ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Դեկտեմբերի 6-ին, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ իրականացվող 2017թ. ասպիրանտական կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը:

Արդեն երրորդ տարին է ՀՀ ԿԳ նախարարության և ՀԲԸՄ-ի ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում կրթաթոշակ է տրամադրվում Մատենադարանի ասպիրանտներին:

Մինչ այժմ ՀԲԸՄ-ի դրամական աջակցությության շնորհիվ Մատենադարանի թվով 29 երիտասարդ գիտաշխատողներ հնարավորություն են ստացել լիարժեք զբաղվել գիտությամբ ու զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները արվեստաբանության, ձեռագրագիտության, պատմության, արխիվացման և այլ բնագավառներում:

ՀԲԸՄ-ի և Մաշտոցյան Մատենադարանի միջև սերտ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, որ վերջին տարիներին էլ ավելի է խորացել և ընդլայնվել Մատենադարանի գիտահետազոտական և հրատարակչական կարևոր ծրագրերի իրագործմամբ: