ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին երդմնակալության և նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունում է նրան այս պատմական իրագործման առիթով:

Հանգրվանային այս իրադարձությունը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր ազգը կանգնած է բազմաթիվ բարդ տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների, միաժամանակ բարգավաճման հիանալի հնարավորությունների առջև: Թևակոխելով 2016թ.-ին վերանայված Սահմանադրությանը համապատասխան մեր հանրապետության կառավարման նոր դարաշրջան՝ մենք տեսնում ենք առաջխաղացման հսկայական ներուժ, որի համար անհրաժեշտ են եռանդուն ղեկավարություն և գործակցություն բոլոր կողմերի միջև:

Անցում կատարելով խորհրդարանական համակարգին՝ Հայաստանի նոր Նախագահը ստանձնում է երկրի ղեկավարի դերը և պատասխանատվությունը ազգային կառույցների կայունության և դրանց անխափան գործունեության համար: Ակնկալում ենք, որ Նախագահ Արմեն Սարգսյանը հաջողությամբ կիրականացնի այս կարևոր հանձնառությունը՝ արդյունավետ ներկայացնելով մեր ժողովրդի համընդհանուր ձգտումները, ինչպես նաև մեր միասնական արժեքներն ու գաղափարները:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը նաև իր երախտագիտությունն է հայտնում իր պաշտոնավարումն ավարտած Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայրենիքին մատուցած իր նվիրյալ ծառայությունների և վճռորոշ պահերին ցուցաբերած առաջնորդության համար՝ Արցախի ազատագրական շարժման մեկնարկից մինչ օրս: Իր նախագահության շրջանում ՀԲԸՄ-ն պահպանեց և ընդլայնեց Հայաստանի ղեկավարության հետ գործելու իր խորարմատ ավանդույթը՝ առավել զարգացնելով իր գործունեությունը կրթության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև սոցիալական և մարդասիրական ծառայությունների ոլորտներում:

ՀԲԸՄ-ն խանդավառությամբ շարունակելու է Հայաստանի Հանրապետության ղեկավարների հետ կառուցողական համատեղ աշխատանքը՝ ի շահ համայն հայության բարօրության: Նախագահի, Խորհրդարանի, Վարչապետի գրասենյակների և Եկեղեցու սերտ համագործակցությամբ է, որ հնարավոր է լավագույնս ծառայել մեր ազգի և ժողովրդի զարգացմանը:

Նյութն այլ լեզուներով՝
արեմտահայերեն
ռուսերեն

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: