ԱՄՆ ՄԶԳ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՍՄԻԹՍՈՆՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից, և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) թողարկել են Վայոց ձորին նվիրված մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք, որի նպատակն է նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային արժեքների պահպանմանը: Փետրվարի 27-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) սրահում տեղի ունեցավ նոր էլեկտրոնային գրքի շնորհանդեսը:

«Մենք փորձում ենք սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մեր ծրագրերը զուգորդել Հայաստանի կառավարության որդեգրած ռազմավարական առաջնահերթությունների հետ: ՀԲԸՄ-ն ակտիվորեն աջակցում է այսպիսի նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանի առաջնային և առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության զարգացմանը», - ասաց Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը․ «Հայաստանի գյուղական համայնքներում ապրողների համար «Իմ Հայաստան» ծրագիրը տնտեսական զարգացման և ապրելամիջոցի բարելավման հնարավորություններ է ստեղծում։ Սույն էլեկտրոնային գիրքը նվիրված է Վայոց ձորի մարզին, որը յուրօրինակ ուղեցույց է՝ խթանելու զբոսաշրջիկների այցը նշված մարզ, ուր կարող են վայելել գեղեցիկ բնությունը, ծանոթանալ տեղի հարուստ մշակույթին ու հանդիպել հյուրասեր մարդկանց, իսկ առավել կարևորն այն է, որ Հայաստան այցելողները չեն սահմանափակվի միայն Երևանով։ Ինձ ճիշտ հասկացեք, Երևանն աննկարագրելի քաղաք է, սակայն, միևնույն ժամանակ Վայոց ձորն ու մյուս մարզերն էլ բազմազան զբոսաշրջային փորձառություններ ունեն առաջարկելու այցելուներին։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծվել է էլեկտրոնային գրքերի շարքը, որի անդրանիկ գիրքը գլխավորում է Վայոց ձորի մարզը»:

«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը զբոսաշրջային ամենաընդգրկուն ուղեցույցն է, որն ինտերակտիվ եղանակով ներկայացնում է մարզի պատմությունը, բնությունը և մշակութային ժառանգությունը: Այն հարուստ տեղեկություններ է պարունակում Վայոց ձորի ճարտարապետության, հնագիտության, արկածային տուրիզմի հնարավորությունների, խոհանոցի, փառատոների և տարածաշրջանային միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև՝ օգտակար տեղեկատվություն և խորհուրդներ այցելուների համար:

Էլ. գիրքը համալրում է ՀՎՀ-ի 7 լեզուներով հասանելի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը, որը կարելի է անվճար ներբեռնել սմարթֆոնում, տաբլետում և համակարգչում:

«ՀՎՀ-ն հպարտությամբ է համագործակցում «Իմ Հայաստան» ծրագրի հետ՝ հավատարիմ մնալով հայկական հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իր առաքելությանը»,- ասաց Երվանդ Զորյանը, ՀՎՀ հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ: «Այսօր արդեն մեծ ժողովրդականություն վայելող մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը մենք սկսեցինք թողարկել՝ նպատակ ունենալով գիտելիքը դուրս հանել ՀՎՀ-ի վիրտուալ դասարաններից և տարածել հանրության լայն շրջանակներում: Նոր էլ. գրքում օգտագործվել են ստեղծարար և ժամանակակից լուծումներ՝ Վայոց ձորի բնական և պատմական հարստությունը, մարզի բազմազանությունը լավագույնս ներկայացնելու նպատակով: Գիրքն իր ինտերակտիվ բովանդակությամբ կնպաստի մարզում զբոսաշրջիկների թվի աճին»:

«ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակ ունի ցուցադրելու այն արդյունավետ կապը, որ կարող է լինել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: Մշակութային զբոսաշրջության հնարավորությունները, որ մշակվել են «Իմ Հայաստան» ծրագրի և մեր առանցքային գործընկերների՝ հանձինս ՀԲԸՄ-ի, փորձառության ու ջանքերի շնորհիվ, կնպաստեն Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և այդ համայնքներում հայկական մշակութային ժառանգության կայունության բարելավմանը», - ասաց Սիսակ Մխիթարյանը, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար:

Էլ. գիրքն արդեն դրական արձագանք է ստացել զբոսաշրջության ոլորտի լավագույն մասնագետների, տարածաշրջանի փորձագետների և տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: «Իմ Հայաստան» ծրագիրը և ՀՎՀ-ն նախատեսում են շարունակել համագործակցությունը և թողարկել Հայաստանի մյուս մարզերը ներկայացնող էլեկտրոնային գրքերի շարք:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ԱՄՆ ՄԶԳ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՍՄԻԹՍՈՆՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: