ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 15-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ամերիկայի հայ համայնքի ղեկավարների հետ՝ քննարկելու Արցախում պետականաշինության և երկրի կյանքում սփյուռքի դերակատարության հետ կապված հարցեր: Բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերում ներգրավված լինելու համար ներկաներին երախտագիտություն հայտնելուց հետո նա ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանին պարգևատրեց քաղաքացիական անձանց շնորհվող բարձրագույն պարգևով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Հանրապետությանը ցուցաբերված տևական աջակցության, նվիրումի և մատուցված ծառայություններում ունեցած առաջատար դերակատարության համար:

Արցախի Հանրապետության զարգացման ողջ ընթացքում ՀԲԸՄ-ը ամենատարբեր եղանակներով ի ցույց է դրել իր հուսալի աջակցությունը, սկսած տուժածներին և զինծառայողներին ցուցաբերվող արտակարգ բուժօգնությունից, դասընթացների միջոցով կրթությունը զարգացնելուց, ստեղծարար տեխնոլոգիաներից ու մասնագիտացված ուսուցումից մինչև աջակցություն գյուղատնտեսական և մշակութային նախաձեռնություններին՝ կայուն սոցիալ-տնտեսական ապագա ձևավորելուն աջակցելու նպատակով:

Իր շնորհակալական խոսքում պրն. Սեդրակյանը հույս հայտնեց, որ «նույն ոգին, որ 30 տարի առաջ ծնունդ տվեց ազատագրական շարժմանը, կարող է վերածնվել՝ հանուն Արցախի ամրապնդումը շարունակելու և երկրի ինքնորոշումն ապահովելու»: Նա նշեց, որ «Թեև ծանրակշիռ օժանդակություն է ուղարկվել, դա բավարար չէ»՝ կոչ անելով համայնքին՝ ավելին անել Արցախի տնտեսությունը զարգացնելու համար: Նա նաև նշեց, որ Արցախի տնտեսության զարգացումը բարդ խնդիր չէ: Դրա համար պահանջվում է փոքր-ինչ ուշադրություն և ջանք: Որպես օրինակ՝ նա նշեց այն փաստը, որ անցյալ տարի շուրջ 20,000 զբոսաշրջիկ է այցելել Արցախ, և եթե ստացվի այդ թիվը հասցնել 50,000-ի՝ դա մեծ փոփոխություն կբերի Հանրապետության քաղաքացիների կյանքում: Պրն. Սեդրակյանն իր խոսքը եզրափակեց՝ նշելով, որ Արցախը զուտ տարածքային ամբողջականության և անկախության խնդիր չէ, այն նաև մեր ազգի «ոգու» խորհրդանիշն է:

Նախագահ Սահակյանը հիշատակեց ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների կարևոր դերակատարությունը՝ Արցախի միջազգային ճանաչման գործում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: