ՆՇՎԵՑ ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 110 ԱՄՅԱԿԸ

Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ու ՀԲԸՄ Հայաստանի հյուրընկալությամբ ու համատեղ կազմակերպմամբ նշվեց Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110 ամյակը, ինչպես նաև տեղի ունեցավ «Ժամանակ. 100 տարի» մատենաշարով լույս տեսած Վահան Թեքեյանի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի գրքերի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի հոբելյանական շնորհանդեսները:

Շնորհավորելով օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանին և ողջ խմբագրակազմին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «110 տարի առաջ Կ. Պոլսում ժամանակի թելադրանքով սկսեց լույս տեսնել մի օրաթերթ, որ պիտի անխափան լիներ իր երթի մեջ, կարճ ընթացքում դառնար պոլսահայ համայնքի առօրյայի անբաժան մասն ու ընկերը: Ինչ խոսք, ստեղծման օրվանից «Ժամանակը» դարձավ ժամանակի շունչը, քայլեց, պատմություն ստեղծեց, վավերագրություն դարձավ և՛ ժամանակի մեջ, և՛ ժամանակից անդին: Միսաք և Սարգիս Գոչունյան եղբայրները, որ Պոլսում հայտնի անհատականություններ էին, հայ կյանքի, թուրքահայ իրականության լավ գիտակներ, հիմնադրեցին մի թերթ, որը ոչ միայն նկարագրում, ներկայացնում էր համայնքի կարևոր իրադարձություններն ու երևույթները, այլև ընթերցողին հաղորդակից դարձնում հայ մտավորականների գրչին ու մտքին»: Անդրադառնալով օրաթերթի ջանքերով հրատարակված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ դժվար է պատկերացնել արևմտահայ գրականությունը առանց այս գրքերի հեղինակներ Վահան Թեքեյանի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Օրհնության խոսքը:

Իր բացման խոսքում ներկաներին ողջունեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը, շեշտելով, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և «Ժամանակ» օրաթերթի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ ու համագործակցություն: Նա բարձր գնահատելով մատենաշարով լույս տեսած գրքերն ու այս առթիվ շնորհակալություն հայտնելով գրքերի խմբագիրներ Սևան Տեյիրմենջյանին ու Գրիգոր Պլըտյանին շե ասաց. «Ժամանակ»ը ոչ միայն հան մամուլլի բացառիկ երևույթներից է, այլ նաև որպես փոքրամասնությունների արտահայտիչը հանդիսացող աշխարհի հնագույն թերթերից մեկը: Եզրափակելով իր խոսքը նա ՀԲԸՄ-ի կողմից «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին հանձնեց հատուկ հուշանվեր ու ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանի շնորհավորագիր:

Հրատարակված 4 գրքերի գրականագիտական արժևորումը կատարեցին գրականագետներ՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը (Վահան Թեքեյանի ցիրուցան էջերից կազմված «Երկու դրախտներ»), ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը (Վահան Թեքեյանի «Կեսարիա»), Երվանդ Տեր-Խաչատրյանը (Երուխանի «Փոքր Ասիոյ մէջ») և Նառա Սարգսյանը (Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ»): Նիստը վարում էր Մատենադարանի տնօրենի պաշտոնակատր Վահան Տեր-Ղևոնդյանը: Երկրորդ՝ «Դարադարձից ի վեր նոր ձեռքբերումները» թեմատիկ նիստի ընթացքում «Ժամանակ» թերթի անցած ուղին բարձր արժևորեցին Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը և հեռուստատեսային վերլուծաբան Գեղամ Մանուկյանը: Շնորհակալություն հայտնելով Տեր Արարատ քահանա Պողոսյանին՝ Վեհափառի օրհնության խոսքը փոխանցելու, Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ սերտ համագործակցության ու աջակցության և ՀԲԸՄ-ին՝ ջերմ ընդունելության ու համագործակցության համար Արա Գոչունյանը նշեց, որ տպագիր մամուլն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, և թերթի խմբագրակազմն ամեն ինչ անում է դրանք հաղթահարելու և ժամանակին համընթաց քայլելու համար: «Կարծում եմ՝ հատկանշական է, որ «Ժամանակ»-ի 110 ամյակը համընկավ Հայաստանի Հանրապետության հռչակման 100 ամյակի հետ: Թերթը մեր արդի պատմության բոլոր իրադարձությունների ականտեսն ու վկան է եղել: Համագործակցենք և առաջ գնանք հանուն հզոր և խաղաղ Հայաստանի»,-նշեց Արա Գոչունյանը:

Շնորհանդեսին ներկա էին մեծ թվով մտավորականներ, «Ժամանակի» գործընկերներ ու բարեկամներ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՆՇՎԵՑ ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 110 ԱՄՅԱԿԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: