ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի ժողովուրդը ազգի զարգացման հետագա ընթացքը նոր ուղղության վրա դրեց: 2018թ. ապրիլի 13-ից սկսած՝ մարդիկ ցույց տվեցին խաղաղ ցույցերի և կազմակերպված բողոքի ակցիաների միջոցով առանց բռնության քաղաքացիական շարժումն առաջ տանելու իրենց հանձնառությունը՝ տեղի չտալով անգամ անորոշ հետևանքների հեռանկարի առջև: Նրանց նպատակի միասնականությունը հույս ներշնչեց և այժմ դնում է օրենքի գերակայության պայմաններում ամուր ժողովրդավարական հաստատությունների հիմքերը: Պակաս կարևոր չէ այն, որ աշխարհը տեսավ Հայաստանի քաղաքացիների ժողովրդավարական ոգին և հասուն ու իմաստուն ձևով կառուցողական փոփոխությունների հասնելու վճռականությունը: Հենց միայն սա տրամադրում է լավատեսության և ազգային հպարտության:

ՀԲԸՄ-ն կշարունակի աջակցել այս պատմական շարժումը խթանող արժեքներին, որոնք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ հանգեցրին խաղաղ հանգուցալուծման՝ հարգելով ժողովրդի ձայնը:

Գալիք մի քանի օրերը, շաբաթներն ու ամիսները վճռորոշ նշանակություն ունեն: Սպասվող աշխատանքը թելադրում է նույնպիսի համբերատարություն և խոհեմ գործողություններ ազգային միասնության ապահովման համար: Անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական երկխոսություն և ապահովել մեր ժողովրդավարական հաստատությունների հզորությունը, որպեսզի շնորհալի առաջնորդները կարողանան հաշվետու լինել քաղաքացիներին և ժողովրդական ձգտումները վերածեն գործնական քաղաքականության՝ ի շահ անվտանգության և շարունակական բարգավաճման: Սրանք են կուռ և ազատ հասարակության հենասյուները:

Այսօր, ապրիլի 24-ին, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, պետք է հիշենք, թե որպես ժողովուրդ որքան երկար ճանապարհ ենք անցել՝ անցյալի ողբերգություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար: Վճռականության նույն ոգին էլ պետք է որոշի մեր ապագան:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: