ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԻԱՆԱԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2017թ. ամառը երկար սպասված էր Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում ապրող 28 ուսանողների համար, ովքեր միացել էին ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրին (YSIP)՝ բովանդակալից վեց շաբաթ անցկացնելով հայրենիքում՝ ձեռք բերելով գործնական մասնագիտական փորձ և բացահայտելով Հայաստանը:

Այս տարի ևս, YSIP-ը շարունակեց ուսանողներին ամենաբարձրակարգ տեղավորումներ և հիանալի փորձառություն առաջարկել Հայաստանի առաջատար այնպիսի կազմակերպություններում և ընկերություններում, ինչպիսիք են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «Արխանգել» ճարտարապետական ստուդիան, Deem Communications ընկերությունը, «Իրավունքի Եվրոպա» միավորումը, Grant Thornton Armenia ընկերությունը, Երեխայի զարգացման միջազգային կենտրոնը, Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, Microsoft Armenia, National Instruments, «Ստորակետ», Synopsys Armenia ընկերությունները, «Վարդանանց» բժշկական կենտրոնը և «Օրրան» հասարակական կազմակերպությունը:

YSIP-ը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներառելով նոր ոլորտներ և գործընկեր կազմակերպություններ: Երկրորդ տարին անընդմեջ, ՀԲԸՄ Տիգրան Քնաջյանի անվան բժշկական կրթաթոշակի շնորհիվ YSIP-ը հյուրընկալեց Քեմբրիջի համալսարանի Քուինս քոլեջի ազգությամբ ոչ հայ ուսանողի, ով լիարժեք ֆինանսավորվող պրակտիկա անցավ Հերացու անվան հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքում:

Մասաչուսեթսի համալսարանի ուսանող Ջորջ Թարաբելսիի համար YSIP-ը առանձնահատուկ հնարավորություն էր: «Պրակտիկան ուսումնական բնույթի էր. այն հնարավորություն ընձեռեց ծանոթանալու տարբեր վիրահատությունների հետ: Որպես ապագա բժիշկ՝ տարբեր բաժանմունքների բժիշկների աշխատանքին հետևելը թույլ տվեց ավելի լավ պատկերացնել, թե ինչ ուղղություն եմ բռնելու բժշկության բնագավառում», - ասաց Ջորջը:

Պրակտիկանտները ոչ միայն հարուստ մասնագիտական փորձ ձեռք բերեցին, այլև հրապուրվեցին հարուստ մշակույթով: Օրեցօր նրանք մի նոր բան էին բացահայտում հայաստանյան կյանքի և պատմության մասին՝ բազմապիսի միջոցառումներով, սկսած արշավներից, դասախոսություններից, հայերենի դասընթացներից ու ազգագրական պարերից մինչև հանդիպումներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: Արցախ և Գյումրի ուղևորությունները հատկապես հիշարժան էին նրանց համար: Արցախում եղած ժամանակ պրակտիկանտներն այցելեցին մանկատուն, երեխաներին նվերներ հանձնեցին և ելույթներ ունեցան առողջ ապրելակերպի մասին: Գյումրիում նրանք միացան տնակներում ապրող մարդկանց համար տներ նախագծող Tuff Armenia կազմակերպության թիմի ջանքերին՝ ավանդական երաժշտական գործիք ընծայելով տեղացի մի դեռահասի:

Մասաչուսեթս Ամհերսթ համալսարանի ուսանող Լուսինե Բոլոյանը խոստովանում է, որ YSIP-ը շատ է օգնել իրեն՝ հայկական մշակույթի մեջ խորասուզվելու հարցում. «Երևանի ամառային փորձառության ծրագրի ընձեռած տարբեր հնարավորությունները օգնեցին աճել զգացմունքային և մշակութային առումով: Ընդամենը վեց շաբաթվա ընթացքում ես Հայաստանին ծանոթացա տարբեր տեսանկյուններից. որպես զբոսաշրջիկ, որպես ուսանող և որպես մասնագետ», - ասաց Լուսինեն:

2007-ին իր մեկնարկից ի վեր ծրագիրը ներգործություն է ունեցել ողջ աշխարհից ներգրավված ավելի քան 230 երիտասարդների կյանքի վրա:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԻԱՆԱԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: