ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ՝ ՈՐՊԵՍ ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄՈՒՐՋ

Հեղ. Նարեկ Սեֆերյան

Իտալիա, Վենետիկ, 1512թ. և Հնդկաստան, Մադրաս (Չենայ), 1794թ. ի՞նչ ընդհանուր բան կա միմյանցից այդքան հեռու այս երկու տարեթվերի և վայրերի միջև: Երկուսն էլ կապված են հայկական աշխարհում առաջին անգամ տեղի ունեցած իրադարձությունների՝ առաջին հայերեն տպագիր գրքի և առաջին հայկական լրագրի հետ: Տպագիր մամուլը առանցքային դեր է ունեցել հայկական ինքնությունը ողջ աշխարհում դարեր շարունակ կենդանի պահելու գործում՝ Աստվածաշնչից մինչև դասագրքեր, երազահաններ կամ ակտիվ լրատվամիջոցներ, որոնք տեղեկատվություն են տրամադրել տեղական միջոցառումների մասին՝ երբեմն անդրադառնալով աշխարհասփյուռ հայության հետ կապված իրադարձություններին:

Ցավոք, սփյուռքահայ լրատվամիջոցները միշտ չէ, որ ամուր կապ են պահպանել բուն Հայաստանի հետ, անգամ համացանցի և սոցիալական լրատվամիջոցների այս դարաշրջանի պայմաններում: Վերջին տարիներին առնչությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ինչն է՛լ ավելի ակնհայտ դարձավ 2018թ. ապրիլի և մայիսի հուզումնառատ շաբաթների ընթացքում, երբ երկիրն ականատես եղավ հսկայական քաղաքական զարգացումների, որոնք էկրանների կամ տպագիր մամուլի միջոցով համակ ուշադրության էին արժանացել մոլորակի տարբեր ծայրերում՝ Բոստոնից մինչև Պեկին, Բուենոս Այրեսից մինչև Բեյրութ: Սփյուռք-Հայրենիք լրատվական կապերը նոր դարաշրջան են թևակոխել:

Ի նշանավորումն այդ զարգացումների, ՀԲԸՄ Հայաստանը մայիսի 30-ին հյուրընկալեց երեկույթ-քննարկում՝ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Լրագրողների համահայկական 9-րդ ֆորումի շրջանակներում: Տեղացի և արտերկրյա շուրջ հարյուր խմբագիր, թղթակից ու հրատարակիչ հավաքվել էին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում՝ մտքերի ու գաղափարների փոխանակման և կապերի ընդարձակման նպատակով:

Իր բացման խոսքում ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը նշեց, որ համաժողովի ծրագրումն սկսելիս իրավիճակը երկրում միանգամայն տարբեր էր ներկայից: «Սա նոր Հայաստան է: Թերևս մենք նոր սփյուռքի կարիք ունենք», - ասաց նա: ՀԲԸՄ-ն վաղուց ի վեր հայտնի է որպես սփյուռքի կազմակերպություն, սակայն վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի վերածվել է հայաստանակենտրոն հաստատության՝ սփյուռքի հետ ամուր կապերով: Եթե կա մի կառույց, որ կարող է ծառայել որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ, ապա դա ՀԲԸՄ-ն է, հատկապես՝ մեծագույն փոփոխությունների այս ժամանակներում: «Հայաստանի հետ սփյուռքի կապերը պետք է շոշափելի լինեն, ընդ որում, ո՛չ միայն մարդասիրական նվիրատվությունների, այլև բազմաթիվ ուրիշ միջոցներով», - հավելեց Յակուբյանը: «Մենք լուրջ գործընկերության հույս ունենք լրատվության ասպարեզում»: Իհարկե, հարկավոր է ապահովել թափանցիկությունն ու ազատ արտահայտվելու հնարավորությունը: Անշուշտ, սփյուռքը պետք է քննարկի Հայաստանում առկա թերությունները: Սակայն հարկավոր է բարձրաձայնել նաև հաջողված փորձի մասին: Սփյուռքը պետք է տեղյակ լինի երկրի ձեռքբերումների մասին, որոնցից մի քանիսը ոչ թե տարածաշրջանային, այլև իրապես համաշխարհային նշանակության ձեռքբերումներ են»:

Հրավիրյալ խոսնակների թվում էին տեղական լրատվամիջոցների պրոֆեսիոնալներ, ովքեր վերջին իրադարձությունների լուսաբանման իրենց սեփական փորձն էին կիսում՝ ներկայացնելով ամենատարբեր պարբերականներ և գործակալություններ, ինչպիսիք են՝ CivilNet-ը, Ազատություն ռադիոկայանը, Associated Press, Photolure և EVN Report գործակալությունները: Ներկաներին ընձեռվեց հարցեր ուղղելու և արձագանքելու հնարավորություն:

Բազմաթիվ խոսնակների կողմից արծարծված թեմաներից մեկն առնչվում էր վերջին քաղաքական զարգացումներում երիտասարդության դերին, մինչդեռ ակներև էր, որ սենյակում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծամասնությունը առավել ավագ սերնդից էր: Առնվազն այդպես էր սփյուռքահայ լրատվամիջոցների պարագայում:

«Անշուշտ, սա տեղին դիտարկում է», - նկատեց Լիբանանում գտնվող ՀԲԸՄ ՀԵԸ (Հայ երիտասարդաց ընկերակցություն) լրատվական համակարգող Ահարոն Շխրտմյանը: «Սփյուռքի հայկական լրատվական ասպարեզում երիտասարդների համար գործելու այնքան էլ դաշտ չկա այսօր: Նրանց հարկավոր է քաջալերել, նրանք պետք է ներգրավված լինեն այդ ասպարեզում»:

Մեկ այլ՝ ավելի ծանրակշիռ թեմա, որ պարբերաբար արծարծվում էր, այն էր, որ ի լրումն Նիկոլ Փաշինյանի կողմից շաբաթներ շարունակ ընթացող շարժման հանդեպ աննախադեպ հետաքրքրության, հատկապես՝ սոցիալական լրատվամիջոցների և քաղաքացիական լրագրության միջոցով, նշանակալի ուշադրություն կար համաշխարհային ԶԼՄ-ների կողմից: Հետաքրքրության այս ծավալը համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեց տեղական լրատվամիջոցների համար, որոնք հանդես եկան որպես լրատվություն թողարկողներ, թղթակիցներ և վերլուծաբաններ: Ազատություն ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանը ներկայացրեց, թե ինչ բացառիկ հնարավորություն էր ընձեռվել իրենց՝ լրատվություն տրամադրելու խոշոր հեռարձակողներին: Նա հույս հայտնեց, որ դրա արդյունքում երկրի լրատվական մշակույթը դրական փոփոխությունների կենթարկվի: Regional Post Caucasus լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արշակ Թովմասյանը հավելեց, որ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում երկրում ներկա էր օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 200 աշխատակից, և բոլորը վերլուծաբանների և թղթակիցների կարիք ունեին:

Հայաստանում CNN-ի, Euronews-ի, Al Jazeera-ի և BBC-ի ներկայությունը հատկանշական է, իսկ կարելի՞ է արդյոք նույնը ասել սփյուռքի զանգվածային լրատվամիջոցների մասին: «Սփյուռքի մամուլը հաճախ գրում է սեփական համայնքների մասին, սակայն կարելի է մշտական հիմունքներով աշխատող թղթակիցներ ունենալ Հայաստանում, հատկապես՝ նշանակալի զարգացումների ժամանակահատվածներում»,-առաջարկեց Թամրազյանը:

Եվ այս խնդիրը փոխադարձ է: Տեղական լրատվամիջոցների, մինչև անգամ Թամրազյանի ղեկավարած Ազատություն ռադիոկայանի, շատ ակտիվ ու բազմաթիվ հետևորդներ ունեցող Հետք-ի ներկայացուցիչներն ընդունեցին, որ սահմանափակ տեղեկություններ և գործակցություն ունեն սփյուռքի լրատվամիջոցների հետ: Միջոցառումն այդ բնագավառի մասին թեկուզև փոքր-ինչ տեղեկանալու լավ հնարավորություն էր նրանց համար:

Associated Press-ի հայաստանյան թղթակից Ավետ Դեմուրյանը իր կողմից սփյուռքի լրատվամիջոցների խմբագիրներին կոչ արեց սերտ համագործակցություն հաստատել հայաստանյան մեկ-երկու լրատվամիջոցների հետ և նյութեր փոխանակել: «Որքան կարող եք՝ նյութեր հրապարակեք ձեր համայնքում ապրող մարդկանց մասին. նրանց, ովքեր ազդեցիկ են, ովքեր ձևավորում են տեղի մթնոլորտը, կլինեն պատերազմի վետերաններ, գիտնականներ կամ ձեռներեցներ», - ասաց նա:

Օրվա խոսնակներից էր այսօր հովարավոր գլխարկների և շապիկների վրա Հայաստանում և, անկասկած, երկրի սահմաններից դուրս ամեն քայլափոխի երևացող «Դուխով» տարբերանշանի դիզայներ Արա Ասլանյանը: «Դուխով» արտահայտությունը որոշ դիմադրության հանդիպեց սփյուռքի այն հայրենակիցների կողմից, ովքեր ծանոթ չէին ռուսերենին կամ Հայաստանում ընդունված խոսակցական լեզվին, բայց, այդուհանդերձ, դարձավ հեղափոխության խորհրդանիշը, և, այն, ըստ Ասլանյանի, որպես հաջող կոմերցիոն գաղափար կարող էր վերածվել երկրի ճանաչելի բրենդի:

Ներկա էր նաև Photolure լուսանկարչական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը՝ իր Վահրամ և Հայկ որդիների հետ: Ի ճանաչումն նրանց արդեն իսկ բարի համբավի, վերջին շարժման ընթացքում Բաղդասարյանների կատարած աշխատանքը գնահատվեց նաև Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Որպես այդպիսին, լրատվամիջոցների դերը պարզապես ապրիլյան-մայիսյան իրադարձությունները լուսաբանելը չէ, այլ դրանց նշանակալիության մասին ողջ երկրին և աշխարհին հայտնելը: Միջոցառման ներկա հայտնի ֆոտոլրագրողներից էին Էրիկ Գրիգորյանը՝ EVN Report-ից, Նազիկ Արմենակյանը՝ 4Plus-ից, Նարեկ Ալեքսանյանը՝ Հետք-ից՝ իր գործընկեր, հետաքննող լրագրող Սեդա Ղուկասյանի հետ:

Ըստ EVN Report-ի խմբագրական խորհրդի անդամ Արտո Վոնի, ով գովեստի էր արժանացել վերջին իրադարձությունների մասին անգլերեն տեղեկատվության լայն սփռում ապահովելու համար, տեղի, սփյուռքի ու մինչև անգամ ոչ հայկական լրատվամիջոցների միջև քննարկումների խթանմանն ուղղված ցանկացած շփում ավելի քան ողջունելի է: «Այս կապերը պետք է հատկապես ուղղվեն ստանդարտները կատարելագործելուն», - հավելեց նա:

«Տեղի և սփյուռքի լրատվամիջոցների միջև երկխոսության հսկայական նյութ կա», - իր հերթին նշեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը: «Հայաստանյան լրատվամիջոցները կարող են Սփյուռքի ԶԼՄ-ների համար ծառայել որպես տեղեկատվության աղբյուր և որպես տեղական գործընկեր: Իսկ հայրենիքում գործող ԶԼՄ-ների համար սփյուռքի լրատվամիջոցների հասանելիությունը և արդյունավետ փոխգործակցությունը կարող են օգնել նոր, կատարելագործված օրակարգ ձևավորելու հարցում»:

Ակնհայտորեն, թե՛ տեղական, և թե՛ սփյուռքի ԶԼՄ-ների համար չափազանց հետաքրքրական է միմյանց լսելը, սակայն գործակցության մակարդակը բավարար չէ: Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը իր կողմից նկատեց, «Սփյուռքի լրատվական դաշտը սփյուռքի տարբեր համայնքների և Հայաստանի միջև կամրջի կարևորագույն դեր ունի: Սակայն, միևնույն ժամանակ, առկա է աճի, համագործակցության և գաղափարների փոխանակման ահռելի ներուժ: Մեզ հարկավոր են ավելի շատ այսպիսի հարթակներ, որպեսզի ամրացնենք այդ կամուրջը, հարկավոր է որոնել փոխգործակցության է՛լ ավելի գործուն, արդյունավետ և բեղմնավոր ուղիներ»:

Սակայն հիմնական հարցը մնում է այն, թե ինչպես սփյուռքը կարող է առավել լիարժեք և ծանրակշիռ գործակցել հայրենիքի հետ, և ինչպես կարող է հայրենիքը ներգործուն և կայուն կապ պահպանել սփյուռքի հետ: ՀԲԸՄ-ի նման հաստատությունները ունեն բավարար հիմքեր ապահովելու համար կապերի ընդլայնման և փորձի փոխանակման հարթակների առկայությունը, ինչպես նաև կարող են օժանդակել տևական փոխգործակցության կայացմանը: Այդ խորը առնչությունները կարող են տեղ գտնել բազմազան ոլորտներում, սակայն լրատվամիջոցները մշտապես կենտրոնական դերակատարություն են ունենալու աշխարհասփյուռ հայ ազգի ներկայացուցիչների միջև կապերը պահպանելու գործում:

Արեւմտահայերէնի համար սեղմեք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ՝ ՈՐՊԵՍ ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄՈՒՐՋ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: