2018-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՄՈXՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար:

«Թումոյի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել մեր կրթական առաքելությունը թվային տեխնոլոգիաների միջոցով Երևանի սահմաններից դուրս։ Այս երկու կենտրոնները այդ առաքելության հրաշալի իրագործումն էին և ապացույցը, որ տեխնոլոգիաների և դիզայնի զանազան ոլորտներում կրթությունը պահանջված է և տեսանելի արդյունքներ է տալիս», - ասում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«ՀԲԸՄ-ն և Թումոն համախոհ կառույցներ են, որ կիսում են որակյալ և նորարարական կրթությամբ պայմանավորված հայ երիտասարդության ապագայի տեսլականը: Համագործակցության մեկնարկին մենք պլանավորում էինք բացել մեկ կենտրոն 500-ից 1000 ուսանողի համար, սակայն մեկ տարվա ընթացքում նախագիծը ընդլայնվեց՝ ապահովելով արտադասարանային կրթություն երկու կենտրոնի 3000 ուսանողի համար։», - իր հերթին նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը։

2015-ի մայիսի բացումից ի վեր Գյումրիի կենտրոնում 2000 ուսանողների համար անց է կացվում տարեկան 200-ից ավելի մշտական դասընթաց, որոնք դասավանդում են Թումոյի մասնագետները, և բազմաթիվ աշխատարաններ հրավիրված միջազգային մասնագետների հետ: Ուսանողների աշխատանքները ստանում են միջազգային ճանաչում. գերմանացի լուսանկարիչ Կատարինա Ռոթերսի վարած աշխատարանի արդյունքում ուսանողների արված լուսանկարները դարձան Վենետիկի Բիենալեում Հայաստանի պաշտոնական տաղավարի մաս, իսկ դրանցից մեկը հայտնվեց միջազգային Arte Laguna մրցույթի եզրափակչում: Ծրագրավորմամբ զբաղվող թումոցիների մի խումբ հաղթեց Գյումրիում կազմակերպված մեծ հեքըթոնը և այդ խմբից երկու պատանիներ իրենց նախագծով մասնակցեցին Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացվող միջազգային Seaside Startup Summit-ին: 2017-ին կենտրոնի բոլոր ուսանողների և Գյումրիի հանրության համար կազմակերպվեց Բարեկենդանին նվիրված մեծ միջոցառում, որի ընթացքում Թումոյի Թմբաթա խմբի կազմում քաղաքի դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ելույթ ունեցան ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները:

Արցախի անկախության տարեդարձի օրը՝ 2015-ի սեպտեմբերի 2-ին բացված Ստեփանակերտի կենտրոնում ուսանում է 1000-ից ավելի պատանի՝ տարեկան մասնակցելով 160-ից ավելի դասընթացի և աշխատարանի: Ստեփանակերտի կենտրոնի ուսանողները ակտիվորեն մասնակցում են երկրի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ ստեղծելով երկրի մասին ինֆոգրաֆիկաներ, քարտեզներ, գովազդային նյութեր: Ուսանողական աշխատանքները կիրառվում են երկրում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից։ Պատանիները ստեղծել են տարբերանշան Արցախպրես լրատվականի համար, ինչպես նաև հաղթել են Զաբել Եսայանի հիշատակին նվիրված դիզայներական մրցույթում: Ուսանողական աշխատանքները դուրս են եկել երկրի սահմաններից. Շարժայի Օհաննեսսյան դպրոցում պատմության դասերի ժամանակ կիրառվում են Ստեփանակերտի կենտրոնի ուսանողների ստեղծած ինֆոգրաֆիկաները:

Թե՛ Գյումրիի, թե՛ Ստեփանակերտի կենտրոններ են հրավիրվում բարձրակարգ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ռուսաստանից և մի շարք եվրոպական երկրներից: Նրանք պատանիներին են փոխանցում իրենց փորձը գրաֆիկական դիզայնի, ծրագրավորման, ֆիլմերի ստեղծման, ծրագրավորման, ռոբոտաշինության, մեքենայական ուսուցման և բազմաթիվ այլ արդիական ոլորտներում:

ՀԲԸՄ-ի և Թումոյի համագործակցությունը չի եզրափակվում Գյումրիում և Ստեփանակերտում կազմակերպվող կրթական ընթացքով: ՀԲԸՄ հիմնադրման 110-ամյակին նվիրված «Հոգիս» բազմաժանր ներկայացման շրջանակներում Թումոյի ուսանողներից կազմված երաժշտական խմբերը՝ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների հետ միասին հանդես եկան New York City Center-ի մեծ բեմում: Բեմադրությունը տարվա ընթացքում կրկնվեց նաև Երևանի և Գյումրիի բեմերում:

ՀԲԸՄ-ի և Թումոյի բեղումնավոր համագործակցությունը կայուն նախադրյալ է նորանոր նվաճումների և հայաստանյան երիտասարդության համար մեծ խթան հանդիսացող նախագծերի իրականացման։

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ 2018-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՄՈXՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: