակցել եկեղեցու այդ նախաձեռնություններին: Նա նշեց, որ կարևոր է հանրությանը շարունակաբար իրազեկել սոցիալական, կրթական և մարդասիրական ոլորտներում եկեղեցու ծավալած լայն գործունեության մասին, կրկին անգամ շեշտելով իր այն համոզումը, որ կառավարությունն ու եկեղեցին իրենց յուրահատուկ դերն ունեն կատարելիք մեր ազգը հատկանշող իդեալներն ու անժամանցելի արժեքները ժողովրդի մոտ վառ պահելու գործում:

Նյութն այլ լեզուներով՝
Ֆրանսերեն
Արևմտահայերեն

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: